Նշվել են շաքարախտի առաջացման հիմնական պատճառները
Շաքարախտն առաջանում է, երբ արյան մեջ չափազանց շատ շաքար կա, որը նաեւ կոչվում է գլյուկոզա: Սովորաբար, երբ ձեր մարմինը մարսում է սնունդը, շաքարը մտնում է արյան մեջ, այնուհետեւ բջիջներ, որտեղ այն ծառայում է որպես վառելիք այդ բջիջների համար: Շաքարը բջիջներ է մտնում ինսուլին հորմոնի օգնությամբ։ Ուտելու ընթացքում ենթաստամոքսային գեղձը ինսուլին է արտազատում արյան մեջ։ Երբ ինսուլինը շրջանառվում է արյան մեջ, այն թույլ է տալիս շաքարին մտնել բջիջներ եւ նվազեցնում է արյան մեջ շաքարի քանակը։ Շաքարային դիաբետով եւ նախադիաբետով տառապող մարդկանց մոտ այս գործընթացը տարբերվում է: Բջիջները սնուցելու փոխարեն շաքարն արյան մեջ է կուտակվում։ Շաքարախտի հիմնական պատճառների մասին Eat This, Not That! կայքին պատմել են փորձագետները։
Համաձայն վերջին հետազոտությունների՝ COVID-19-ով վարակված մարդկանց մոտ մեկ տարի անց շաքարախտի զարգացման հավանականությունը 40 տոկոսով ավելի է։ «Հիմնական հարցն այն է, թե արդյոք կապ կա վիրուսային վարակի հետ, թե կորոնավիրուսի հետեւանքով առաջացած հիվանդությունը պարզապես ավելի շուտ է ի հայտ բերում շաքարախտը, քան այն կարող էր ի հայտ գալ հակառակ դեպքում»,- ասում է բժիշկ Քեթլին Ուայնը:
Հետազոտողները պարզել են, որ մրգերից, ընդեղենից, ընկուզեղենից, բանջարեղենից եւ ամբողջահատիկներից կազմված դիետան օգնում է կանխել շաքարախտը, մինչդեռ այն մարդիկ, որոնք ուտում են զտված հացահատիկ եւ չափազանց շատ շաքար, ավելի հակված են 2-րդ տիպի շաքարախտի առաջացման, նշում է բժշկական գիտությունների դոկտոր Ռոբերտ Շմերլինգը:
Մասնագետների կարծիքով՝ ֆիզիկական վարժությունները կարեւոր դեր են խաղում շաքարախտի կանխարգելման գործում։ Շաքարային դիաբետով տառապող կանանց մոտ, որոնք շաբաթական առնվազն չորս ժամ են հատկացնում չափավոր ֆիզիկական վարժություններին, սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը 40 տոկոսով ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր չեն զբաղվել սպորտով:
Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր օրվա ընթացքում երկար ժամանակ նստած են անցկացնում, ինսուլինի դիմադրության եւ շաքարախտի զարգացման ավելի մեծ ռիսկի են ենթարկված:
Ավելորդ քաշը կամ ճարպակալումը ինսուլինի դիմադրության եւ շաքարախտի զարգացման հիմնական գործոններից են: Ավելորդ ճարպի եւ շաքարախտի միջեւ կապն այնքան ուժեղ է, որ այն հանգեցրել է նոր՝ «դիաբետիկ ճարպակալում» տերմինի առաջացմանը, ասում են մասնագետները։