«Ադրբեջանի նման պահվածքը հումանիտար ահաբեկչություն է՝ ուղղված արցախահայության դեմ». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ ռուսական կողմի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ շարունակվում են, սակայն դրանք դեռևս որևէ արդյունք չեն տվել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Քննարկումները, բանակցությունները շարունակվում են։ Ադրբեջանի պահվածքը ատելության դրսևորում է, ուրիշ ոչ մի բան»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբից սպասելիքներին, Դավիթ Բաբայանը նկատեց՝ իհարկե, հայտարարությունները կարևոր են, բայց միայն դրանցով չպետք է սահմանափակվել,  դրանից բացի, պետք է նաև այլ աշխատանք իրականացվի։

«Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը Ռուսաստանն է, և ռուս խաղաղապահ առաքելությունն այստեղ ներգրավված է բանակցություններում։ Ադրբեջանի նման պահվածքը հումանիտար ահաբեկչություն է՝ ուղղված արցախահայության դեմ»,- հավելեց Դ. Բաբայանը։

Անդրադառնալով այն կարծիքներին, որ ադրբեջանական կողմն իր ագրեսիվությունն Արցախում ավելի մեծացրեց այն բանից հետո, երբ Արցախը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա, Դավիթ Բաբայանը նշեց, որ չի կարծում, թե Արցախում վերջին շրջանի լարվածությունը կապ ունի հումանիտար օգնության հետ։

«Այստեղ այլ պատճառ կա՝ Ադրբեջանում հայատյացությունը պետական գաղափարախոսություն է, սա նացիզմի դրսևորումներից մեկն է, իրենք ունեն նաև ռուսատյացություն։ Այսինքն՝ այն քայլերը, որոնք նրանք իրականացնում են, ուղղված է և՛ մեր, և՛ Ռուսաստանի դեմ, սա ակնհայտ է։ Ադրբեջանը հետևում է գործընթացներին և աղոթում, որ Ուկրաինայում Ռուսաստանը ձախողի, թուլանա ու մասնատվի։ Բնականաբար, նրանց սպասելիքները չեն արդարանա»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ մարտի 7-ից Արցախի Հանրապետությունը զրկված է գազամատակարարումից։ Վնասվել է Հայաստան-Արցախ գազատարը, որի վերականգնմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը, նրանց հետ ռուսական կողմը սկսել է բանակցություններ։

Տեսանյութեր

Լրահոս