Նվազագույն աշխատավարձը չի բարձրանա. Կառավարությունն ավելի կարևոր հարցեր ունի
Կառավարությունը կրկին մերժեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու՝ ընդդիմության առաջարկը: Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում էր 2023թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68.000-ից դարձնել 80.000 դրամ:
Սա «Հայաստան» խմբակցության երկրորդ՝ լրամշակված նախագիծն էր:
Առաջինը հանձնաժողովում կրկին ստացել էր բացասական եզրակացություն և չէր ընդգրկվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: Կառավարությունը վստահ է, որ նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելը հիմնավորված չէ, և առաջարկվող 17 տոկոսով բարձրացումը կավելացնի պետբյուջեի ծախսը: Դրա փոխարեն՝ առաջարկում է համբերել և սպասել 2026թ: Հենց այդ ժամանակ է կառավարությունն իր 2021-2026 թթ․ ծրագրով նախատեսում քայլեր ձեռնարկել նվազագույն աշխատավարձը մինչև 85.000 դրամ սահմանելու համար: