Նեկրոֆիլ խոնարհվողի ողջ շքախումբը
Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության բնույթը հասկանալու համար քաղաքական, քաղաքագիտական հետազոտություններն ու վերլուծությունները ոչ միայն բավարար չեն, այլև կարող են ապակողմնորոշիչ լինել։ Նիկոլ Փաշինյանին հասկանալու համար անհրաժեշտ է հոգեբանական-հոգեբուժական լրջագույն հետազոտություն։ Ոչ թե «դեղերը չի խմել» հակաքարոզչության անլուրջ թեզի շրջանակներում, այլ լրջորեն վերլուծելով նրա յուրաքանչյուր քայլի դրդապատճառները և հիմնավորումները։
Այդ վերլուծությունը կարող է բացահայտել նրա քրոնիկ վախերը, տագնապները, բնավորության գուցե՝ խիստ հուզական ու մարդկային, իսկ հնարավոր է՝ դաժան ու դիվային կողմերը։
Կա կոնկրետ իրավիճակ։ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել հղի կնոջ, ով մինչև հիվանդանոց հասնելը մահացել է (կամ արդեն մահացած է եղել)։ Չի հաջողվել փրկել նաև պտղին: Սա որոշակի, ավելի քան որոշակի իրավիճակ է, որում մարդու այս կամ այն վարքագիծը կարող է անսխալորեն բացահայտել նրա որակները կամ դրանց բացակայությունը։ Նիկոլ Փաշինյանը կամ նրա հրահանգով՝ իրեն ուղեկցող բազմաթիվ մեքենաներից որևէ մեկը չի կանգնել, Նիկոլ Փաշինյանին հանրությունից պաշտպանող տասնյակ թիկնապահներից որևէ մեկը չի փորձել փրկել մահացող կնոջը։
«Ինչո՞ւ» հարցի պատասխանը քննիչներին ու դատավորներին թողնելն իրականությունը լղոզելու նաիվ ու վտանգավոր փորձ կլինի։ Այդ հարցին պետք է պատասխանեն հոգեբաններն ու հոգեբույժները՝ կոնկրետ իրավիճակում Նիկոլ Փաշինյանի վարքագիծը համադրելով նրա անցյալի հայտարարությունների, այլ իրավիճակներում դրսևորած պահվածքի հետ։ Մասնագետները, ահա, պետք է փորձեն գտնել գլխավոր հակասության բացատրությունը։
Նիկոլ Փաշինյանը մարդ է, ով իր իշխանական քարոզչությունը կառուցել է քաղաքացիների առաջ խոնարհման գաղափարի վրա։ «Խոնարհվում եմ» արտահայտությունն անցած չորս տարիներին նա արտասանել է անհաշվելիորեն շատ ու զզվելիորեն ցինիկ տոնայնությամբ։
Նիկոլ Փաշինյանը մարդ է, ով մեջքի դրամատիկ ճկունությամբ ու դեմքի սրտակեղեք արտահայտությամբ խոնարհվում է արցախյան պատերազմում զոհվածների շիրիմների առաջ։ Խոնարհվում է՝ հնարավորինս ֆոտոգենիկ պոզաներով և առանց շրջապատում մարդկային շնչի, բնականաբար։
Ահա առանձին վերցրած այս մարդը, ով զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, խոնարհման նկատմամբ անդիմադրելի սեր ունենալով հանդերձ, կյանքում առաջին անգամ չի խոնարհվում այն դեպքում, երբ ոչ թե դերասանական խոնարհումը, այլ ամենապարզ մարդկային կռացումը կարող էր կնոջ կյանք փրկել։
Մասնագետները, այսպիսով, պետք է փորձեն հասկանալ՝ ինչո՞վ է բացատրվում իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը խոնարհումի տարբեր տեսակներից հակում ունի հատկապես նեկրոֆիլ խոնարհման նկատմամբ, և անհաղորդ է այն դեպքում, երբ խոնարհումը կարող է կյանք փրկել։
Սա հեշտ խնդիր չէ մասնագետների համար, բայց կենսականորեն կարևոր է Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների տեսանկյունից, քանի որ մահու չափ վտանգավոր է, երբ երկիրը ղեկավարում է մահվան նկատմամբ հակում ու կյանքի նկատմամբ ատելություն ունեցող մեկը, ով խոնարհվում է հատկապես մահացածների շիրիմներին և չի խոնարհվում մահացողներին փրկելու համար։
Այդ հետազոտությունը կարող է տալ Հայաստանի այսօրվա աղետալի վիճակի վերաբերյալ շատ հարցերի պատասխաններ։
Հարություն Ավետիսյան