«Գնալով պատանդն ենք դառնում նախկիններ-ներկաներ մոտեցման». Արմեն Գևորգյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը,  «Հետպատերազմյան Հայաստան. Հայկական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով թեմային,  ռիսկային համարեց հանրության կենտրոնացումն օրվա խնդիրների վրա:

Պատգամավորն արձանագրեց. «Այնուամենայնիվ, ես հայկական օրակարգ ասելով՝ տեսնում եմ միտում դեպի ապագա, շարժում, դինամիկա, որովհետև անընդհատ դոփել խնդիրների մեջ և ապրել սպասումներով, որ՝ հիմա ինչ-որ բան կլուծվի, իսկ հանրության մի զգալի մասն էլ ապրում է արտաքին սպասումներով, ազդակներով, դա բերում է իրավիճակի, երբ դու ինքդ ոչինչ չես անում, անընդհատ գտնվում ես ռեֆլեքսային վիճակում»:

Նախկին փոխվարչապետը նշեց՝ իր համար հայկական օրակարգն ունի երեք հարթություն՝ ներպետական, համահայկական, աշխարհաքաղաքական: Այս երեք հարթություններում նա առանձնացրեց քննարկման երկու հիմնական օբյեկտ՝ հայկական պետության որակի խնդիրը և պետության ներսում հանրային հարաբերությունների բնույթը:

Անդրադառնալով ռիսկերին՝ Արմեն Գևորգյանը դրանք որակեց տեխնոլոգիական՝ մանրամասնելով. «Ռիսկ եմ տեսնում մեր ներքաղաքական գործընթացներում՝ այն առումով, որ մենք անընդհատ խոսում ենք անցյալի ու ներկայի մասին, և այնուամենայնիվ, չենք կարողանում կենտրոնանալ ապագայի, ելքերի, խնդիրների վրա, և այդ քննարկման շուրջ կոնսենսուս չի ձևավորվում:

Երկրորդը՝ որ մենք պատանդն ենք դառնում «նախկիններ և ներկաներ» մոտեցմանը: Այնպես է ստացվում, որ այդ բանաձևի մեջ, կարծես թե, նաև այլընտրանք չկա, ինչը շատ վտանգավոր է։ Կարծում եմ՝ մենք պետք է դրա մասին լուրջ մտածենք և  խոսենք։

Երրորդ ռիսկը, որ կարձանագրեի, այն է՝ արդյո՞ք այսօր բոլորս միասին Հայաստանում և Սփյուռքում ունենք ունակությունը՝ ճիշտ, համարժեք գնահատել մեր համազգային ռեսուրսները և, միգուցե, դրա զարգացման հեռանկարները»:

Տեսանյութեր

Լրահոս