ՌԴ–ն ՀՀ–ին շնորհակալ է նացիզմի հերոսացման դեմ պայքարի բանաձևին աջակցելու համար. դեսպան
Ռուսաստանը երախտապարտ է հայ գործընկերներին նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ամեն տարի առաջադրվող բանաձևին աջակցելու և այն համահեղինակելու համար: «Իրավունք» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ երկրների միջև մշակութային-հումանիտար և համամարդկային կապերը շարունակում են մնալ մեր հարաբերությունների հիմնասյուներից մեկը: Դրանք կառուցված են բարեկամության, փոխօգնության, համատեղ պայքարի ու աշխատանքի, հերոսական հաղթանակների ու մեծ նվաճումների դարավոր հիմքի վրա:
Դեսպանն ընդգծել է՝ այս համատեքստում կարևոր հանգրվան է նացիզմի դեմ ընդհանուր հաղթանակը, և այստեղ Հայաստանի ներդրումը դժվար է թերագնահատել։
Կոպիրկինը ցավով է նշել, որ այսօր նացիզմը կրկին գլուխ է բարձրացնում. եվրոպական տարբեր երկրներում թափ է առնում պատմական ճշմարտությունը կեղծելու, նացիստներին և նրանց հանցակիցներին արդարացնելու, աշխարհը «շագանակագույն ժանտախտից» ազատագրելու գործում ԽՍՀՄ վճռորոշ դերը նսեմացնելու արշավը:
Ինչ վերաբերում է Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Կոպիրկինը նշել է՝ ռուսական կողմը մշտապես ընդգծում է իր հարգանքը Հայաստանի՝ արտաքին քաղաքական կապերը դիվերսիֆիկացնելու ինքնիշխան իրավունքի նկատմամբ՝ այն ըմբռնումով, որ դա չի խաթարի ռուս-հայկական համագործակցությունն ու փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:
«Ռուսաստանը ԵՀՔ ձևաչափի մասնակից չէ, այնուամենայնիվ, դատելով բաց աղբյուրների տեղեկություններից, ռուսական թեմատիկային մեծ ուշադրություն է դարձվել, սակայն զուտ առճակատման առումով։ Մոսկվայի ուղղությամբ Զելենսկու ագրեսիվ ռեպլիկները ոչ միայն կոշտ նախազգուշացում են առաջացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից, այլև տարըմբռնում` հայ հասարակության շրջանում»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Ռուսաստանին և Բելառուսին ի սկզբանե չեն հրավիրել ԵՀՔ հարթակ, հստակ ցույց է տալիս, որ նախաձեռնողները չեն ձգտում միավորող օրակարգ ձևավորել։ Ի տարբերություն նրանց՝ Մոսկվան և Մինսկը առաջ են քաշել եվրասիական մայրցամաքում կայունության ապահովման բաց ճարտարապետության ձևավորման նախաձեռնություն, որը հիմնված է անվտանգության անբաժանելիության սկզբունքների և եվրասիական պետությունների առաջնահերթ պատասխանատվության ապահովման վրա տարածաշրջանի խնդիրների լուծման համար: Կոպիրկինն ընդգծել է, որ պատրաստ են բոլոր այն պետությունների մասնակցությանը, որոնք իրենց հերթին պատրաստ են երկխոսության և կառուցողական համագործակցության։
Ավելի վաղ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են թռչել շքերթի վրայով՝ մեկնաբանելով լուրն այն մասին, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արևմտյան առաջնորդների և հայկական կողմի լռությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների հասցեին հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ, արդեն գրված են պատմական տարեգրության մեջ։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական ուղեգիծը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավման: Նրա խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։



