Ինչպես զրկել լրագրողին հավատարմագրումից. ՔՊ-ականների հերթական քայլը՝ ընդդեմ ԶԼՄ-ների

Նախկին լրագրող, 2018 թվականի իշխանափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ու նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հանդես են եկել օրենսդրական այնպիսի նախաձեռնությամբ, որով առաջարկում են փոփոխություն կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և լրագրողին հավատարմագրումից զրկելու իրավունք տալ այն պետական կառույցին, որն իրականացրել է այդ հավատարմագրումը։

ՔՊ-ական պատգամավորների առաջարկած փոփոխությամբ պետական կառույցը սեփական ցանկությամբ կարող է նախաձեռնել լրագրողին հավատարմագրումից զրկելու գործընթաց՝ առանց ունենալու ԶԼՄ-ի համաձայնությունը։

Նշենք, որ մինչև իշխանական պատգամավորների նախաձեռնությունը՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ լրագրողի հավատարմագրումը կարող էր դադարեցվել նրան հավատար­մագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով։

Քանի դեռ այդ դիմումն առկա չէ, որևէ պետական կառույց իրավունք չուներ հավատարմագրումից զլրկելու գործընթաց սկսել։

Պետական մարմիններին նման իրավունք չտալը ՔՊ-ականները համարել են օրենքի բացթողում և որոշել այն լրացնել նոր փոփոխություններով, որոնք, եթե ընդունվեն, ցանկացած պետական մարմին կարող է սեփական ցանկությամբ ու նախասիրությամբ դադարեցնել այս կամ այն լրագրողի հավատարմագրումը՝ օրինակ, ոչ ցանկալի հարցեր չստանալու, պետական մարմիններում միմիայն իշխանամերձ լրատվամիջոցներին հավատարմագրելու և այլ նպատակներով։

Նշենք, որ Կառավարության օրակարգում որպես չզեկուցվող ներառված նախագիծն ընդունվել է։

Տեսանյութեր

Լրահոս