Վահրամ Սահակյանը՝ պոռոտախոսության, ստի, ստեղծված իրավիճակի մասին
Մայիսի 24-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի «2022 միստերիա-հիստերիա» տրագիկոմեդիայի պրեմիերան:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Վահրամ Սահակյանը նշեց, որ «Հիստերիա-միստերիա» ներկայացման ծանոթ պերսոնաժներին «2022 հիստերիա-միստերիա»-ում մեկ-երկուսը կլինեն, բայց 80 տոկոսով լինելու են նոր պերսոնաժներ, իսկ ամենահետաքրքիրը՝ հին պերսոնաժների աճն է լինելու, այսինքն՝ ինչպիսինն են նրանք 2022 թվականին:
«Մի քանի օր առաջ ես ուզում էի դրված ներկայացումը հանել՝ հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը, բայց հետո հասկացա և ընկերներս էլ ասացին, որ ոչ, հիմա ավելի է պետք այդ ներկայացումը: Այդ ներկայացումն ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ, բայց այնտեղ տեսնում ենք պերսոնաժների, որոնք ցույց են տալիս հայ մարդուն, թե ինչպես ինքը հասավ այս վիճակին: 2010-15 թվականներին հանգիստ ապրող սովորական մարդը ինչպե՞ս հանկարծ հետընթաց ապրեց, ի՞նչ կատարվեց իր հետ, որ դարձավ սարսափելի մի սրիկա. Սա մի պերսոնաժի մասին: Մեկ այլ պերսոնաժը լրիվ այլ ուղղությամբ այլակերպվեց»,- ընդգծեց թատերագիրը:
Վահրամ Սահակյանի խոսքով՝ երբ հիմա խոսակցության թեման այն է, որ մարդկանց համար անտանելի է այս պայմաններում ապրելը, ինքը ցույց է տալու մի քանի մարդու, որոնց վարքի, ազդեցության տակ ընկնելու պատճառով մարդիկ հետընթաց ապրեցին և ստեղծեցին մի միջավայր, որտեղ այս ամենը հնարավոր դարձավ:
«Այնտեղ կա մի պերսոնաժ՝ Աթիբեկը, որը 2000-ականների խոսակցություն է տանում՝ ախպեր, մեզ թալանել են, փողերս տարել են, այսպես չի լինի, ինքն էլ հիմար մարդ է, որ հարցնես՝ բայց դու ե՞րբ ես փող ունեցել, որ թալանեն: Բայց հայ մարդ է, իրեն չես կարող ոչինչ անել, հիմա էլ ես թշնամություն չունեմ այդ մարդկանց նկատմամբ: Հետո 2018թ. ամռանը ասում է՝ հիմա տեսա՞ր՝ մենք քեզ ինչ ենք անելու, մենք հաղթել ենք (նկատի ունի 2018թ. փոփոխությունները), հլա գնա՝ ջուր բեր: Հասկանո՞ւմ եք՝ իր մոտ արդեն ինչ-որ բան է բացվում, այդտեղ էլ եմ հասկանում ես իրեն, բայց երբ պատերազմից հետո է դա հայտնվում ու ասում՝ այսպես չի լինի, ասում ես՝ ի՞նչ է եղել Աթիբեկ, մտածում ես՝ պատերազմից հետո մարդը նույն վիճակում է, ինչ-որ դու, ինչ-որ բոլոր հայերը, այսինքն՝ այս ստորացումը, Շուշին, Դադիվանքը, զինվորները… բայց ինքը խոսում է, որ շաքարավազը թանկացել է:
Հետո հայտնվում է ինքը 2022 թվականին, ու ասում է՝ ախպեր, տեսե՞լ ես՝ զոհվածների ծնողները ոնց են հագնված, քսված ման գալիս, դու գիտե՞ս՝ ինչ փողեր են ստանում: Դուք հասկանո՞ւմ եք՝ սովորական մարդը ինչ դարձավ: Այս պերսոնաժը ես չեմ հնարել, ես նման անձանց մասին լսել եմ: Դա նշանակում է, որ հասարակության մեջ գոյություն ունի ախտ, հիվանդություն, որովհետև չկա աշխարհում մի երկիր, որը պատերազմից հետո, զոհեր ունենալուց հետո, այս ամեն ինչից հետ կանգնի ու ասի՝ արա, դե զոհվածների ծնողները… ես ասում եմ և ցույց եմ տալիս այն, թե ինչպես կարող է մարդը իր սահմանները կորցնել: Միայն այն հարցը, որ մարդը կարող է տալ՝ բա դու ինչի՞ սահմանին չես, մենք չբացատրե՞նք, թե ինչու սահմանին չենք, որովհետև Արցախում կանգնած է խաղաղապահը, այնտեղ՝ մյուսը: Բա, չբացատրե՞նք այդ մարդկանց կամ չհասկանա՞նք՝ ինչու է այդ հարցը տալիս. Սովորեցրե՞լ են, փո՞ղ են տվել… այդ ամենը պետք է հասկանանք, չէ»,- ընդգծեց նա:
Վահրամ Սահակյանի խոսքով՝ Հայաստանում հետընթաց է. «2013-14 թվականներին իմ մտքով չէր անցնի, որ կհասնենք մի պահի, որ մարդիկ այսպես կպահեն իրենց: Տարբեր տեսակի թքելներ… ո՞նց կարող է այդպես լինել, որ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահի մայրը դուրս գա՝ թքի կամ ձեռքով շարժում անի: Դուք հասկանո՞ւմ եք, որ դա հնարավոր չէ: Ես հիմա պատճառի մասին չեմ կարող խոսել, որովհետև դեռ պետք է շատ ուսումնասիրեմ: Պատկերացնո՞ւմ եք՝ հոլանդացի ոստիկանը թքի մի քաղաքացու վրա: Նման բան հնարավոր չէ: Ես դրա համար հարցնում եմ, եթե այդ ամենը կա մեր օրերում, դուք ինչո՞ւ եք ասում՝ ստեղծագործ, դարերի կրթություն և այլն: Հերիք չէ՞, մի քիչ էլ լռեք, մի՛ ասեք՝ մենք, մենք, մենք, ու միևնույն ժամանակ, թքեք, իրար հրմշտեք, հայհոյեք: Ես կարծում էի, որ պատերազմից հետո մարդիկ նման բաներ չեն ասի: Ի՞նչ է նշանակում՝ գնում եմ՝ Շուշին հետ բերեմ. Դու նստած ես Ֆեյսբուքում, դու անգամ պատերազմի չես մասնակցել, անգամ պատերազմից հետո փողոց դուրս չես եկել, որովհետև ցուրտ էր, որ դուրս գայիր՝ ասեիր՝ այս ի՞նչ է կատարվում իմ երկրում, բա ո՞նց ես գնում Շուշին հետ բերելու, տղա ջան: Դա էլ է, չէ՞, կերպար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում