Ուսուցիչների կամավոր ատեստացիայի ռիսկերը
Անցած շաբաթ կառավարությունը կամավոր ատեստավորված ուսուցիչների բազային աշխատավարձի և հավելավճարների մասին որոշում ընդունեց։
Նախ, սկսենք նրանից, թե ինչպես այս փոփոխությունը ներկայացվեց հանրությանը։ Կառավարությունը, որոշ իշխանամետ լրատվամիջոցներ և անհատներ օգտագործեցին հետևյալ ձևակերպումները. «Ուսուցիչները կարող են ստանալ մինչև 400 հազար աշխատավարձ», «400 հազար դրամ աշխատավարձ ուսուցիչներին»։ Նման ձևակերպումները թյուր կարծիք են ստեղծում մեր հասարակության որոշ ներկայացուցիչների մոտ։ Օրինակ՝ շատ մարդիկ մտածում են, որ բոլոր ուսուցիչներն են ստանալու 400 հազար դրամ, կամ մտածում են, որ շատ հեշտ է այդ 400 հազարը ստանալը։
«Մինչև 400 հազար աշխատավարձ» ձևակերպումը շատ նման է խանութների «մինչև 70% զեղչ» ազդագրերին։ Մարդկանց թվում է, թե բոլոր ապրանքներն են 70% զեղչված, բայց պարզվում է, որ նման զեղչ կա 1-2 ապրանքի վրա։ Նույն տրամաբանությամբ, մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք խոսում են այն մասին, որ բոլոր ուսուցիչներն են ստանալու 400 հազար դրամ։ Սրան գումարվում է նաև այն թյուր կարծիքը, որ այդ 400 հազարը զուտ աշխատավարձն է։
Շատ ավելի ճիշտ կլինի, եթե «մինչև 400 հազար աշխատավարձի» փոխարեն՝ օգտագործվի «260-400 հազար աշխատավարձ» տարբերակը։ Այս դեպքում մարդկանց համար հասկանալի կլինի, որ ուսուցիչները տարբեր աշխատավարձ են ստանալու։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մարդկանց մեծ մասը միայն նյութի վերնագիրն է կարդում, պետք է խուսափել «մինչև 400 հազար աշխատավարձ» ձևակերպումից։
Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչո՞ւ կամավոր ատեստացիա անցած ուսուցիչների համար սահմանվեց ավելի բարձր դրույքաչափ։
Այս քայլով նախարարությունը 2 ակնկալիք ունի։
Առաջին ակնկալիքն այն է, որ այս որոշման արդյունքում, առարկային լավ տիրապետող մասնագետները, բուհերի շրջանավարտները կուզենան աշխատել դպրոցում։ Այս քայլով նախարարությունը փորձում է դպրոց բերել առարկային լավ տիրապետող մասնագետների՝ մեղմելով ուսուցիչների պակասի խնդիրը։
Երկրորդ ակնկալիքն այն է, որ ներկայումս դպրոցում աշխատող ուսուցիչները կզբաղվեն ինքնակրթությամբ և կմասնակցեն կամավոր ատեստացիային, ինչից կշահեն աշակերտները։ Դրանով նախարարությունը փորձում է գործող ուսուցիչներին մղել ինքնակրթության։
Իհարկե, նախարարության այս ակնկալիքները կարող են իրականանալ միայն այն դեպքում, երբ ամեն ինչ ընթանա բանական, ազնիվ ձևով։ Բայց բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում բանականության և ազնվության մեծ դեֆիցիտ կա։
Իրականում, հնարավոր է, որ շատերին այս աշխատավարձը չգրավի, քանի որ այսօր մարդիկ դպրոցում չեն ուզում աշխատել նաև այն պատճառով, որ աշակերտները շատ անտարբեր են դարձել, ծնողների հետ դժվար է լեզու գտնելը, հասարակությունը չի հարգում ուսուցիչներին։ Մյուս խնդիրն այն է, որ աշխատավարձի նման բարձրացումը ոմանց կարող է մղել կեղծիքների, կոռուպցիոն ռիսկերի։ Շատ դժվար է լինելու տեղեկության արտահոսքի կանխումը, միջնորդությունները։ Եվ եթե հանկարծ նման բան տեղի ունենա, ապա կրթությանը շատ մեծ վնաս կհասցվի։ Ցավոք, մեզ չի մտահոգում հանրային շահը։ Մեզ համար կարևոր է, որ մեր ազգականը, ընկերն օգտվի բարձր աշխատավարձի հնարավորությունից՝ թեկուզ կրթության ինստիտուտի հեղինակությունը սասանելու գնով։
Նման երևույթների հավանականությունը մեծանում է նաև այն պատճառով, որ կամավոր ատեստավորման համակարգում չկա հաշվետվողականություն։
Օրինակ՝ 260-400 հազար աշխատավարձ ստացող ուսուցիչը կրթության լավ արդյունք ապահովելու հարցում որևէ պարտավորություն չունի։ Կան երկրներ, որոնցում ուսուցչի աշխատավարձը պայմանավորում են աշակերտների առաջադիմության հետ։ Եթե աշակերտները լավ արդյունք են ապահովում գիտելիքի ստուգումների ժամանակ, ապա ուսուցիչը ստանում է բարձր աշխատավարձ։
Բայց այս համակարգի ներդրումը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել այդ երկրներում։ Անգամ կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող երկրներում արձանագրվել են աշակերտների արդյունքների կեղծում։
Նախարարությունը պետք է զգուշանա «Կոբրայի էֆեկտից»։ Այս էֆեկտը կապված է Հնդկաստանում տեղի ունեցած դեպքերի հետ։ Երբ անգլիացիները գաղութացրել էին Հնդկաստանը, տարածքներից մեկում շատ կոբրաներ կային։ Խնդիրը լուծելու համար անգլիացները հնդիկներին առաջարկեցին 5 դոլար պարգևատրում ամեն սպանված կոբրայի դիմաց։ 5 տարից անց պարզ դարձավ, որ տարածքում կոբրաների թիվն ավելացել է, քանի որ հնդիկները սկսել են բուծել կոբրաներ։
Հիմա նախարարությունը պետք է զգուշանա, որ 70%-ի շեմը հաղթահարող ուսուցիչների թիվն արհեստականորեն չմեծանա՝ կեղծիքների դիմելու պատճառով։ Չմոռանանք, որ մեր մշակույթում կեղծելը, խաբելը, արտագրելը, իրար հետ պայմանավորվելը շատ մեծ տարածում ունեն։ Քանի որ նախարարությունը աշխատավարձի բավականին կտրուկ բարձրացում է նախատեսել, ապա կոռուպցիոն ռիսկերը կտրուկ մեծանալու են։
Կամավոր ատեստացիան շատ ուսուցիչների կողմից դժկամությամբ է ընդունվում հետևյալ պատճառով։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի ուսուցիչներն անտեսվել են։ Ո՛չ նորմալ աշխատավարձ են ստացել, ո՛չ էլ նորմալ վերաբերմունքի են արժանացել։ Այս ամենի արդյունքում, ամեն ուսուցիչ իր ձևով հարմարվել է իրականությանը։ Իհարկե, այս ամենը շատ վատ են ազդել ուսուցիչների մասնագիտական որակների վրա։
Պատահական չէ, որ կամավոր ատեստացիան հաղթահարած ուսուցիչների մեջ դժվար է գտնել այնպիսի ուսուցիչների, որոնք կրկնուսույց չեն։ Այսինքն, այս համակարգից հիմնականում օգտվելու են այն ուսուցիչները, որոնք կրկնուսույց աշխատելու միջոցով պահպանել են իրենց գիտելիքների բարձր մակարդակը։