
1918 թվականի Բաքվի հայերի ցեղասպանությունը՝ գերմանացիների և բրիտանացիների աչքի առաջ

1918 թվականի սեպտեմբերին թուրքական զորքերը գրավեցին Բաքուն: Քաղաքի պաշտպանությանը մասնակցել են նաև հայերը:
Բաքվի պաշտպանության կազմակերպիչներից էր նաև գեներալ, ռազմական և քաղաքական գործիչ Հակոբ Բագրատունին, ով եղել է ռուսական բանակի սպա, մասնակցել է առաջին աշխարհամարտին և մեծ գործունեություն է ծավալել Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանում:
Հակոբ Բագրատունին նկատել է, որ քաղաքի հայության բնաջնջումից հետո կամաց-կամաց իրականացվելու է նաև Արցախի և Հայաստանի մյուս շրջանների հայերի տարածքային և ֆիզիկական ոչնչացում.
«Ինձ համար այլևս պարզ էր, որ գրավելով Բաքուն թուրքերը հետևողականորեն կանդրադառնան բնաջնջումից զերծ մնացած հայկական վերջին շրջաններին՝ Ղարաբաղին և Երևանին, որը կնշանակի մեր ժողովրդի ֆիզիկական կործանում, լրիվ վերացում»։ (Ստեփանյան Գ., «Հայերի էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության իրագործման փուլերը Արևելյան Այսրկովկասում (XI-XXդդ.), (մաս 3-րդ), Երևան, 2022, էջ 51):
Փաստերը ցույց են տալիս, որ թուրք-թաթարական հրոսակների կողմից նախապես ծրագրված էր, որ քաղաքի գրավումից հետո պետք է տեղի ունենան հայերի կոտորածները: Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը սկսվում է քաղաքի գրավումը, քաղաքից փախչում են բրիտանական զորքերը: Քաղաքի գրավումից հետո զինվորականները զինաթափում են բնակիչներին, հաստատում են պարետային ժամ և կեղծ հայտարարություններով հանդես գալիս, որ բնակչության կողմից հանդարտության դեպքում ոչինչ տեղի չի ունենա նրանց հետ:
Թուրք-թաթարական հրոսակներն իրագործում են իրենց ավանդական մեթոդը՝ զինաթափումից հետո խոստանալով խաղաղություն, բայց իրականացնելով կոտորած:
Սեպտեմբերի 16-ից սկսվում է Բաքվի հայերի կոտորածները: Այդ մասին մանրամասն պատմում է պետական գործիչ Սերգեյ Մելիք Յոլչյանը 1925 թվականին Բոստոնի «Հայրենիք» թերթում տպագրված «Բաքվի հերոսամարտը» հոդվածում.
«Տաջիկ հրամանատարության հետ միասին քաղաք մտավ Գանձակում վաղուց կազմված Ադրբեջանի նոր կառավարությունը՝ Խան-Խոյսկու գլխավորությամբ… Մտավ քաղաք և Ադրբեջանի գրգռված ու գազանացած տասնյակ հազարավոր թրքությունը, որը գիշատիչ Բեյբութ աղա Ջևանշիրի կարգադրությամբ ու Խան-Խոյսկու թույլտվությամբ սկսեց կողոպտել ու կոտորել անզեն հայերը: Չորս օր անդադար Ադրբեջանի խուժանը և տաջիկ զինվորությունը, իր հրամանատարության և գերման զինվորության աչքերի առաջ, կոտորում էին խեղճ ու անմեղ հայերին, չխնայելով փոքր ու մեծին, կին թե տղամարդու, տղային կամ աղջկա: Կոտորեցին մոտ տասնյոթ հազար հոգի ու թալանեցին ամբողջ հայության գույքը, որի արժեքը միայն Բաքվում կհասներ մի միլիարդ ռուբլի ոսկու»։ («Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1925, N 11, էջ 70-71):
Քաղաքի հայերից կարողացան փրկվել միայն նրանք, ովքեր թաքնվել էին հրեաների և պարսիկների տներում: Չորս օր տևած կոտորածներից հետո հինգերորդ օրը տեղի է ունենում հայ մտավորականների և քաղաքական գործիչների սպանդը և աքսորը: Հայերի սպանդը իրականացվում էր ամենադաժան և անմարդկային ձևով.
«Հայտնի հայ մտավորականներ անգամ ենթարկվել էին ամենադաժան տանջանքների: Դահիճները այրել կամ ծակոտել էին նրանց մարմինները, լծել էին սայլերին և քշել փողոցներով, ծեծելով ու հայհոյելով նրանց, նստեցրել էին ցցերի վրա՝ մինչև որ շունչերը փչել էին»: (Նույն տեղում՝ էջ 71):
Հայերի սպանդից հետո թուրք-թաթարական հրոսակներն իրականացրեցին մեծ թալան, հայերի ունեցվածքը տեղափոխվեց այլ վայր.
«Այդ գործում տաջիկները գերազանցեցին տեղացի թուրքերին: Բոլոր թանկարժեք իրերը՝ մանուֆակտուրա, կոշիկեղեն, արծաթեղեն, ոսկեղեն, դաշնամուրները, զանազան կահկարասիներ, գորգեղեն և այլն, բարձեցին երկաթուղու գնացքները և ուղարկեցին Տաճկաստան, թողնելով տեղացիներին ավելի նվազ արժեքավոր իրերը: Տարված ապրանքների մեկ որոշ մասը աճուրդի հանվեց Գանձակում և ուրիշ քաղաքներում ու գյուղերում»: (Նույն տեղում՝ էջ 71):
Բաքվում տեղի ունեցած կոտորածների մասին կան մի շարք վիճակագրական տվյալներ: Բաքվի Հայոց ազգային խորհրդի կատարած ցուցակագրությունը տալիս է հետևյալ վիճակագրությունը.
«Բաքվի հայությունն ունեցել էր. սպանվածներ՝ 5248, անհայտացածներ` 3572, գերեվարվածներ` 3396, առևանգվածներ` 571, բռնաբարվածներ` 288, բանտարկվածներ՝ 253 հոգի: Բայց կային այնպիսինները, որոնք բնավ ցուցակների մեջ չէին մտել և հաշվի չէին առնվել: Անշուշտ, այդպիսինները կազմում էին պակաս թիվ, քան վերը նշվածները: Այսպես՝ ըստ Բ. Իշխանյանի՝ Բաքվում, նրա արվարձաններում և փախստավայրերում Բաքվի 89541 շնչից բաղկացած հայությունը մի քանի շաբաթների ընթացքում ունեցել է 25465 զոհ, որը կազմում էր հայ ազգաբնակչության 28.55%: Իսկ Բաքվի հայության կրած գույքային կորուստը հասնում էր ամբողջ 945 միլիոն ռուբլի գումարի»: (Տե՛ս՝ Հայերի կոտորածը Բաքվում 1918 թվականին):
Տարբեր տվյալներով ջարդերի հետևանքով զոհվածների թիվը հասնում է 10-30 հազարի: Սերգեյ Մելիք Յոլչյանն իր հերթին նշում է այս թվերը.
«Շրջանների կոտորածների թիվը մոտավորապես հասնում է հինգ-վեց հազարի, իսկ հայության կորուստը տարագրության ու գաղթականության ընթացքում կազմում է մոտ քսանհինգ հազարի և ընդհանրապես Բաքվի նահանգի հայության կորուստը հասնում է հիսուն հազարի»: («Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1925, N 11, էջ 71):
Ներկայացնելով Բաքվի հայերի կոտորածների մանրամասները, քաղաքական գործիչ Սերգեյ Մելիք Յոլչյանն իր խոսքը եզրափակում է այսպես.
«Այսպես սկսեց իր պետական կյանքը նորածին Ադրբեջանը»:
Եվ ցավալիորեն այդպես էլ շարունակում է մինչ օրս…
Զ. Շուշեցի