«Մանվել Գրիգորյանի գործով այն միֆը, որը լիազոր մարմինները գոռում էին, փուչիկի նման պայթել է». Լևոն Բաղդասարյան
ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը փետրվարից կշարունակվեն։ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Դատական նիստերը վերսկսելու են, փետրվարին նշանակվել է դատական նիստ, ինտենսիվ ֆիքսված օրեր կան, այդ օրերին դատարանն իրականացնում է նիստեր։ Այս պահին մենք հանգրվանել ենք վկաների քննության փուլում, տեսնենք՝ հետո ինչպես կլինի։ Այս պահին դժվարանում եմ ասել, թե քանի վկա է ցուցմունք տվել, բայց մեկ բան հաստատ է՝ Մանվել Գրիգորյանի գործով այն միֆը, որը լիազոր մարմինները գոռում էին, փուչիկի նման պայթել է։ Մեկ օրինակ բերեմ՝ դատական նիստերի ժամանակ ի հայտ եկավ այն հանգամանքը, որ այդ զինվորի «տուշոնկան» սահմանամերձ շրջանից բերել են պանսիոնատ, այնտեղ «գեղարվեստականորեն» նկարել են և ներկայացրել են, թե Մանվել Գրիգորյանի տանն են հայտնաբերել։ Նման բաներ են ի հայտ գալիս՝ իր բոլոր իրավական հետևանքներով»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։
Ըստ փաստաբանի, օրենքի ուժով, երբ անձը մահանում է, գործը կարճվում է, հաշվի առնելով գործի հնչեղությունը՝ պաշտպանական կողմը միջնորդել է, որպեսզի գործը քննվի մինչև վերջ՝ արդարացման հիմքով։
«Լիահույս եմ, որ գործը կքննվի, և շատ ու շատ հարցերի պատասխաներ կտրվեն»,- շեշտեց նա։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թվականին, նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարացել էր, վիճակն առավել վատացել էր հատկապես Արցախը հանձնելու մասին լուրին տեղեկանալուց հետո։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին գեներալ-լեյտենանտը մահացել է հիվանդանոցում:
Հիշեցնենք նաև՝ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացման համար):