Բակունցի տան չհրկիզվող պահարանը նրա մոր օժիտի սնդուկն է եղել․ ի՞նչեր են պահպանվում գրողի Գորիսի տանը
Բակունցի շունչն է զգացվում, ամենուր գրողի անձնական իրերն են՝ այգեգործական սրսկիչը, լուսանկարչական ապարատը, պահպանված միակ ճերմակ վերնաշապիկը, մահճակալը, աշխատասեղանը, ընտանեկան լուսանկարները, կենցաղային իրերը, նամակները, ձեռագրերը եւ այլ անձնական իրեր։ Դուք գտնվում եք Ակսել Բակունցի Գորիսի տուն-թանգարանում։ 1968 թվականին հիմնադրված այս տունը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցը, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղն է, որտեղ ցուցադրված են 500-ից ավել ցուցանմուշներ։
Բակունցն ապրել է համեստ, փոքրիկ տան մեջ՝ բաղկացած 4 սենյակներից՝ խոհանոց-հացատուն, երկու ննջարան և հյուրասենյակ։ Տուն մտնելիս նախամուտքում կտեսնեք Բակունցի ձեռքի այգեգործական սրսկիչը: Բավական հնաոճ իր է, Գորիսում՝ առաջինն է: Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ Բակունցը գյուղատնտեսի կրթություն է ունեցել եւ հրաշալի է այգի մշակել:
«Բակունցից առաջ դեռ ոչ-ոք ծառերի վնասատուների դեմ քիմիական պայքար չի իրականացրել: Այդ մշակույթը նա է բերել Գորիս։ Սրսկիչը հիմնական ֆոնդանմուշներից մեկն է եւ ցուցադրության մի մասն է կազմում: Նույն վայրում դրված է տան հին կաղնե դարպասը՝ երկաթե գամերով: Դարբնի աշխատանք է՝ 130 տարեկան: Փայտե դարպասի մի կտորը պահել ենք որպես ցուցանմուշ»,-ներկայացրեց նա:
Տուն մտնելիս ձախ կողմի վրա փոքրիկ հուշային սենյակ կա՝ խոհանոց-թոնրատունն է, որտեղ ցուցադրված են պղնձե եւ կավե կենցաղային իրեր։ Նախքան ապակու լայն տարածումը հիմնականում այս կահկարասիներն են գործածվել Գորիսի գրեթե բոլոր տներում։ Թոնիրը, տան տերերի օրոք ինչպես եղել է, այդպես էլ պահպանվել է: Թանգարանի վարիչը պատմեց, որ ժամանակին Բակունցի հայրը տան այս հատվածը վաճառել է, հետո երբ վերագնել են, թոնիրը փակված է եղել տախտակներով․ «Թոնրատան հատակը տախտակված է եղել: Հանել են, տակը բացվել է թոնիրը, եւ տան օջախը վերականգնվել է»:
Թոնրատան կողքին գրողի ծնողների ննջարանն է, որտեղ ներկայացված են Բակունցի մոր կարի մեքենան, կոմոդը, զգեստը, լուսանկարներ, օժիտի սնդուկը: «Նախկինում բավական տարածված են եղել սնդուկները, որոնք ծառայել են նաեւ որպես չհրկիզվող պահարան: Այն ամբողջությամբ թիթեղապատ է, եւ շատ ամուր փականներով ամրացված: Բակունցի տան ամենաանմատչելի անկյունն է եղել նրա մոր օժիտի սնդուկը: Այստեղ թաքցվել են տան ոսկիները, փաստաթղթեր եւ այլ թանկարժեք իրեր, որոնց հսկողությունը նրա տատի ձեռքին է եղել»,-ներկայացրեց թանգարանի վարիչը:
Բակունցի տանը կա երկու զգեստապահարան, մեկը գրողի սենյակում է, մյուսը՝ նրա ծնողների: Երկուսն էլ պատրաստված են ընկուզենու փայտից եւ ձեռք են բերվել Շուշիից: Բակունցի հայրն է գնել: Հետագայում փոխանցվել է որդիներին, ապա հանգրվանել թանգարանում: Տունը ամբողջությամբ պահպանվել է այնպես, ինչպես եղել է Բակունցի կենդանության օրոք: «Ոչ մի փոփոխություն չկա, միայն կոսմետիկ վերանորոգում է արվել»,-ընդգծեց զրուցակիցս:
Տան հյուրասենյակում ներկայացված է Ակսել Բակունցի կյանքն ու գործունեությունը, առկա են նաեւ հազարավոր գիտաօժանդակ նյութեր: Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղմնավոր գործունեությունը: Այստեղ է պահվում նաեւ նրա գրադարանը: Ցուցափեղկերում տեղադրված են լուսանկարներ, Բակունցի անձնական իրերը: Մի ուշագրավ պնակ կա ցուցադրված, այն Բակունցը գործածել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանում ուսանելու տարիներին: Ափսեի վրա կապույտ տառերով գրված է՝ «ՃՍԵ», որը բացվում է՝ ճեմարան Սուրբ Էջմիածնի:
Ցուցանմուշների մեջ ցուցադրանքի մաս են կազմում Բակունցի շախմատը, նրան հաճախ է հյուրընկալել Փանոս Թերլեմեզյանը: Բակունցի հետ մտերիմ է եղել, գրողի հայտնի դիմանկարը վրձնել է հենց Թերլեմեզյանը: Թանգարանի վարիչը մի հուշ է պատմում․ «Վահան Բակունցը՝ գրողի եղբայրը, պատմում է, թե ինչպես մի անգամ Թերլեմեզյանը թթի օղի շատ գործածելուց վատացել է։ Լուր են ուղարկել Բակունցին, որ գա: Գրողը տուն է եկել ու տեսել, որ բավական տկար է Թերլեմեզյանը, երբ ուշքի են բերել, գրողը բարբառով կատակել է՝ «Փանոս, գործերը խարաբի՞»։ Այստեղ է նաեւ Բակունցի մոր մեծադիր դիմանկարը, որը վրձնել է Մարտիրոս Սարյանը: Մայրը եղել է կապուտաչյա, շիկահեր կին, Բակունցն էլ ժառանգել է այս հատկանիշները»:
Բակունցը սիրել է լուսանկարել, անգլիական արտադրության լուսանկարչական ապարատ է ձեռք բերել, որը եւս ցուցադրանքի մաս է կազմում: Վերջին ցուցասրահը Բակունցի աշխատասենյակ-ննջարանն է: Այստեղ կարող եք տեսնել քաղաքային կյանքը խորհրդանշող եւս մի առարկա՝ Բակունցի սեղանին դրված սրճաղացը:
«Փաստորեն այդ ժամանակներում Գորիսում սուրճն արդեն գործածվել է: Բակունցի մեծադիր կտավ կա կախված նրա ննջարանում՝ Մարիամ Ասլամազյանի վրձնի գործն է: Աշխատասեղանին դրված են Բակունցի թանաքամանը՝ թռչնակերպ փայտյա տուփերով: Ընկուզենու փայտից մյուս պահարանն էլ ահա Բակունցի ննջարանում է, դուռը բաց, Բակունցի միակ պահպանված վերնաշապիկը ի տես»,-ասաց Բակունցի տուն-թանգարանի վարիչը:
Ի դեպ, միայն այս վերնաշապիկն է պահպանվել Բակունցի զգեստապահարանից: Նա կյանքի վերջին տարիները ապրել է Երեւանում, Նալբանդյան փողոցում: Նրա ձերբակալությունից հետո տունը գույքով բռնագրավվել է: Նրա ունեցվածքը, անձնական բազմաթիվ իրեր, փաստաթղթեր անհետացել են: