Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ժողովուրդն իրավունք ունի ցանկացած ձևով վերադարձնել իրեն պատկանող իշխանությունը. Վարդան Այվազյան
«2018-ի մայիսից Հայաստանը մխրճվել է քաղաքական ճգնաժամի մեջ, և մինչ օրս խեղդվում ենք դրա մեջ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք Հայաստանում քաղաքական ճգնաժամ:
«Քաղաքական ճգնաժամը մեր այսօրվա իրավիճակի փոքր բաղկացուցիչն է, այսօր ունենք գլոբալ պետականության ճգնաժամ, երբ ցանկացած հայ կանգնած է իր ինքնությունը կորցնելու եզրին: Այսօր ժողովուրդը դուրս է եկել հրապարակ, պայքարում է իր հայ լինելու, ինքնությունը պահպանելու համար: Իսկ դրա համար պետք է հեռացնել գործող իշխանություններին և ձևավորել համարժեք ադեկվատ իշխանություն, որը կապահովի մեր հայկական ինքնությունը: Գիտակցաբար թե ոչ գիտակցաբար, ժողովուրդը դուրս է եկել իր ինքնությունը պահպանելու պայքարի»,- նշեց սահմանադրագետը:
Նրա խոսքով, այսօրվա իշխանության ամենամեծ մոլորությունը կայանում է նրանում, որ թուրքերին ու ադրբեջանցիներին ասում են. «Ինչ ուզում եք՝ ձեզ կտանք, միայն թե բաղձալի խաղաղության պայմանագիր ունենանք ձեզ հետ»:
Վարդան Այվազյանը, անդրադառնալով իշխանական պատգամավորների գրառումներին ու կոչերին, թե վաղը կրկին վերադառնալու են խորհրդարան ու պատասխան են տալու իրենց հայտարարությունների համար, նշեց, որ համազգային պայքարի մեջ նման վարչական պատասխանատվության սպառնալիքները անհույս զբաղմունք են, խորհրդարանական ընդդիմությանը չեն վախեցնի դրանով, ոչ էլ պատասխանատվության այլ ձևերով, մարդիկ ունեն խնդիր և այն լուծելու համար պատրաստ են ցանկացած զրկանքների, նրանց հետ՝ նաև ժողովրդի գիտակից հատվածը: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի սահմանած մանր-մունր պատժամիջոցները եղանակ չեն ստեղծում:
Ինչ վերաբերում է մանդատներից հրաժարվելուն, ապա, սահմանադրագետի պարզաբանմամբ, դա չի հանգեցնի խորհրդարանի լուծարման, քանի որ չկա նման ինստիտուտ, բայց էլ ավելի կխորացնի քաղաքական և պետականության ճգնաժամը: Եթե չկա ընդդիմություն, գործ ունենք միակուսակցական քաղաքական համակարգի հետ, տոտալիտար համակարգի հետ, երբ խորհրդարանում մեկ քաղաքական ուժ է: Այդ երևույթն ամբողջությամբ կձևախեղի քաղաքական և պետական համակարգը:
Բայց ինչպես նշում է Վարդան Այվազյանը, դա չի նշանակում, որ իշխանությանը ձեռնտու է ընդդիմադիրների՝ մանդատները վայր դնելը: Այդ դեպքում ամբողջ աշխարհը կորակավորի՝ որպես միակուսակցական, տոտալիտար ռեժիմ, իսկ ժողովրդավարական երկրի խորհրդարանում չի կարող լինել մեկ քաղաքական ուժ: Թեպետ սահմանադրությունը չի նախատեսում մանդատները վայր դնելու ինստիտուտ, որովհետև դա բխում է խելագարության կանխավարկածից, բայց մեր պետական կյանքի իրողությունը ցույց է տալիս, որ սահմանադրությունը մեր երկրում պետք է հաշվի առնի նաև այդ խելագարության կանխավարկածը, եթե նորմալ իրավիճակում մանդատները վայր դնելը կդիտարկվեր խելագարություն, ապա այսօր դա կարելի է դիտարկել խելամտություն:
Հարցին, թե ընդդիմության մանդատները վայր դնելուց հետո, ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցությունները հնարավորություն կստանա՞ն մանդատներ ստանալու, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ սահմանադրությամբ նման ինստիտուտ նախատեսված չէ, բայց այսօր իրադարձություններն այնքան արագ են զարգանում ու փոփոխվում, որ եթե անգամ մանդատներից հրաժարվելու փաստն արձանագրվի, ապա դժվար թե որևէ արտախորհրդարանական քաղաքական ուժ սահմանադրության և օրենսդրության խախտումներով համաձայնի անցնել խորհրդարան: Դա կլինի նրանց քաղաքական վախճանը:
Սահմանադրագետի կարծիքով՝ իրավական առումով իրավիճակից ելքը վարչապետի հրաժարականն է և ժամանակավոր ազգային կառավարության ձևավորումը, որը կապահովի արտահերթ թափանցիկ խորհրդարանական ընտրություններ: Թեև խորհրդարանական մեծամասնությունը պնդում է, որ օրակարգում վարչապետի հրաժարականի հարց չկա, բայց սահմանադրության 2-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ու ժողովուրդն իրավունք ունի ցանկացած ձևով վերադարձնել իրեն պատկանող իշխանությունը: Ըստ էության այսօր ժողովրդի իշխանությունը խլված է:
Աննա Դեմիրճյան