Իշխանափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են արվելու Զինված ուժերում. Տիգրան Աբրահամյանի ծրագրային ելույթը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ 1.5 տարի հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում իշխանությունները հասարակությանը խաբել են, որ ժողովրդին տանում են խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհով, իսկ այսօր ասում են, թե՝ երաշխիք չունեն, որ խաղաղություն կլինի:
«Երբ հետպատերազմյան ժամանակահատվածում խոսում էինք բանակի վերականգնման, բանակի մարտունակության մասին, այս իշխանությունն իր ողջ ռեսուրսը դրած՝ փորձում էր մեզ բոլորիս համոզել, որ՝ գիտեք, ընդդիմությունը երկիրը տանում է պատերազմի, մեր տղերքին տանում է նոր արկածախնդրության: Մեր նպատակը, որ այսօր ևս պնդում ենք, հետևյալն է՝ մեր երկրում խաղաղության օրակարգ կարող ենք բերել միայն այն ժամանակ, երբ մեր երկիրն ունենա հզոր, ուժեղ, ամուր անվտանգության համակարգ: Մեր պաշտպանվածությունը կարող ենք մեծացնել, պատերազմը կանխել, կամ, եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա ժամանակին դադարեցնել միայն այն ժամանակ, երբ մեր երկիրն ունենա ուժեղ, մարտունակ բանակ: Այս իշխանության հեռացումից հետո մեր առաջնային խնդիրներից մեկը դառնալու է մեր բանակի մարտունակության, երբեմնի հեղինակության բարձրացումը»,- Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքին ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը. «Հայաստանի նախագահը Վլադիմիր Պուտինին ասում է՝ Դուք 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 19-ին կարող էիք պատերազմը կանգնեցնել, բայց հետո շարունակում է՝ դե, ոչինչ, նոյեմբերի 9-ին կանգնեցրինք, կարևորը՝ պատերազմը կանգնեց: Գիտե՞ք՝ այս մարդկանց համար մարդու կյանքը որևէ արժեք չունի: Պատկերացրեք իրավիճակ, եթե մենք պատերազմը կանգնեցնեինք հոկտեմբերի 19-ին. Այս դեպքում նվազագույնը կունենայինք 2000-2500-ի չափով քիչ զոհեր, այսինքն՝ այն, որ 2000-2500-ից ավելի մարդ է զոհվել, այս իշխանության համար որևէ նշանակություն չունի: Իհարկե, սա իմ համար զարմանալի չէ, որովհետև նույն Փաշինյանը նշում էր, որ կարող էր այս գործընթացը նույն ելքն ունենալ, կարող էին մարդիկ չզոհվել, բայց դա իրենց համար նշանակություն չուներ: Իրենք գնացին արկածախնդրության, ինչի արդյունքում մենք կորցրինք մեր հայրենիքի մի հսկայական հատված, մեր ոսկի տղերքին, մարդկանց, ովքեր մեր ապագան էին, մեր զարգացման հիմքում էին, մեր ամեն ինչն էին, բայց այս իշխանության համար նրանք, ցավոք, որևէ արժեք չունեին»:
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի ԶՈւ բարեփոխումների հիմքում պետք է լինի հանրային կոնսենսուսը. «Մենք չենք առաջնորդվելու այն սկզբունքներով, որոնցով առաջնորդվում է այս իշխանությունը: Հայաստանում պաշտպանության նախարարը պետք է լինի մարդ, ով աշխատում է բոլոր խմբերի հետ. որովհետև բանակը շոշափում է բոլորիս: Պատահական չէ, որ իմ առանցքային մոտեցումներից մեկը ազգ-բանակ հայեցակարգի առաջքաշումն է: Մենք չունենք այլ տարբերակ, քան առաջնորդվել ամեն ինչ՝ հանուն բանակի, մեր պաշտպանության, անվտանգության սկզբունքով: Առանց մարտունակ բանակի՝ Հայաստանը որևէ ապագա չի կարող ունենալ: Այսօր առանցքային խնդիր է՝ ԶՈւ-ն վերադարձնել իր բնականոն հունին: 2018 թվականից աստիճանաբար մեր ԶՈւ-ը դուրս են եկել ռելսերից»:
Ըստ նրա՝ ԶՈւ բարեփոխումների հիմքում զինծառայողն է. «Հայաստանում զինծառայողը և նրա ընտանիքը պետք է ապրեն միջին վիճակագրական քաղաքացուց բարձր կենսամակարդակով, մենք այլընտրանք չունենք: Ցանկացած լարված իրադրության ժամանակ ամբողջ բեռն ընկած է մեր բանակի, մեր ծառայողների ուսերին, և մենք այդ մարդկանց կյանքը ծառայությունից մինչև ընտանիքի բարեկեցություն պետք է մինչև վերջ ապահովենք»:
Նա հավաստիացրեց, որ նույնիսկ այս իրավիճակում գործող իշխանությունների հեռացման պարագայում ԶՈւ վերականգնման, մոդեռնիզացման, համապատասխան մարտունակ իրավիճակի բերելու հնարավորություն կա:
«Առանց այս իշխանության հեռացման՝ որևէ ռեֆորմ, որևէ խնդիր մեր երկրում չի լուծվելու»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում