ՀՀ-ի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը, հարցվածների 90%-ի կարծիքով՝ Թուրքիան է, 77 %–ի կարծիքով՝ Ադրբեջանը. IRI-ի հարցում

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի տարեվերջյան հարցումները ցույց են տվել՝ Հայաստանում թերահավատ են վերաբերվում խաղաղության դարաշրջան բացելու՝ վարչապետ Փաշինյանի համոզումներին:

Հարցումներն իրականացվել են. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին. հետազոտությունը ֆինանսավորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը:

Այսպիսով, «ո՞ր 2 երկրներն են Հայաստանի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը» հարցին ի պատասխան՝ հարցվածների 90%-ը նշել է Թուրքիան, 77 տոկոսը՝ Ադրբեջանը:  Ճնշող մեծամասնությունը հենց Թուրքիան և Ադրբեջանն է համարում նաև անվտանգային և տնտեսական սպառնալիք:

Նկատենք՝ միայն 4-5%-ն է համաձայնել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը կբերի Հայաստանի զարգացմանը, իսկ զարգացման հեռանկարներն ամենաշատը կապել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Ֆրանսիայի հետ:

Կրկին հայ-թուրքական հարաբերությունների ու ապաշրջափակման օրակարգերի մասին

47 տոկոսի համոզմամբ՝ Հայաստանը երկխոսություն պետք է սկսի Թուրքիայի հետ՝ միաժամանակ հետամուտ լինելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգին, իսկ 48 տոկոսի կարծիքով էլ՝ Հայաստանը պետք է առաջ քաշի սեփական նախապայմանները, ինչպիսին է՝ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղությանը չխոչընդոտելը:

Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին. հարցվածների մեծամասնությունն ընդունելի լուծում է համարում Արցախի անկախության ճանաչումը կամ Հայաստանի Հանրապետության մաս դառնալը:

Հարցվածների 27 տոկոսը դրական է համարում Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի վերագործարկման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա, իսկ 59 տոկոսն այն համարում է բացասական։ Թուրքիայի դեպքում՝ 35 տոկոսը դրական է համարում, 53 տոկոսը՝ բացասական։

Հայաստանի իշխանությունների ու պետական կառույցների հանդեպ բնակչության վերաբերմունքը՝ թվային պատկերով

Եթե դեռ մայիս ամսին հարցվածների 43 տոկոսն էր կարծում, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, իսկ 20 տոկոսը՝ սխալ, ապա դեկտեմբերին արդեն 46 տոկոսը նշել է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ, իսկ հակառակի մասին՝  34 տոկոսը:

61 %-ի կարծիքով՝ երկիրը կառավարվում է ի շահ որոշ խմբերի, ու միայն 31 %-ն է հավատում, որ կառավարումն ի շահ մեծամասնության է, հարցվածները գոհ են ՄԻՊ-ի աշխատանքից և չափազանց դժգոհ՝ խորհրդարանից: Վարչապետի գրասենյակի աշխատանքներից չափազանց գոհ է 19 տոկոսը և չափազանց դժգոհ՝ 33 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս