ՊՆ-ն տեղյակ չէ, Փաշինյանն ավելին չի ցանկանում ասել. գեներալի կոչումի խնդրանքով նամակն իրակա՞ն է, թե՞…

Մարտի 28-ին «Ֆրանսիական «Պատվո լեգեոնն»՝ ընդդեմ թյուրքական «Ոսկե արծվի». Փաշինյանի «սիրուն նամակը»՝ հարված Պապիկյանի՞ն» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ անդրադարձել ենք նաև «սիրուն նամակների» շարքից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հետևյալ գրառմանը.
«Այսպիսի սիրուն նամակ:

Բարև Ձեզ պարոն Վարչապետ, խնդրում եմ Ձեր միջնորդությունը դիտարկելու ինձ հերթական կոչում (գեներալ-մայոր) շնորհելու խնդրանքը։ Կոչումով գնդապետ եմ։

Կանխավ շնորհակալ եմ»:


Մենք մեր հոդվածում նշել էինք, որ նամակի իրական լինել-չլինելը դեռ պետք է պարզել, և ամեն դեպքում, ներկայացրել էինք զինվորական կոչումների շնորհման կարգը: Միաժամանակ, Փաշինյանի համապատասխան գրառման տակ առաջարկել էինք հանրայնացնել նամակը և այն գրողի ինքնությունը: Նույն հարցով հրապարակավ դիմել էինք ՀՀ պաշտպանության նախարարին:

Կարդացեք նաև

Ի դեպ, մենք շատ լավ տեղյալ ենք անձնական տվյալների գաղտնիության մասին, հարգել ենք այն և նույնկերպ շարունակելու ենք, բայց տվյալ դեպքում արդեն գործ ունենք պետական ինստիտուտի կամ հենց բանակի վարկաբեկման, պետական մարմնի լիազորությունների շրջանցման փաստի հետ, ինչն իբրև թույլ է տվել նույն գնդապետը, և որը հանրայնացրել է Նիկոլ Փաշինյանը: Եվ սա՝ անկախ նրանից՝ նամակն իրակա՞ն է, թե՞ ոչ:

Ինչևէ, բացի գրառման տակ մեկնաբանություն-առաջարկ թողնելուց, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից փորձել ենք պարզել՝ ո՞ր ուժային կառույցից է նամակի հեղինակը՝ առանց ինքնության մասին տվյալներ հայցելու:

«Ես վարչապետի հետ խոսեցի, նա ասաց, որ հրապարակվածից ավելի որևէ բան չի կարող փոխանցել, որովհետև նամակագրի համաձայնությունը չունենք, որ ընդհուպ ոլորտը նշենք»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց Բաղդասարյանը, թեև մենք գրողի ինքնության մասին որևէ տվյալ չէինք խնդրել, և ընդամենը պետք էր ասել՝ ո՞ր կառույցում է ծառայում նամակի հեղինակը, ի վերջո, նամակը գեներալի կոչման խնդրանքով հանրայնացվե՞լ է, չէ՞, ցույց է տրվել, որ ուժային կառույցում գնդապետը կարող է իր անմիջական վերադասի լիազորությունն ու կարգավիճակը շրջանցել և նախընտրական շրջանում նման նամակ հասցեագրել երկրի վարչապետին: Ինչ է ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը գրողի համաձայնությունը ստացե՞լ է, որ թեկուզև անանուն նման «սիրուն նամակի» մասին գրառում է արել՝ հարվածելով այս կամ այն ուժային կառույցի և այն ղեկավարողի հեղինակությանը, թե՞ նման նամակ գոյություն էլ չունի:

Իսկ եթե ընդունենք, որ նման նամակ գոյություն ունի, ապա ո՞վ գիտի՝ գուցե Նիկոլ Փաշինյանը որոշի մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, այսինքն՝ ԱԺ ընտրություններից օրեր առաջ նամակի գնդապետի խնդրանքն իրականությո՞ւն դարձնել:

Իսկ մենք պարզաբանման համար դիմել ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«Պաշտպանության նախարարությունը նշված հարցադրման վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում»,- մեզ հետ զրույցում նշեց Սուրեն Պապիկյանի խոսնակ Արամ Թորոսյանը:

Իսկ մենք միշտ հետամուտ ենք լինելու նման «փոքր» դրվագների, ի վերջո, ՀՀ գործող իշխանություններն են ասել, որ նման դեպքերում իրենցից ճշտումներ անենք… 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031