Բաժիններ՝

«Խաղն ավարտված է», կամ՝ ինչպես ստիպել պաշտոնյային խաղալ քո կանոններով

Հունիսի 8-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում կայացավ «Խաղն ավարտված է» ներկայացման առաջնախաղը։ Կատակերգությունը բեմադրվել է իտալացի հեղինակ Ալդո Նիկոլայի «Պաշտոնյան և կինը» պիեսի մոտիվներով։

Պիեսը սովորական պաշտոնյայի մասին է, որի կյանքն ամբողջությամբ կարողանում է բացահայտել նրա աշխատասենյակում հայտնված անծանոթ մի կին: Նրան հաջողվում է ջրի երես հանել հենց այդ պաշտոնյայի ղեկավարած նախարարությունում տիրող վարք ու բարքը:

Ներկայացման ռեժիսորը Վարդգես Բարսեղյանն է, պիեսում էլ կատարում է նախարարության աշխատակցի դերը:

«Բավականին բարդ էր և՛ բեմադրել, և՛ խաղալ նույն ներկայացման մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դերասանը։

«Սակայն շնորհիվ համախոհ ընկերներիս և նրանց նվիրումի՝ աշխատանքը կարող եմ համարել հաղթահարված: Երբ առաջարկ ստացա թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանից՝ որևէ պիես բեմադրել, ես որոշեցի, որ այն պետք է բեմադրվի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում, կանգ առանք Ալդո Նիկոլայի «Պաշտոնյան և կինը» պիեսի վրա: Առաջակեցի տաղանդաշատ դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանին և մեծ ոգևորումով սկսեցինք աշխատանքային ընթացքը»,- ասաց Վարդգես Բարսեղյանը։

Իտալացի գրողի հեղինակած պիեսում հանդիսատեսը գտավ նաև մեր իրականությանը մոտ հատվածներ: Եվ ինչպես ռեժիսորը փոխանցեց.

«Դիտելով ներկայացումը՝ յուրաքանչյուրը կվերարժևորի իրականությունը և կբացահայտի այնպիսի մանրուքներ, որ թվում է, թե անքան էլ կարևորություն չունեն: Խոսվում է վախի, կաշառակերության, անտարբերության, ամենաթողության, ստի, սիրո կորստի, դավաճանության և էլի շատ բաների մասին: Ամեն ոք կարող է հայտնվել այդ պաշտոնյայի ապրած խաղի մեջ և ունենալ միշտ վերափոխվելու հնարավորություն։ «Ժամանակ գտեք սիրելու համար, ապրելու համար»»,- հավելեց ռեժիսորը։

Պաշտոնյայի աշխատասենյակում հայտնված անծանոթ կինը նրան մեղադրում է, որ նա և նրա նմանները խանգարում են պետությանը բնականոն աշխատանք կատարել։

«Սա է ձեր գործառույթը, երկու անգամ ավելի շատ եք վարձատրվում, բայց լացում եք, լացկաններ։

Ձեր չարածի համար էլ են վճարում՝ պարգևավճարներ եք ստանում»,- հայտարարում է կինը։

Պաշտոնյայի և կնոջ երկխոսության թեման բավականին արդիական է, երբ դրսում մարդիկ դժգոհում են իշխանություններից, պահանջում են նրանց հրաժարականը, իսկ իրենց աշխատասենյակներում նստած պաշտոնյաները որևէ տեղեկություն չունեն դրսում կատարվողից՝ կտրված են իրականությունից։

Ըստ գլխավոր հերոսուհու՝ երկրում պաշտոնյաների բախտը բերել է, բոլոր սկանդալների վրա ավազ են լցնում, որքան մեծ է սկանդալը, այնքան շատ ավազ է թափվում «վերևից»։

Օրինակ, երբ դրսում տագնապի ձայն է հնչում, պաշտոնյան իրեն անտարբեր է ձևացնում, ինչը զայրացնում է կնոջը, և հայտարարում է, որ ատում է անտարբեր մարդկանց, ավելացնելով, որ ավելի լավ է դիմացինդ հակառակորդ լինի, քան անտարբեր։

«Ձեր նման անտարբերները պատրաստ են փոխզիջումների։ Իսկ գիտե՞ք, թե ինչու են պետական պաշտոնյաների դեմքերն այդքան տխուր, որովհետև պետական պաշտոնյաները մանկական տակդիր են հագնում՝ օրվա սթրեսներն ու վախերն ազատ արտաթորելու համար»,- այսպես է նկարագրում է իրավիճակը գլխավոր հերոսուհին։

Պիեսն ավարտվում է լավատեսական նոտայով: Կինն ի վերջո կարողանում է համոզել պաշտոնյային, որ դեռ ուշ չէ, կարող է ուղղել սխալները, ճիշտ գնահատել իրականությունն ու վերափոխվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս