Հայաստանի դիրքորոշումն այս պահին անհասկանալի է, լղոզված. Քաղաքագետները՝ բրյուսելյան հանդիպման մասին

Ապրիլի 6-ին՝ Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ, քաղաքագետներ Բենիամին Պողոսյանը և Տիգրան Գրիգորյանն առցանց քննարկմամբ անդրադարձան՝ «ի՞նչ է դրվելու բանակցությունների սեղանին» հարցին:

«Թերևս, 34 տարվա ընթացքում, եթե Արցախյան հակամարտության այս նոր փուլը սկսենք 1988 թվականից, երևի առաջին անգամ է, որ մենք ունենք մի վիճակ, երբ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են որոշակի կետերի շուրջ,- նշեց Բենիամին Պողոսյանը՝ հիշեցնելով,- Ադրբեջանը ներկայացրել է 5 կետ, Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ այդ 5 կետն իր համար ընդունելի է, և, ենթադրաբար, առաջ է քաշել ևս լրացուցիչ կետեր, որոնք կարծես թե հրապարակային չեն, բայց ակնարկների մակարդակով ասվում է, որ Հայաստանի կողմից դրանք վերաբերում են Արցախում ապրող հայերի անվտանգության խնդիրներին, իրավունքներին և Արցախի կարգավիճակին»:

Ըստ քաղաքագետի՝ միջազգային գործընկերներին զարմացրել է այս իրավիճակը, որովհետև նման տարածքային պահանջներում առանցքային խնդիրը կարգավիճակի կամ պատկանելության հարցն է, իսկ այժմ առկա է իրավիճակ, երբ կողմերը գոնե հրապարակային հայտարարում են, որ պատրաստ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը:

«Թերևս, առաջին անգամ հետխորհրդային հակամարտությունների պատմության մեջ երկու կողմերն էլ համաձայնում են կարգավիճակի շուրջ, կամ կողմերից մեկը հրաժարվում է իր հիմնական պահանջից՝ որ ոչ, պատրաստ եմ քննարկել ցանկացած հարց՝ բացի նրանից, որ Արցախը որևէ տարբերակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- հավելեց Բենիամին Պողոսյանը:

Քաղաքագետի գնահատմամբ՝ այդուհանդերձ, բրյուսելյան հանդիպումից պետք չէ սպասել որևէ պայմանագրի կամ համաձայնագրի ստորագրում՝ ենթադրելով, որ կստորագրվի հայտարարություն, գուցե միայն Շառլ Միշելի անունից, այնպես, ինչպես նախորդ՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո:

«Չեմ բացառում, որ նաև լինի եռակողմ հայտարարություն, այսինքն՝ լինի նաև պարոն Ալիևի և պարոն Փաշինյանի ստորագրությունը, որտեղ գուցե ևս մեկ անգամ կվերահաստատվի, որ, այո, կողմերը պատրաստ են սկսել խաղաղ բանակցություններ: Չեմ բացառում, որ կլինի նաև որոշակի ուրվագիծ, թե որ սկզբունքների շուրջ են կողմերն արդեն համաձայնել»,- ամփոփեց նա:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ այս հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրված է լինելու ապաշրջափակման գործընթացի վրա:

«Գիտենք, որ ԵՄ-ն վերջին 6 ամսվա ընթացքում ակտիվորեն ներգրավվել է հայ-ադրբեջանական համատեքստում և զբաղվում է ոչ քաղաքական հարցերի միջնորդությամբ: Գիտենք նաև, որ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախորդ հանդիպմանը, կարծես թե, որոշակի համաձայնության են եկել երկաթգծի վերագործարկման սկզբունքների շուրջ: Սակայն ակնհայտ է, որ վերջին սրացումը սահմանին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի թեման ևս չի կարող դուրս մնալ կողմերի ուշադրության կենտրոնից»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Հայաստանի դիրքորոշումն այս պահին անհասկանալի է, լղոզված է: Մեկ այլ խնդիր էլ՝ Ադրբեջանի դիրքորոշումն է՝ այս պահին պատրաստ չէ քննարկել Արցախի որևէ կարգավիճակ անգամ Ադրբեջանի սահմաններից ներս:

«Նրանց մաքսիմումն այս պահին ինչ-որ մշակութային ավտոնոմիայի մասին խոսակցություններն են, ինչն անլուրջ է: Այսինքն՝ այդ հարցի քննարկման դեպքում դուրս է մնում թե՛ Արցախի բնակչության անվտանգության հարցը, թե՛ այլ քաղաքական խնդիրներ: Այս պարագայում, որպեսզի որևէ առաջընթաց լինի այս գործընթացում, կողմերից մեկը պետք է հետընթաց կատարի իր ունեցած դիրքորոշումից»,- հավելեց Տիգրան Գրիգորյանը:

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը որոշակիորեն սխալ է գնահատում ՀՀ-ից եկող ազդակները:

«Տեսանք, որ Ալիևը մի քանի օր առաջ նշեց, որ Հայաստանից դրական ազդակներ են գալիս: Այդ դրական ազդակները, իմ պատկերացմամբ, նրանք կարող էին ստանալ երեք միջոցներով ՝ առաջինը՝ ՀՀ-ի կողմից փոխանցված հավելված առաջարկներն էին, երկրորդը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ, և երրորդը, որն ավելի հավանական է, Ալեն Սիմոնյանի հայտարարությունն է միջխորհրդարանական միջոցառման ժամանակ, երբ նշեց, որ մեզ համար ընդունելի են, սակայն չասեց՝ այդ ընդունելի լինելու երկրորդ մասը, որ մյուս պարագաներում նշում են»,- ասաց Տիգրան Գրիգորյանը՝ նկատելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից եկող ազդակների սխալ գնահատման հետևանքով կարող ենք նոր էսկալացիա ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930