Բաժիններ՝

Դևիդ Քեմերոնը չի բացառել ԵՄ-ի փլուզումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ-ի կազմից, եթե Բրյուսելը չհամաձայնի դրանում թագավորության մասնակցության բանաձևի փոփոխումը: Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի՝ այսօր Ամստերդամում ունենալիք ելույթում, որի հատվածներից հրապարակվել են մամուլում:

Պլանավորված է, որ բրիտանական կառավարության ղեկավարը Նիդերլանդների մայրաքաղաքում հստակ պատասխան է տալու մոտակա տարիներին ԵՄ-ի հետ իր երկրի հարաբերությունների մասին: Քեմերոնն այդ ելույթի վրա աշխատել է մի քանի ամիս և կարծում է, որ այն առանցքային դերակատարություն է ունենալու Միացյալ թագավորության արտաքին քաղաքականության համար:

Սակայն Քեմերոնն Ալժիրում պատանդների վերցման պատճառով հետաձգել է իր այցը և մնացել է Լոնդոնում՝ տվյալ ճգնաժամի հաղթահարման համար: Միևնույն ժամանակ նա անհրաժեշտ է համարել բավարարել բրիտանական ու եվրոպական հասարակության հետաքրքրությունը, և այսօր նրա մամուլի ծառայությունը հրապարակել է նրա ելույթի մի շարք հատվածներ:

Դրանցում Քեմերոնն ընդգծում է, որ կցանկանար, որպեսզի հետագայում Մեծ Բրիտանիան կարևոր և ակտիվ դեր խաղար ընկերակցությունում: Սակայն ԵՄ-ի ներսում առկա ներքին խնդիրների պահպանումը բավական նվազեցնում է դրա հավանականությունը: Քեմերոնի խոսքերով՝ ներկայումս ԵՄ-ի գլխավոր խնդիրներն են եվրոգոտւ տնտեսական ճգնաժամը, անբավարար մրցունակությունը և ֆեդերատիվ Եվրոպայի գաղափարի հանդեպ հասարակական աջակցության զգալի նվազումը.

«Եթե ստատուս քվոն պահպանվի, վտանգ կա, որ եվրոպական նախագիծը կարող է փլուզվել: Գոյություն ունեցող խնդիրների անտեսումը բրիտանացիներին կստիպի դուրս գալ ընկերակցությունից: Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա: Ես միացյալ Եվրոպային մաղթում եմ հաջողություն և ձգտում եմ այնպիսի ձևաչափի հարաբերությունների, որոնք մեզ հնարավորություն կտան մնալ ԵՄ-ում»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Քեմերոնը հայտարարել էր, որ մտադիր է երկրում հանրաքվե անցկացնել Միացյալ թագավորության ու ԵՄ-ի փոխհարաբերությունների վերաբերյալ: Ոչ վաղ անցյալում այդ խնդրի վերաբերյալ Մեծ Բրիտանիայում անցկացված հարցախույզը վկայել է, որ բրիտանացիների 51 տոկոսը դեմ է, որ Միացյալ թագավորությունը հետագայում մնա ԵՄ-ի կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս