«Զբոսաշրջիկների այցն Արցախ կարևոր է առաջին հերթին հումանիտար խնդիրները լուծելու համար. եթե կարողանան գնալ, սա կլինի խաղաղապահ առաքելության հայելին». Մեխակ Ապրեսյան

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է զբոսաշրջության ոլորտի այս տարվա առաջին եռամսյակի տվյալները։

168.am-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ ըստ այդ տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, այս տարի այցելությունների աճ է գրանցվել։

«249 հազարից մի փոքր ավելին է՝ մոտ 250 հազար այցելություն է եղել՝ ներգնա զբոսաշրջային այցելություններ։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ 2,9 անգամ ավելի է։ Սակայն 2020 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին դեռ չի հասել։ 2020 թվականի առաջին եռամսյակում 306-307 հազար այցելություն ենք ունեցել, այդ տարվա առաջին եռամսյակում դեռ կորոնավիրուս չկար, մարտի կեսերից հայտարարվեց կարանտին, ամեն ինչ փակվեց, ինչն էլ խոչընդոտեց զբոսաշրջության զարգացմանը։

Ընդհանուր առմամբ, փորձագիտական գնահատականով ոլորտում աշխուժացում, վերականգնման գործընթացներ նկատվում են։ Բայց, ցավոք, այդ այցելությունների ակտիվությունը հիմնականում անհատական այցելուների շրջանակներում է, դեռևս կազմակերպված զբոսաշրջությունը չի մտել կայուն վերականգնման գործընթացի մեջ»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան հիմնականում գալիս են Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից,  Եվրոպայից և Միացյալ Նահանգներից, սակայն զբոսաշրջիկների թիվը մեծ չէ, քանի որ նշված երկրներից Հայաստան էին գալիս հիմնականում կազմակերպված զբոսաշրջությամբ։

Թե ո՞ր վայրերն են նախընտրում գնալ զբոսաշրջիկները, Մեխակ Ապրեսյանը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով, որ Հայաստանում, այդ թվում՝ Արցախում, բոլոր վայրերն էլ գեղեցիկ են և բոլոր վայրերն էլ զբոսաշրջիկների համար նախընտրելի են ու հետաքրքիր։

Ինչ վերաբերում է Հայաստան եկող զբոսաշրջիկների կողմից Արցախի հանդեպ ցուցաբերվող հետաքրքրություններին,  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը փոխանցեց, որ Արցախը զբոսաշրջության համար շարունակում է  կարևոր վայր մնալ, և ամեն ինչ պետք է անել, որ Արցախում այդ ոլորտն ակտիվանա։

«Ցավոք, այս պահին կանխատեսելի է, որ ՌԴ ու Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել Արցախ, այլ երկրներից այցելությունները, այսպես ասած՝ կանխատեսելի չեն, նրանք կարող են գալ Հայաստան, բայց ինչ-ինչ պատճառներով նրանց մուտքը Արցախ չթույլատրվի։ Սա խնդիր է, և մեկ անգամ չէ, որ մենք այս խնդիրը բարձրացրել ենք։ Դիմել ենք խնդրանքով, հորդորով, առաջարկով ՌԴ մեր գործընկերներին, Արցախում խաղաղապահ առաքելությանը, որպեսզի ապահովեն զբոսաշրջիկների անխափան, կանխատեսելի ազատ մուտքն Արցախ։ Զբոսաշրջիկների այցն Արցախ կարևոր է առաջին հերթին այնտեղ հումանիտար խնդիրները լուծելու համար։ Ցանկացած տեղ հումանիտար խնդիրները լուծելու ամենահզոր գործիքը զբոսաշրջությունն է, այն տնտեսապես, սոցիալապես, մշակութային առումով և մշակութային ժառանգությունը պահպանելու հզոր գործիք է։ Մյուս կողմից, եթե Արցախ կարողանան գնալ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, սա խաղաղապահ առաքելության հայելին կլինի, որովհետև եթե այնտեղ կա զբոսաշրջություն, նշանակում է՝ կա անվտանգություն, և նշանակում է՝ խաղաղապահ ուժերն իրենց աշխատանքը շատ լավ են իրականացնում։ Հետևաբար՝ կարծում եմ՝ բոլորին ձեռնտու է, որպեսզի մենք այնտեղ ապահովենք անխափան զբոսաշրջություն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ասաց,  որ եթե կարողանան  վերականգնել զբոսաշրջիկների մոտ այն վստահությունը, որ այցելելով Հայաստան՝ կարող են գնալ նաև Արցախ, ապա այդ դեպքում Արցախ այցելել ցանկացող զբոսաշրջիկների թիվը կտրուկ կմեծանա։

«Սակայն, այժմ այն վիճակն է, որ զբոսաշրջիկները համոզված չեն, որ կկարողանան գնալ Արցախ։ Իսկ եթե գնան և գնալուց հետո՝ արձագանքներով երևա, որ Արցախում անվտանգ է,  ապա Արցախում զբոսաշրջության ոլորտում կունենանք ցանկալի արդյունք, ինչը շատ կարևոր է բոլորիս համար»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս