Էլ ի՞նչ պիտի անի կարմիրբերետավորը, որ ոստիկանապետի տեղակալի աչքում դա համարվի բռնություն

Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին լրագրողների կողմից հարց ուղղվեց՝ կհաստատե՞ք կամ կհերքե՞ք այն տեղեկությունը, որ ընդդիմության ակցիաների ժամանակ քաղաքացուն խեղդելու դրվագով հայտնի ոստիկանը խրախուսվել է, ունեցել է կոչումի բարձրացում:

Խոսքն այս հայտնի լուսանկարի մեջ պատկերված ոստիկանի մասին է, որի տեսանյութերը բազմիցս ներկայացվել են: Արա Ֆիդանյանը նախ ասաց, որ լրագրողի հարցի մեջ մեղադրանք կար, և պետք է ավելի հստակ ձևակերպել հարցը:

«Ասում եք՝ «բռնություն գործադրած»… Բռնություն գործադրելու վերաբերյալ պետք է լինի դատարանի համապատասխան որոշում»,- ասաց Ֆիդանյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե համացանցում կան կադրերը՝ ինչպես է ոստիկանը խեղդում քաղաքացուն, Արա Ֆիդանյանն ասաց, որ ինքն ամեն անգամ բախվում է այն հարցին, որ «մենք ֆիքսում ենք այն մասը, որ մեզ «պետք է»:

Իրականում բազմաթիվ դիտանկյուններից արված լուսանկարները բոլորովին չեն խոսում այն մասին, որ մենք ֆիքսում ենք մեզ պետք եղած մասը:

«Կոնկրետ անձանց մասին, թե ովքեր են պաշտոնի կամ կոչումի բարձրացման արժանացել, կարող եք հարցում ուղարկել, մենք անպայման կպատասխանենք, սակայն նման առանձնահատուկ մոտեցում, ինչպես որոշ ԶԼՄ-ներ թմբկահարում են, գոյություն չունի»,- ասաց ոստիկանության պետի տեղակալը՝ այդպես էլ չպատասխանելով՝ ի վերջո, նշված ոստիկանը կոչումի բարձրացում ստացե՞լ է, թե՞ ոչ:

Ավելին, Արա Ֆիդանյանը հակընդդեմ հարցն ուղղեց՝ իսկ դուք տեսե՞լ եք՝ դրանից առաջ ինչ է տեղի ունեցել, ես տեսել եմ:

«Ոստիկանի արարքի իրավաչափությունը կորոշվի դատարանի կողմից»,- ասաց ոստիկանության պետի տեղակալը:

Արձանագրենք, որ փոխոստիկանապետի համար առնվազն բացատրելի, եթե ոչ արդարացնող էր ոստիկանի վարքագիծը, քանի որ նրա համար էական նշանակություն ուներ՝ ինչ է տեղի ունեցել դրանից առաջ:

Միայն թե Արա Ֆիդանյանը մի բան հաշվի չի առել: Ցանկացած ակցիայի մասնակցի վերաբերյալ, ով անգամ ոստիկանի կողքով անցել է, քրեական վարույթ է նախաձեռնվել: Այդ ինչպե՞ս եղավ, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացու նկատմամբ (որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր որևէ կերպ փորձել հասկանալ ոստիկանի վարքագիծը) որևէ իրավական գործընթաց չսկսվեց:

Այնուամենայնիվ, Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ ոստիկանության կողմից բողոքի ակցիաների ընթացքում արձանագրված դեպքերի հիման վրա մոտ 80 ծառայողական քննություն է իրականացվել, որոնցից կեսից ավելին այս պահին կասեցվել է, որովհետև հարուցվել են քրեական գործեր, իսկ քրեական գործերի վարույթը ոստիկանությունը չէ, որ իրականացնում է:

Ոստիկանության պետի տեղակալը, իհարկե, կրկին պնդեց՝ ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները եղել են համաչափ:

«Այո, եղել են դեպքեր, երբ որոշակի խնդիրներ, այդուհանդերձ, առաջացել են: Իդեալական ծառայություն նման մասշտաբների հնարավոր չէր իրականացնել, բայց կրկնեմ՝ գրեթե իդեալական ծառայություն է իրականացվել: Հատուկ միջոց ընդամենը մեկ անգամ է կիրառվել»,- ասաց Արա Ֆիդանյանը՝ լրագրողներին խորհուրդ տալով հետևել առաջատար երկրների փորձերին, թե ինչպես են նրանք վարվում նման իրավիճակներում, որից հետո նոր մեղադրել ՀՀ ոստիկանությանը:

Արա Ֆիդանյանը նաև ասաց, որ ուսումնասիրություն է կատարվում հունիսի 3-ի դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ կիրառելիս ոստիկանների վիրավորվելու հանգամանքի հետ կապված, որից հետո ամփոփ կներկայացնեն՝ ինչ արդյունքներ են արձանագրվել:

Տեսանյութեր

Լրահոս