«Այդ «զինվորի սնունդ» հասկացության վերաբերյալ քննարկումները պղծվածության գագաթնակետն են»․ փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այսօր Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ծննդյան տարեդարձն է։ Գեներալն այսօր կդառնար 66 տարեկան։
Արշալույս գյուղի եղբայրական պանթեոնում գեներալին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նրա ընտանիքի անդամները, մարտական ընկերները, քաղաքական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ։
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գեներալը հայրենիքի համար տվել է իր ամենաթանկը և պատգամ է թողել՝ հայի դեմ հայ թշնամի չունենալ, ինչը, ցավոք, այսօր չի կատարվում․
«Պատերազմի օրերին Մանվել Գրիգորյանի հետ Արցախում էին տղան, անչափահաս թոռը՝ Մանվել անունը կրող, մյուս թոռը, որը գեներալի թոռ լինելով հանդերձ՝ ծառայություն էր իրականացնում Արցախում։ Այս բոլոր տղաներն էլ հնարավորություն են ունեցել ծառայությունից խուսափել, կամ տաքուկ տեղերում ծառայություն իրականացնել, բայց Մանվել Գրիգորյանը․․․
Այդ օրերին, երբ Շուշիի եկեղեցին գնդակոծվում էր, Նազիկ Ամիրյանը մարտական գործողության էր մասնակցում՝ ավտոմատը ձեռքին։ Այսօր այս մարդկանց ավանդը չգնահատել, չհասկանալ, նշանակում է՝ գնալ հայրենիքը կորցնելու ճանապարհով։
Մանվել Գրիգորյանի համար մեծ հարվածն այն եղավ, երբ մենք նոյեմբերի 10-ի լուրը տվեցինք, դրանից հետո նա գիտակցության չեկավ․․․»։
Անդրադառնալով 2018 թվականին Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքներին, փաստաբանը նշեց․
«Քրեական գործերի վերաբերյալ այն պղծված, այլասերված անձնավորությունները, որոնք շարունակել կամ շարունակում են պնդել, թե Մանվել Գրիգորյանը կարող է մեղադրվել, կամ անգամ բարձրաձայնեն այդ մեղադրանքը, հայ չե՛ն։ Ընդհանրապես այդ՝ «զինվորի սնունդ» հասկացության վերաբերյալ քննարկումները պղծվածության գագաթնակետն են։ Պետք է լինել թուրք, փչացած, անասուն, որ այդ մեղադրանքի ոչ սնանկ լինելու մասին այլ հայտարարություններ անել, էլ չեմ ասում՝ դատարանում քննարկել։ Ես վստահ եմ, անգամ չեմ էլ կասկածում, որ՝ անկախ նրանից, թե դատավոր կփոխվի, չի փոխվի, բացառվում է, որ մեղադրական դատական ակտ կայացվի․ անգամ այս իշխանությունների օրոք․․․»։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թվականին, նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարացել էր, վիճակն առավել վատացել էր հատկապես Արցախը հանձնելու մասին լուրին տեղեկանալուց հետո։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին գեներալ-լեյտենանտը մահացել է հիվանդանոցում:
Նշենք նաև, որ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացման համար):
Օրենքի ուժով, երբ անձը մահանում է, գործը կարճվում է, բայց հաշվի առնելով գործի հնչեղությունը՝ պաշտպանական կողմը միջնորդել է, որպեսզի գործը քննվի մինչև վերջ՝ արդարացման հիմքով։