
Հայկական կողմում զոհ և վիրավոր կա

168.am-ի տեղեկություններով, ադրբեջանական կողմը այսօր կրակ է բացել Երասխի ուղղությամբ: Կրակոցները տևել են մոտ 1.5 ժամ: Մեզ փոխանցված տեղեկություններով հայկական կողմում զոհ և վիրավոր կա: 168.am-ը տևական ժամանակ է՝ փորձում է ՀՀ պաշտպանության նախարարությունից ճշտել տեղեկության իսկությունը, սակայն ապարդյուն: ՊՆ-ից զանգերին չէին պատասխանում:
Քիչ առաջ ՊՆ–ն հաղորդագրություն տարածել, որում ասված է․
«Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։