Չավուշօղլուի հայտարարությունից ընդամենը հաշված ժամեր անց Ադրբեջանը հերթական պրովոկացիայի է գնում. Տաթևիկ Հայրապետյան
Մինչ հայրենի իշխանությունները տարբեր առիթներով հաստատում են իրենց հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու վեհ առաքելությանը, Հայաստանի պետական սահմաններին ու Արցախում ադրբեջանական սադրանքների պակաս չի զգացվում:
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է,- այսօր հայտնել էին ՀՀ ԱԳՆ-ից, իսկ զուգահեռ իրականությունում ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էր,- Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»։
Ի դեպ, ՀՀ պետական սահմանի այս թիրախավորմանը նախորդել էին Արցախի Հանրապետության Խրամորթ և Նորաշեն գյուղերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքները, որոնք հիմնականում արտահայտվում էին անկանոն կրակահերթերով և բարձրախոսով շրջանը լքելու վերաբերյալ հայալեզու կոչերով։
«Եթե ուշադրություն դարձնենք, գրեթե մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե իբրև հայկական կողմերը խախտում են հրադադարի ռեժիմը, և դրան հաջորդում էր հայկական կողմից համապատասխան ժխտումը: Այս գործողությունները հիմք էին տալիս ենթադրելու, որ իրենք ինչ-որ սադրանքների են պատրաստվում գնալ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իրավիճակին՝ նշեց ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Ադրբեջանագետն ուշադրություն հրավիրեց ռուս-ուկրաինական հակամարտությունից օրեր առաջ Ալիևի Մոսկվա այցի ու փոխգործակցության հռչակագրի կնքման հանգամանքների վրա՝ նկատելով, որ գուցե որոշակի պայմանավորվածություններ են եղել, որ Ադրբեջանը սահմանին հերթական սադրանքի չգնա: Ըստ նրա, սակայն, ադրբեջանական կողմը շարունակում է պարբերաբար շոշափել հնարավորությունները՝ ինչպես, օրինակ, Խրամորթում:
«Այսուհանդերձ, Չավուշօղլուի այցը Բաքու, կարծում եմ, կարևոր դեր ունեցավ Ադրբեջանի հերթական գործողությունների հարցում: Չավուշօղլուն բաց տեքստով հայտարարեց, որ ինքն այնտեղ է, որպեսզի մշակեն իրենց համատեղ ծրագրերն այս աշխարհաքաղաքական իրավիճակում, կրկին ասպարեզ բերեց, այսպես կոչված, «միջանցքի մասին» իրենց թեզը՝ նշելով, որ կարևոր նախագծեր կան իրականացնելու, որոնցից մեկն էլ դա է: Հետո համատեղ հայտարարություններով հանդես եկան, ըստ որի՝ առաջարկում են «խաղաղության պայմանագիր», իսկ մենք առիթներ ունեցել ենք խոսելու այն մասին, թե դրա ներքո ինչ են հասկանում Ադրբեջանը և Թուրքիան. դա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ առաջարկ է ՀՀ պետականության դադարի մասին:
Եվ ահա դրանից ընդամենը հաշված ժամեր անց Ադրբեջանը հերթական պրովոկացիայի է գնում, որի հետևանքով մենք, ցավոք, ունենք զոհ և վիրավոր»,- հավելեց Տաթևիկ Հայրապետյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե այս իրավիճակում ԱԳ նախարարը հաստատում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին իր մասնակցելու մասին տեղեկությունները, և հարցադրումին՝ արդյո՞ք հասկանալի են հայրենի իշխանությունների քայլերը, երբ խաղաղության մասին է խոսվում, երբ սահմանին ակնհայտ խաղաղ չէ, մեր զրուցակիցը նշեց. «Ավելին ասեմ՝ ընդամենն օրեր առաջ մեր երկու հայրենակիցներն Ադրբեջանում ապօրինաբար դատապարտվեցին 18-19 տարվա ազատազրկման, ինչի շուրջ որևէ վերաբերմունք չարտահայտվեց: Այսինքն՝ եթե գործելաոճին նայենք, մեր ներսում արդարացիորեն բազմաթիվ հարցեր կծագեն:
Նկատենք, նույնիսկ մեկնաբանելով օրերս Չավուշօղլուի ասածը «միջանցքի մասին», ԱԳՆ-ն դա որակում է «անհասկանալի խոսույթ», ինչը, ըստ իս, ավելի հասկանալի է. դրա փոխարեն՝ այդ անատամ, անբովանդակ, ոչինչ չասող հայտարարություններն ուղղակի հարցեր են առաջացնում:
«Օրինակ, նույն այդ «միջանցք» ասվածի հետ կապված՝ կարելի էր ուղղակի փորձել հեռախոսազրույց կազմակերպել իրանական գործընկերոջ հետ՝ իմանալով Իրանի հստակ դիրքորոշումն այդ հարցում, և վերահաստատել. դրանով արդեն ամեն ինչ ասված էր, դրանով արդեն տրված էր Չավուշօղլուիի հայտարարության պատասխանը:
Կամ՝ խոսում են խաղաղությունից. շատ լավ է, Ալիևը ևս խոսում է խաղաղությունից՝ դրա տակ դնելով բովանդակություն: Ի՞նչ է ձեր ասած խաղաղությունը, ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղություն, երբ հերթական անգամ մարդիկ զոհվում են սահմանին, երբ մեր հայրենակիցներն ահաբեկչական գործողությունների են ենթարկվում Արցախում»:
Ադրբեջանագետը շեշտեց՝ խաղաղությունը պետք է բովանդակություն ունենա, կարմիր գծեր պետք է ունենա՝ մինչդեռ իշխանությունների պատկերացրած խաղաղությունն անհասկանալի է՝ ինչպես ներհայաստանյան հանրույթի, այնպես էլ՝ միջազգային գործընկերների համար: