Ինքը գնում է բռնցքամարտի այն պահին, երբ երկրի ներսում ծեծուջարդ է կազմակերպում. Հոգեբան
2018-ի հեղափոխական իրադարձություներից առաջ հասարակությանը խիստ համեստ ու զուսպ «ներկայացող» Աննա Հակոբյանի հագուկապը քննադատությունների թիրախում էր իշխանության գալու հենց առաջին օրվանից, ու թեև տարբեր դիզայներներ պարբերաբար փորձ էին անում փրկել տիկնոջ իմիջը, այդուհանդերձ, այն շարունակում է քննադատվել:
Մարդիկ օբյեկտիվորեն զուգահեռներ են անցկացնում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ ֆինանսական հնարավորությունների, կենսակերպի ու հագուկապի և իշխանության գալուց հետո նրանց թանկարժեք հագուկապի, ճոխ կենսակերպի փոխակերպումների միջև:
Այս օրերին Աննա Հակոբյանը հանրության ուշադրությունը կրկին բևեռեց իր հագուստի վրա: Չգիտի՝ ինչը՝ ինչպես և որ դեպքերում կարելի է կրել:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որդու և դուստրերի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երկու օր հետևում էր Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը:
Վարչապետի տիկինը առաջնության երկրորդ օրը ներկայացել էր ուսն ամբողջովին բաց հագուստով, ինչը զարմացրել էր շատերին և հիշեցրել էր Կաթողիկոսի հետ ժնևյան հանդիպման անհասկանալի դրեսս-կոդը:
Սպորտային միջոցառմանը երեկոյան հագուստով Աննա Հակոբյանի ներկայանալու այս դրվագը միակը չէր, որ քննադատվել էր. հանրային տարբեր շրջանակների զարմացրել էր այն անհոգությունը, որով երկրի ղեկավարի ընտանիքը ներկայացել էր սպորտային միջոցառմանը, երբ զուգահեռ իրականությունում ակնհայտ են 44-օրյա պատերազմի դաժան կորուստների հետևանքները, քաղաքական-տնտեսական ճգնաժամը, ինչի մասին վկայում են նաև ամեն քայլափոխի հանդիպող ոստիկանական կուտակումները, արտագաղթը և աղքատության բարձր ցուցանիշները:
Հոգեբան Կարինե Նալչաջյանի համոզմամբ նրանց՝ այդ կերպ ներկայանալը սեփական նախաձեռնությամբ չէ:
«Իրենք միշտ էլ սիմվոլիկան, ներազդեցության մեխանիզմները շատ լավ օգտագործել են, և դա նույնիսկ իրենց մտքի աշխատանքի արդյունքը չէ: Նա գնում է բռնցքամարտի այն պահին, երբ ինքը երկրի ներսում ծեծուջարդ է կազմակերպում: Այսինքն՝ խփելու, ծեծելու, գետնին տապալելու ժամանակներում ենք ապրում. ես այդ սիմվոլիկան, այնուամենայնիվ, տեսնում եմ: Դրան զուգահեռ՝ կա նաև այն պահը, որ երկիրը ոտքի է կանգնել, համատարած տագնապ է, և այդ տագնապը հարուցողը, առաջին դեմքը ինքն է: Փաստորեն, ասում է՝ ոչ մի բան էլ չի եղել, ես իմ ընտանիքով գնացել եմ, զվարճանում եմ բռնցքամարտի առաջնության տեսարաններով…»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց հոգեբանը:
Փաշինյանի անչափահաս աղջիկ երեխայի՝ Արփիի, թեկուզեև սպորտային, բայց ագրեսիայի տեսարաններին ներկա գտնվելու վերաբերյալ հոգեբանը ևս տարակուսանք հայտնեց:
«Այսօր էկրանն այնքան է ներխուժել մեր կյանք, որ մեր երեխաները նման տեսարանների ականատես լինում են, բայց այլ խնդիր է, թե փոքրիկ աղջիկ երեխայի դեպքում՝ արժե՞ արդյոք. դա արդեն առավել լայն հոգեբանական խնդիրներ են: Կան ապացուցված տեսություններ, որ բռնությունն առհասարակ ենթարկվում է ուսուցման: Այսինքն՝ մարդն ինչ տեսնում է, այն էլ սովորում է. եթե մենք այնպես ենք մեր կյանքը կազմակերպում, որ երեխաները բռնության տեսարանների են ներկա՝ լինի կյանքում, էկրանից, երեխաների մոտ ձևավորվում է այդ բռնության նկատմամբ հակումը»: