Չավուշօղլուն օգնություն է խնդրել Լավրովից Ուկրաինայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին տեղեկացրել է Կիևի հետ բանակցությունների հարցում Մոսկվայի մոտեցման մասին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Լավրովը տեղեկացրել է Ուկրաինայում իրավիճակի զարգացման մասին՝ հատուկ ռազմական գործողության լույսի ներքո, նախանշել է մեր սկզբունքային մոտեցումները՝ կապված Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորության հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Թուրքիայի նախաձեռնությամբ։
Նախարար Լավրովը նաև ընդգծել է, որ առաջնահերթությունը խաղաղ բնակչության անվտանգության ապահովումն է։
Չավուշօղլուն իր հերթին օգնություն է խնդրել Ուկրաինայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում։
«Ի պատասխան՝ տրվել են հավաստիացումներ, որ արվում և արվելու է այն ամենը, ինչ կախված է ռուսական կողմից՝ հասկանալով, որ Ուկրաինայի զինված ուժերը և նեոնացիստական գումարտակները չեն օգտագործի օտարերկրյա քաղաքացիներին իրենց հանցավոր նպատակներն առաջ տանելու համար», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարները նաև պայմանավորվել են շարունակել շփումները։
Լավրովը Թուրքիայի արտգործնախարարին տեղեկացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին