Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Տիգրան Ավինյանի թեկնածության վերաբերյալ անհամաձայնություն չի հայտնել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անարդարացի չի համարում սպասվող ընտրություններում իշխանությունների կողմից քաղաքապետի պաշտոնում ոչ թե իր, այլ Տիգրան Ավինյանի թեկնածության առաջադրումը:

Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետը մասնավորապես նշեց. «Այս պահի դրությամբ դեռ 1.5 տարի կա իմ պաշտոնավարմանը, դրանից հետո պարոն Ավինյանի թեկնածությունն է առաջադրվել՝ որպես քաղաքապետի թեկնածու:

Որպես այդպիսին՝ որ անարդար է, այս պահի դրությամբ այսպիսի զգացողություն չունեմ»:

Հրաչյա Սարգսյանը հավելեց, որ այս առնչությամբ անհամաձայնություն չի հայտնել:

«Ես հինգ տարի պաշտոնավորում եմ՝ որպես քաղաքապետի առաջին տեղակալ, հիմա՝ որպես քաղաքապետ.  այդ հինգ տարին, կարծում եմ, բավարար է, և միգուցե այլ աշխատանքի անցնեմ, ու այն փորձը, որը կուտակել եմ քաղաքապետարանում, ի նպաստ օգտագործեմ մեր պետությանը»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Ի պատասխան հարցին էլ՝ արդյո՞ք Ավինյանի ընտրվելու պարագայում կցանկանա մնալ նրա թիմում՝ նա պարզաբանեց, որ այդ քննարկումն այս պահի դրությամբ արդիական չէ. երբ ընտրությունը լինի, այդ ժամանակ այդ հարցին գուցե կպատասխանի:

Տեսանյութեր

Լրահոս