Ամուսինները ժամերի տարբերությամբ ինքնասպանություն են գործել․ նրանց մահվան հանգամանքները պարզվում են
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Իջևան քաղաքի բնակիչ ամուսինների մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղաթյամբ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Իջևան բժշկական կենտրոնից 2022թ. ապրիլի 8-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում, հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ 24-ամյա բնակչուհին Լուսաձոր բնակավայրի տներից մեկի հարակից անասնագոմի տանիքից պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ քրեական գործ։
Նույն օրը՝ ժամը 20։35-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ստացվել է մեկ այլ հաղորդում ևս՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 35-ամյա բնակչի՝ իր տան նկուղի տանիքից պարանով կախվելու եղանակով ինքնասպան լինելու վերաբերյալ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք ամուսիններ են. որոշում է կայացվել հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու վերաբերյալ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ամուսինների մահվան բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին։