Պատգամավորների մուտքն Արցախ արգելող խաղաղապահների գործողությունները տարակուսանքի տեղիք են տալիս. Նիկոլ Փաշինյան
Այսօր խորհրդարանում Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը հրապարակելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև անվտանգային օրակարգի հարցերին: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, սահմանագծում, սահմանազատում և այս համատեքստում՝ Արցախի կարգավիճակի հստակեցում: Ի դեպ, գործադիրի ղեկավարը մտահոգություններ հայտնեց երեկ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ չթույլատրելու խնդրի առնչությամբ։
Կարգավիճակի մասին իր անդրադարձում Փաշինյանը մի քանի նրբությունների վրա ուշադրություն հրավիրեց:
«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ՝ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները:
Ուզում եմ ընդգծել այս հարցում Հայաստանի վարած քաղաքականության մեջ առկա ևս մեկ նորամուծություն. ինչպես սահմանագծման դեպքում՝ ԼՂ կարգավիճակի հարցում էլ մեզ համար չափազանց կարևոր է հայաստանյան դիրքորոշումների միջազգային լեգիտիմության ամրապնդումը, ու այս առումով էական է այն դատական հայցի հանգուցալուծումը, որը Հայաստանը 2021 թ. սեպտեմբերի 16-ին ներկայացրել է ընդդեմ Ադրբեջանի՝ արդարադատության միջազգային դատարան: Հայցը հիմնված է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի վրա, և մենք հույս ունենք, որ հայցի հանգուցալուծումը, որը շատ արագ չի լինի, էական գործոն կդառնա ԼՂ հայության իրավունքների պաշտպանության ոլորտում և կբարձրացնի ԼՂ կարգավիճակի մասին պատկերացումների նշաձողը»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանը շարունակում է իր գործողություններով ավելի ու ավելի հիմնավոր դարձնել հայկական կողմի ներկայացրած հայցը. որպես օրինակ՝ նա հիշեցրեց Բաքվում բացված «ավարի պուրակը», Արցախում խիստ եղանակային պայմաններում գազ մատակարարող խողովակի պայթեցումն ու գազամատակարարման ընդհատումները, ադրբեջանցիների կողմից բարձրախոսներով հայ գյուղացիներին ահաբեկելու դրվագը, Փառուխում ադրբեջանական ագրեսիան:
«Բայց ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ներխուժելու պատմությունն ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ, և զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը նրա հիմնական և առանցքային խնդիրներից է:
Այստեղ, իհարկե, հարցեր են առաջանում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված: Բայց այս պահին կարևոր ենք համարում, ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար. սա բացարձակ անհրաժեշտություն է և լրջագույն փորձություն ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության համար:
Ի դեպ, այստեղ ուզում եմ զեղում անել տեքստից և ասել, որ տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքն Արցախ: Ինչու է տարակուսանքի տեղիք տալիս, որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի ԼՂ և Հայաստանի կապը:
Եվ, ի դեպ, ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավելևս՝ ԱԺ պատգամավորների շարժն արգելելու կամ արգելափակելու, որովհետև հենց դա դրա համար է, որ ապահովի կապը ԼՂ և Հայաստանի միջև»,- մանրամասնեց վարչապետը: