Արցախում կբացվի տեխնոդպրոց
Գյումրիում անցկացվող Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում հայտարարվեց՝ այս տարվա ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված 29-ամյա Սոնա Մնացականյանի՝ Արցախում տեխնոդպրոց բացելու կիսատ մնացած երազանքը պարտադիր կյանքի կկոչվի։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Գյումրիում Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում հայտարարեց Instigate mobile-ի ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը՝ տեղեկացնելով, որ այս նպատակի համար «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպության (www.supportourheroes.am) հետ համատեղ իրականացվում է «Թևեր» դրամահավաքը ՝ կյանքի կոչելու Սոնա Մնացականյանի կիսատ թողնված երազանքը։ «Սոնան ուներ ծրագրեր, որոնց մի մասին մենք ծանոթ էինք, մի մասին, ցավոք, ոչ: Վերջին կարևոր ծրագրերից մեկը Արցախում տեխնոդպրոցն էր՝ իր կողմից մշակված կրթական ծրագրով»,- նշեց Սպարտակ Կյուրեղյանը:
«Թևեր»-ը Սոնայի մշակած ծրագիրн է, որի գաղափարն է գյուղական համայնքներում միասնական ՏՏ կենտրոններ ստեղծելը։
«Տեխնոդպրոցի ծրագիրը շարունակվում է, և մենք պարտավոր ենք անել այնպես, որ այդ գործն իրականանա։ Այդ առիթով մենք նախաձեռնել ենք դրամահավաք, որպեսզի իրականացնենք այն երազանքները և նպատակները, որ Սոնան ուներ»,- ասաց Սպարտակ Կյուրեղյանը` հիշեցնելով, որ անցած տարի անցկացված տեխնոշաբաթի շրջանակներում կրկին ունեցել են դրամահավաք, որի արդյունքում Կարմիր շուկայում հիմնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։
«Թևեր»-ի անդրանիկ կենտրոնը, որը բացվելու է Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում, անվանակոչվելու է ի հիշատակ Սոնա Մնացականյանի։
Կենտրոնի ծրագրի կայացման համար անհրաժեշտ է ընդհանուր $107,000-ին համարժեք ՀՀ դրամ, որի մի մասն արդեն տարբեր հանգանակությունների շնորհիվ հավաքվել է։
Tech Week Gyumri 2022֊ի շրջանակներում կազմակերպվում է դրամահավաք, որի շրջանակներում նախատեսվում է հավաքել $25.000:
Հիշեցնենք, որ բացի դրամահավաքին գումար փոխանցելուց, հնարավորություն կա մասնակցելու նաև Գյումրի և Երևան քաղաքներում կազմակերպված ggRace-ին։ Պատվերներից ստացված հասույթը ևս կփոխանցվի Արցախի «Թևեր» նախագծին:
Նշենք, որ Սոնան անցած տարի Արցախում կազմակերպված Tech Week 2021-ի ակտիվ մասնակիցներից էր ու խոսնակ։