Հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք. նշանակվել է վարչական տուգանք
Սևան-Երևան մայրուղու Արզնի և Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
«Մշտապես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է գտնվում հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման նկատմամբ բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման կատարումը։
Հերթական վերահսկողական լայնածավալ միջոցառման արդյունքում Սևան-Երևան մայրուղու Արզնի և Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։
Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 150.000 ՀՀ դրամի չափով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բեռնատար ավտոմեքենաներով ապօրինի տեղափոխվող շուրջ 24խմ. սևահողը հանձնվել է համայնքներին։
Միջոցառումները շարունակվում են։