Ձեռքերով ու գլխով հենված սյուներին, որպես մեր ազգի, մշակույթի սյուներից մեկը. Օհան Դուրյանի կիսանդրին ցույց է տալիս նրա հոգեկան ներքին պոռթկումը
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում 45 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին տեղադրելու մասին որոշումը:
Նիստին ներկա էր նաև քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը:
«Գլուխն է հիմնականը և երկու ձեռքը՝ տարբեր իրավիճակներում: Ցույց է տալիս իր հոգեկան ներքին պոռթկումը: Փոքրուց սիրել եմ Օհան Դուրյանին՝ իր կերպարի, արվեստագետ, արտիստ լինելու համար: Արել եմ էսքիզ, որը փոքր է, շատ բան չի կարող ցույց տալ: Ձեռքերով ու գլխով է, հենված սյուներին, ու ինքն էլ մեր ազգի, մշակույթի սյուներից մեկն է: Աշխատելու եմ ցույց տալ, որ նա հանճարեղ դիրիժոր է: Անելու եմ նատուրալ քանդակ՝ կավից, հետո ձուլվելու է բրոնզից, տակը լինելու են բազալտից սյուներ: Բրոնզից լինելու են ձեռքերը, գլուխը»,- մանրամասնեց Գետիկ Բաղդասարյանը:
«Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանն էլ հետաքրքրվեց, թե ինչու չկա դիրիժորական փայտիկը Օհան Դուրյանի ձեռքում: Ստեղծված հանձնաժողովի ներկայացուցիչ Վահան Վարդապետյանը պարզաբանեց՝ հղում կատարելով անվանի դիրիժորին. «Դիրիժոր ասելով՝ շատերը հասկանում են դիրիժորական փայտիկ: Բայց Օհան Դուրյանի դեպքում այդ փայտիկը միշտ բացակայել է, ու ինքը մի հետաքրքիր բացատրություն ուներ. «Ավելի լավ է պարտիտուրն ունենաս գլխիդ մեջ, քան գլուխդ մտցնես պարտիտուրի մեջ»: Այսինքն, ամեն ինչ պետք է անգիր իմանաս, որ վերապրես»:
Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ պատմեց մի փոքրիկ դրվագ՝ իր և Օհան Դուրյանի հետ հանդիպումից:
«Հանրային հեռուստաընկերությունում ինձ վստահվեց հարցազրույց անել մեծանուն հայի հետ: Ինձ զգուշացրեցին, որ վարպետը վատ տրամադրություն ունի, շատ զգույշ պետք է լինեմ խոսքի ընտրության և այլ հարցերում, քանի որ կարող է կեսից վեր կենալ ու գնալ: Մոտեցա Օհան Դուրյանին, ասացի, որ իմ առաջին հարցազրույցն է, և իրենից ահավոր վախենում եմ և աղաչում եմ, որ նա կեսից չգնա: Մաեստրոն ծիծաղեց, բռնեց ձեռքս ու ասաց, թե՝ մի անհանգստացիր, ամեն ինչ լավ է լինելու: Հարցազրույցում՝ առաջին հարցս, թե՝ ինչպե՞ս եք, վարպետ, Օհան Դուրյանը պատասխանեց. «Ֆիզիկապես թեպետև առողջ եմ, բայց թևերս կտրված են»: Ու, տեսնելով կիսանդրին՝ ես առաջինը մաեստրոյի բառերը հիշեցի»,- պատմեց Իզաբելլա Աբգարյանը: