«Ես ճանաչում եմ ՀՀ ղեկավարությանը․․․ սխալ ուղու մեջ են․ 5000-ից ավելի հայ երիտասարդներ մահացան, 10.000 վիրավորվեցին, ուրեմն այս մարդկանց արյունն իզո՞ւր գնաց»․ Մայք Սարյան

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Թե ի՞նչ ուսումնասիրությունների վրա հենվելով է նման հայտարարությամբ հանդես եկել նախարար Միրզոյանը՝ պարզ չէ. ցայսօր թեմայի և կոնկրետ այդ հարցի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությունները փաստում են հակառակը՝ ՀՀ քաղաքացիները, ընդհանուր առմամբ, չեն ցանկանում, որ հարաբերություններ հաստատվեն Թուրքիայի հետ:

Ավելին՝ Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի տարեվերջյան հարցումների արդյունքով, օրինակ, Հայաստանի նախարարի բառերով բնութագրվող «բնակիչները» մեր պետության ամենամեծ սպառնալիքը համարել են (հարցվածների 90%-ը) Թուրքիան  (77 տոկոսը) և Ադրբեջանը, իսկ ըստ «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիայի» (Gallup International Аssociation) Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» (MPG) ընկերության երևանյան վերջին հարցումների՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը դեմ են հարցվածների 62,2 տոկոսը:

Ի դեպ, սա միայն Հայաստանում ապրող հայերի արձագանքն է, այս հարցի առնչությամբ հայրենազրկման և Ցեղասպանության ուղղակի ժառանգորդ Սփյուռքի կարծիքը բոլորին է հասկանալի: Թերևս, հենց այս պատճառով է, որ հայրենի իշխանությունները փորձում են ամեն կերպ շրջանցել Սփյուռքը՝ հասկացնելով, որ մանդատ չեն ստանձնում հայ-թուրքական հարաբերություններում խոսել նաև նրանց անունից:

168.am-ի հետ զրույցում սփյուռքահայ գործիչ, բարերար Մայք Սարյանն անդրադառնալով այս իրողություններին՝ նշում է՝ իշխանությունները ճիշտ ճանապարհով չեն ընթանում. խաղաղությունը չպետք է լինի՝ ի հաշիվ հայ ազգի:

«Այո՛, մենք ուզում ենք, որ խաղաղություն լինի, պատերազմ չլինի, բայց ինչ որ ՀՀ ղեկավարությունը կատարում է, սխալ ուղիով է ընթանում. բոլորովին անարգվում են հայ ժողովրդի իրավունքները, հայ ժողովրդի դատը, Ցեղասպանությունը:

Մենք դեմ չենք, որ լավ հարաբերություններ լինեն մեր հարևանների հետ, որևէ մեկը հակառակ չէ դրան, սակայն պետք է մեր իրավունքները պաշտպանվեն, մեր ավելի քան 100 տարվա իրավունքները պետք չէ, որ ոտնակոխ լինեն, և պարզապես, ինչպես ՀՀ ղեկավարն ասաց, ասեն՝ սա մեր հարցը չէ. սփյուռքի հարցն է:

Սա հայության հարցն է: Կարծեմ թե Սփյուռքը և Հայաստանը հայեր ենք, մենք էլ ենք հայ, թուրք չենք, ինչպե՞ս կարող է՝ միայն մեր հարցը լինի և Հայաստանի հարցը չլինի: Իսկապես հիմար ասելիք է սա. չեմ կարող հասկանալ, որ երկրի ղեկավարն այսպիսի արտահայտություն է անում»:

Արարատ Միրզոյանի՝ վերջին աղմկահարույց հայտարարությունը ևս զայրացրել է ամերիկահայ գործչին, նա զարմանքով արձագանքում է՝ արդյո՞ք նախարարի ասվածից հետևում է, որ ամբողջ հայ ժողովուրդը համաձայն է՝ մեր բոլոր իրավունքները տալ թուրքերին, մոռանալ Ցեղասպանությունը:

«Անշուշտ, մինչև վերջ թշնամություն չես անի, բայց իրավունքդ պաշտպանում ես: Իմ հարցը ՀՀ ներկա ղեկավարությանն այն է, որ մեր իրավունքները չեն պաշտպանում և պարզապես այպանում են, թե իրավունք ունենք:

Ես ճանաչում եմ Հայաստանի ղեկավարությանը, հանդիպել եմ մի քանի անգամ. սխալ ուղու մեջ են: 5000-ից ավելի հայ երիտասարդներ մահացան այս պատերազմին, 10.000 վիրավորվեցին, ուրեմն այս մարդկանց արյունն իզո՞ւր գնաց, ի՞նչ պիտի ասեն այն ծնողներին, որ կորցրին իրենց զավակները՝ քո տղան իզո՞ւր մահացավ, մենք թուրքերի հետ համաձայն էինք, և նրանք իզուր մահացան:

Սա ճիշտ չէ: Այսօր մենք դեռ գերիներ ունենք Ադրբեջանում, այդ գերիները դուրս չեն եկել: Իրենք անգամ այպանում են, որ գերի են ընկել. ինչ տեսակ տխմար արտահայտություններ են սրանք»:

Սփյուռքահայ գործիչն այս իրավիճակում շեշտում է Սփյուռքի և Մայր հայրենիքի հայության համերաշխության կարևորությունը՝ նկատելով, որ Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարություններով փորձում են պառակտել նաև այդ համերաշխությունը. «Ինչ թուրքը փորձեց անել և չհաջողեց, մեր հայերը հաջողում են, սա է ցավալի»:

Ի դեպ, դեռ 2018 թվականին նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել էր «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին:

Բարերարին ընդունել էր նաև Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 24-ին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր․

«Երկրորդ խնդիրը Ցեղասպանության ճանաչման խնդիրն է, որի վերաբերյալ մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք Կառավարության ծրագրում: Եվ, իմիջիայլոց, էդ էլ եմ ուզում արձանագրել, որ, այնուամենայնիվ, պիտի արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը… ի վերջո, պետք ա խոստովանել, որ էդ գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ էլ եղել է Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները»:

Տեսանյութեր

Լրահոս