«Փաշինյանը հանուն պետության շահի իր իշխանությունից շատ դժվար կհրաժարվի՝ նա հրաժարական կտա միայն հսկայական ճնշման տակ». Վիգեն Հակոբյան

Մայիսի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, անդրադարձել էր Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին։ Ըստ Առաջին նախագահի, «ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը»:

Իսկ երեք կարճ մասերից բաղկացած հոդվածը Տեր-Պետրոսյանն ավարտել էր մտավորականներին ուղղված կոչով «եթե մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից»:

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այս հոդվածին, նախ նշեց, որ ընդդիմությունը, որն այս պահին փողոցում պայքարում է, հայտարարել է, թե ինչ ծրագրերով կարող են գալ իշխանության։

«Այսինքն՝ այսօրվա «խաղաղության դարաշրջանի» ծրագիրը, որը Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է, ցանկանում են փոխել արժանապատիվ խաղաղության ծրագրով՝ ուժի մեջ թողնելով Արցախի ինքնորոշման իրավունքի խնդիրը և ըստ էության թարմ պահելով կարգավիճակի հարցը։ Երկու մոտեցումներն էլ խաղաղության մոտեցումներ են, պարզապես մեկի պարագայում, ինչպես տեսնում ենք, նշաձողն իջեցնելու, ընդհուպ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորության դիտարկումն է,՝անվտանգության ինչ-որ երաշխիքների դիմաց, մյուսի պարագայում՝ արժանապատիվ խաղաղության ծրագիրն է՝ բացառելով Արցախն Ադրբեջանի կազմում հարցը։ Այսինքն՝ արտաքին քաղաքականությունը պետք է որ փոխվի»,- նշեց Վիգեն Հակոբյանը։

Ինչ վերաբերում է մտավորականությանն ուղղված Առաջին նախագահի առաջարկին, քաղտեխնոլոգը նկատեց՝ պարզ չէ, թե ինչի շուրջ պետք է բանակցեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը։

«Եթե պետք է հանդիպել ու բանակցել շրիշակից ցածր կոնցեպտից բարձրանալու համար, ապա կարծում եմ՝ հասկանալի է, որ դա որևէ լուրջ հեռանկարներ չունի։ Ընդդիմությունը մշտապես հայտարարել է, որ իրենք բանակցելու մի թեմա ունեն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։ Իհարկե, միշտ էլ կարող են փորձել, նստել խոսելու, բայց խոսելու շուրջ պետք է թեմա լինի։ Եթե ընդդիմությունն ասում է, որ Արցախը որևէ կերպ չպետք է դիտարկվի Ադրբեջանի կազմում, ապա այսօրվա իշխանությունն ասում է՝ եթե լինեն համապատասխան երաշխիքներ, ապա կարելի է նաև դրան գնալ, սրանք իրար հակասող մոտեցումներ են։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ նման դիրքորոշում ուներ, այն ժամանակվա ռազմաքաղաքական էլիտան դեմ եղավ այդ դիրքորոշմանը, նա հրաժարական ներկայացրեց։

Հիմա եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չի բացառում այս սցենարը, որը եղավ իր ժամանակ, ապա գուցե՞ այդ ժամանակ պետք է գնալ ու նրա հետ խոսել։ Եթե այդ սցենարը չկա, ըստ իս, իմաստ չկա։ Մի քանի օր առաջ մենք խորհրդարանում նման հանդիպում տեսանք, երբ ընդդիմությունն իր հարցապնդումները դրեց, և խոսակցությունը չստացվեց։ Չէր էլ կարող ստացվել, որովհետև բավականին ծայրահեղ են մոտեցումները։ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի փորձ, երբ իր առաջ քաշած կոնցեպտը չի ընկալվել 1998 թվականին, որի արդյունքում ինքը հրաժարական է տվել։ Եթե ինքը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ընդունակ գնալ այդ ճանապարհով: Ինքս խիստ կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգնա այդ ճանապարհով, որովհետև Փաշինյանն իր մասշտաբով Լևոն Տեր-Պետրոսյանի մասշտաբի չէ և հանուն պետության շահի իր անձնական իշխանությունից շատ դժվար կհրաժարվի։ Նա հրաժարական կտա միայն հսկայական ճնշման տակ, փողոցի, հասարակության ճնշման տակ և արտաքին որոշ ուժերի դրդմամբ»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։

Տեսանյութեր

Լրահոս