Ադրբեջանի քաղաքականությունն է անհնար դարձնել արցախահայության ապրելը սեփական հայրենիքում. Փաշինյան

«Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից: Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության հետևանքով»,- Կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում, ապա հավելեց, որ ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը.

«Ի վերջո, ինքը նորոգեց: Արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական:

Եվ ահա, մարտի 18-ին, 11 օր անց 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո, Ադրբեջանը մարտի 21-ին արդեն  առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը՝ այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը»:

Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում: Նա շեշտեց, որ այս իրավիճակը բավարար է հասկանալու, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին:

«Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես: Բայց այս գիտակցմամբ, պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի:

Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությանը կարող է ծանոթանալ՝ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու:

Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում»,- շեշտեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս