«Հնարավոր է, որ Չալաբյանն ազատության մեջ հայտնվի իրավունքի ուժով այն ժամանակ, երբ Բերձորում ծածանվի Ադրբեջանի դրոշը․․․»․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հանրային գործիչ Էդգար Ղազարյանն անդրադառնալով «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին՝ նկատեց՝ դրանք հիմնազուրկ և դատարկ են, մյուս կողմից անկհայտ է, թե ինչքան հարուստ է դրա քաղաքական բաղադրիչը․

«Վստահ կարելի է ասել, որ Ավետիք Չալաբյանը և նրա կարգի գործիչները պարզապես վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար։ Եվ հատկապես այս ժամանակաշրջանում, երբ իրականացվում են ակտիվ քաղաքական գործողություններ, անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու համար, Ավետիք Չալաբյանը և նրա տիպի գործիչները դառնում են շատ ավելի վտանգավոր, և հատկապես այդ շրջանում էր անհրաժեշտ անհիմն, դատարկ գործերով չեզոքացնել նրան հասարակական կյանքից։

Մյուս կողմից՝ ես ունեմ համոզմունք, որ Ավետիք Չալաբյանին Նիկոլ Փաշինյանը ձերբակալել և կալանավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով կամ ցանկությամբ, որովհետև Ավետիք Չալաբյանը հատկապես վերջին ժամանակաշրջանի իր գործունեությամբ, իր ուսումնասիրությունների և հրապարախոսական առանցքում պահում էր Արցախի անվտանգության խնդիրները։ Հատկապես վերջին շրջանում Փառուխում՝ Քարագլխում տեղի ունեցող իրադարձությունները, Արցախի պաշտպանության բանակը լուծարելու գործընթացը, որն ըստ էության ավարտին կհասցվի արդեն իսկ մեկնարկած ամառային զորակոչի ընթացքում, որով Արցախի պաշտպանության բանակը միայն զորացրում է։ Ավետիք Չալաբյանի ուսումնասիրությունները, փորձագիտական վերլուծություններն առավելապես վերաբերում էին և՛ Հայաստանի, և՛ Արցախի անվտանգային հարցերին։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց կատարում է Ադրբեջանի նախագահի հանձնարարություններն ու ցանկությունները, կարծում եմ՝ լրացուցիչ փաստարկներ և ապացույցներ պետք չեն»։

Էդգար Ղազարյանը շեշտեց՝ այս քրեական գործը դատարկ է նաև տրամաբանության տեսանկյունից, քանի որ մինչ օրս բացահայտված չէ գաղտնալսողի ինքնությունը․

«Որովհետև գաղտնալսումը մեր երկրի Սահմանադրությամբ և օրենքներով արգելված է։ Անօրինական տեղեկատվական նյութն ընդունել են՝ որպես իրավական գործընթացի հիմք, բայց մինչ օրս բացահայտված չէ այն անձը, ով իրականացրել է գաղտնալսում, բացահայտված չի այն անձը, ով իրականացրել է շահադիտական մոնտաժ մի նյութի, որը հրապարակվել է, պարզ չէ այն անձը, որը շահագրգռված է եղել այն հրապարակելու և տարածելու այդ տեղեկատվությունը․․․

Իրավապահ մարմինների գործողությունները պետք է դիտարկել ամբողջության մեջ։ Օրինակ՝ դեռևս ազատության մեջ է ոստիկանության այն ծառայողը, որի մահաբեր գործողության հետևանքով սպանվել է փողոցում քայլող հղի կինը։ Իրավապահ մարմինները այդ հանցագործությունը կատարած մարդու նկատմամբ, ըստ էության, իրավական գործունեություն չեն իրականացնում։ Նույնիսկ այն դեպքում, երբ Դատախազությունն է պահանջում կալանք կիրառել այդ ոստիկանի նկատմամբ, քննչական մարմինները հրաժարվում են իրականացնել։ Բայց Ավետիք Չալաբյանի պես մարդը, ով բացառապես հայտնի է իր տեսակետները հնչեցնելով՝ այսօր գտնվում է ազատության մեջ։

Ազատության մեջ է գտնվում Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն ակնհայտորեն ուղիղ եթերում դրսևորում է խուլիգանական վարքագիծ և խոչընդոտում է լրագրողներին կատարելու իրենց մասնագիտական գործունեությունը։ Պարզվում է, որ նրա գործունեությունը իրավական որակում առհասարակ չի ստացել, այն դեպքում, երբ անազատության մեջ է Ավետիք Չալաբյանը։

Քննիչները, իրավապահ մարմինները պետք է նաև տրամաբանությամբ գործեն, չէ՞։ 2000 ուսանողի մասին է խոսվում, եթե մի համալսարանում, որտեղ հեռակայով, մագիստրատուրայով սովորում է 4000 ուսանող, երբևէ այդ համալսարանի պատմության մեջ եղե՞լ է իրադարձություն, որին միաժամանակ մասնակցի 2000 ուսանող։ Հետևաբար՝ հարց է առաջանում, այդ 2000 ուսանողն ինչո՞ւ պետք է մասնակցեին մի հատ հանրահավաքի։ Ես համոզմունք ունեմ, որ գնան Ագրարային համալսարանի 2001-2022 թվականի ուսումնական տարվա մատյանների հաշվառման արդյունքները նայեն, դժվար թե գտնված լինի մի օր, որ 2000 ուսանող մասնակցած լինի ուսումնական պրոցեսին։ Կամ այդ Թոռնիկի (Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ.- Ն.Խ.) հեղինակությունը ինչքա՞ն մեծ է Ագրարային համալսարանում, որ կարող է 2000 ուսանողի մոբիլիզացիա իրականացնի, իմ համոզմամբ՝ նա 20 ուսանողի կարող է անձնապես չճանաչի էլ այդ համալսարանում․․․

Եթե Թոռնիկին են օգտագործում քաղաքական նպատակների համար, ապա նաև միջոցների արդյունավետությունը պետք է օգտագործեն։ Օրինակ, ոստիկանության՝ միայն մայիս ամսվա պարգևավճարը կազմել է 3.123.000.000 (երեք միլիարդ հարյուր քսաներեք միլիոն) դրամ։ Եթե Թոռնիկի թրաֆիքինգի տարիֆներով հաշվենք՝ 1 մարդը 1000 դրամով, ապա 3.123.000.000 դրամի հնարավոր էր վարձակալել 3.123.000 ուսանողի։ Դա ավելի շատ է, քան Հայաստանի բնակչությունը, այսինքն՝ ոստիականներին այդքան փող տալու փոխարեն՝ կարելի էր այդ փողը տալ Թոռնիկին, և նա Երևան կբերեր Հարվարդի, Լոմոնոսովի, Տոկիոյի համալսարանների և բազմաթիվ այլ համալսարանների ուսանողների և կօգներ Նիկոլ Փաշինյանին պաշտպանել, պահպանել իր իշխանությունը․․․»։

Էդգար Ղազարյանը շեշետեց՝ այս պահին ամենաքննարկվող հարցը հուլիսի 1-ին ադրբեջանիցների կողմից Բերձոր հնարավոր ներխուժումն է, որը կարող է անվտանգային սպառնալիք հանդիսանալ Հայաստանի և Արցախի միջև կանոնավոր կապի և Արցախի անվտանգության ապահովման համար, և, որ պատահական չի, որ Չալաբյանը շարունակում է մնալ կալանքի տակ․

«Ակնհայտ է հատկապես այս ժամանակաշրջանում Ավետիք Չալաբյանի որակների, ինտելեկտուալ կարողությունների, վերլուծական ունակությունների, ռազմական և անվտանգային հարցերով մարդու ներկայությունը հանրային կյանքում ինչ կարող է փոխել այդպիսի վտանգների հանրայնացման կամ չեզոքացման համար։ Դրա համար հատկապես այս շրջանում է մեկուսացվում Ավետիք Չալաբյանը, և հնարավոր է, որ նա ազատության մեջ հայտնվի իրավունքի ուժով այն ժամանակ, երբ Բերձորում ծածանվի Ադրբեջանի դրոշը․․․»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանին իր բնակարանից բերման էին ենթարկել, ապա կալանավորել։

Տեսանյութեր

Լրահոս