Շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, իրենց առջև դրված ծրագրերը չեն կարողանալու ավարտին հասցնել. Իշխան Սաղաթելյան
«Այս պահին դուք կրկին ապացուցեցիք, որ այս պայքարին դուրս եք եկել անձնազոհությամբ, կամքով և վճռականությամբ ու միասին գնալու ենք մինչև վերջ, մինչև վերջ»,- Սասունցի Դավթի արձանի մոտ անձրևի տակ մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով բրյուսելյան հանդիպումներին՝ ընդդիմադիր գործիչը շեշտեց, որ որևէ դրական ակնկալիք վաղուց չունեին.
«Որևէ հակահայ պայմանավորվածություն որևէ կերպ այլևս մեզ չի զարմացնում. մենք ասել ենք՝ ստեղծված իրավիճակից կա մեկ հիմնական լուծում՝ օր առաջ ազատվել այս չարիքի կառավարությունից:
Իրավիճակը հետևյալն է. Ադրբեջանը շտապում է, Թուրքիան շտապում է, շտապում են, որպեսզի կարողանան պատերազմում ձեռք բերած իրենց առավելությունը դարձնեն դե յուրե՝ փաստաթղթավորել: Շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը (ու կորցնելու են, ու դրան շատ չի մնացել), այլևս այն ծրագրերը, որ դրված են իրենց առջև, չեն կարողանալու ավարտին հասցնել: Հետևաբար՝ սրանով է պայմանավորված, որ անկախ եղանակային պայմաններից, բոլոր ճնշումներից (գիտեք՝ առավոտից սկսել էին խուզարկություններ մեր պայքարի բազմաթիվ ընկերների տներում)` մենք ոնց որ սկսել ենք այս պայքարը, այսպես հետևողական, քայլ առ քայլ օրեցօր ուժեղանալու ենք, գնալու ենք առաջ, ու այս պայքարը հասցնենք իր հաղթական ավարտին»:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց դեպի Ֆրանսիայի հրապարակ երթի մասին: