Ինչպիսի՞ տնտեսական «ձեռքբերումներով» է Կառավարությունն ամփոփել 2021 թվականը. մաս 4
Կառավարության 2021 թվականի կատարողականի զեկույցի տնտեսական հատվածի մասին խոսելիս, պետք է ուշադրություն դարձնել կարևոր այնպիսի ցուցանիշներին, ինչպիսին են հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, պետական բյուջեի ծախսերը։
1․ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցություն
Կառավարությունն իր հնգամյա ծրագրում պլանավորում է ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առնվազն 2.6 տոկոսային կետով՝ 2026թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25%-ի:
Իրականում, հարկերի կշիռը ՀՆԱ-ում 2021թ. կազմել է 22.7%` նախորդ տարվա համեմատ բարելավելով 0.3 տոկոսային կետով, որը սակայն բավարար չէ թիրախին հասնելու համար: Բացի այդ հարկ է նշել, որ հարկեր/ՀՆԱ-ի բարելավումը պայմանավորված չէ վարչարարության բարելավմամբ:
Կառավարությունը նշում է, որ տեղի է ունեցել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ շուրջ 0.3 տոկոսային կետով՝ պայմանավորված վարչարարության բարելավմամբ, և հարկային եկամուտները գերակատարվել են շուրջ 147 մլրդ դրամով:
Իրականում, սակայն, տեղի է ունեցել վարչարարության վատթարացում: Հարկեր/ՀՆԱ աճի շուրջ 0.5 տոկոսային կետը պայմանավորված է եղել դրոշմանիշային վճարների և պարտադիր սոցիալական վճարների աճով: 0.4 տոկոսային կետը՝ կապված է պետական տուրքի աճի հետ` պայմանավորված մետաղների հանքաքարի արտահանման համար ներմուծված պետական տուրքով:
ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի աճն ըստ հարկատեսակների, տ.կ.
2․Պետական բյուջեի ծախսեր
Կառավարությունը 2021-2026 թվականների ծրագրով նախատեսում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում աստիճանաբար հնարավորության սահմաններում մեծացնել ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը։
Իրականում 2021թ. կապիտալ ծախսերի կշիռը նվազել է շուրջ 1.1 տոկոսային կետով՝ լինելով ավելի ցածր քան 2019թ. մակարդակն է:
2021 թվականին Կառավարության կապիտալ ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 217.8 մլրդ դրամ: Դրանց կատարողականը՝ ճշտված պլանի նկատմամբ կազմել է 92.3%, իսկ տարվա համար սկզբնապես սահմանված պլանի նկատմամբ՝ 100%։
Այո, կապիտալ ծախսերի կատարողականը ճշտված պլանի նկատմամբ կազմել է 92.3%, իսկ տարվա համար սկզբնապես սահմանված պլանի նկատմամբ՝ 100%, սակայն այդ ցուցանիշը միայն վերջին 4 տարիների ամենաբարձր ցուցանիշն է` ասել է թե Նիկոլ Փաշինյանի կառավարության նախորդ տարիների ծայրահեղ վատ ցուցանիշների համեմատ ըստ ՀՀ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման զեկույցի՝ 2020թ.-ին այն եղել է 84.9%, 2019թ.-ին՝ 73.5%, իսկ 2018թ.-ին՝ 74.0%:
Կապիտալ ծախսերի կատարողականի աննախադեպ ցուցանիշ արձանագրվել է 2017 թվականին։ Այդ տարի կապիտալ ծախսերն ի սկզբանե պլանավորվածի համեմատ գերակատարվել են շուրջ 2.4 անգամ (98.6 մլրդ նախապես պլանավորվածի փոխարեն փաստացի իրականացվելով 237.4 մլրդ դրամ): Հետևաբար, այս ցուցանիշով ներկա կառավարությունը դեռևս հեռու է նախորդ կառավարության դրական արդյունքներից:
Զեկույցում նշվում է, որ 2021 թվականի կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24.7 մլրդ դրամով գերազանցել է 2019 թվականի և շուրջ 65.8 մլրդ դրամով 2018 թվականի նույն ցուցանիշը:
Այս պարագայում կարևոր է նաև ուսումնասիրել տնտեսության համեմատ դրանց կշռի փոփոխությունը, որտեղ պատկերն իրականում մտահոգիչ է, քանի որ կապիտալ ծախսերը 2021թ. կազմել են ՀՆԱ-ի 3.1%, ինչը ցածր է 2020թ. ցուցանիշից շուրջ 0.6 տոկոսային կետով, իսկ 2017թ. ցուցանիշից՝ շուրջ 1.2 տոկոսային կետով, ինչպես նաև ցածր է ՀՀ պատմական (2000-2020թթ. միջին) կապիտալ ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունից շուրջ 0.6 տոկոսային կետով (2020թ.-ի պարագայում կապիտալ ծախսերի կշռի աճը ՀՆԱ-ի նկատմամբ պայմանավորված էր ռազմական գործողությունների արդյունքում ռազմական նպատակներով ծախսեր կատարելու անհրաժեշտությամբ)։ Պատմական միջինի համեմատ կապիտալ ծախսերի ՀՆԱ-ի նկատմամբ կշռի ամենից բարձր, աննախադեպ ցուցանիշն իրականում արձանագրվել է կրկին 2017թ.-ին` կազմելով 4.3%:
Ամփոփելով Կառավարության 2021թ․ կատարողականի զեկույցի տնտեսական հատվածի վերլուծությանը նվիրված հոդվածաշարը՝ պետք է արձանագրել, որ զեկույցում տեղ գտած տնտեսական ոլորտին վերաբերող արդյունքները հիմնականում մանիպուլյատիվ բնույթ ունեն և չեն արտացոլում իրական պատկերը: Վերլուծութունը թույլ է տալիս փաստել, որ Կառավարության գործունեության արդյունքում որևէ էական առաջընթաց չի գրանցվել կարևորագույն թիրախների գծով:
Բացի այդ, զեկույցում չի ներկայացվել 2021-2026թթ. կառավարության ծրագրի մի շարք կարևոր թիրախների կատարման ընթացքը: Փոխարենը 2021-2026թթ. ծրագրի թիրախներից ընտրվել են նրանք, որոնց վերաբերյալ կա աճի պատրանք ստեղծող ցուցանիշ, և ներառվել են զեկույցում, իսկ մյուս թիրախները՝ անտեսվել: