Միութենական պետությունը ստեղծվելու է և շատ արագ. քաղտեխնոլոգ

«Ռուսաստանի Դաշնությունը քաղաքականություն է վերցրել  ԱՊՀ տարածքներում ՌԴ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, իսկ ՀՀ-ն ԱՊՀ անդամ է: Բնականաբար, դա ազդելու է Հայաստանի հետագա քաղաքական գործընթացների վրա»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Հայաստանի վրա ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցություններին:

Քաղտեխնոլոգն ուշադրություն հրավիրեց այս գործընթացներում ՌԴ դիրքորոշման վրա՝ ինչպես ՌԴ-ն պատրաստվեց իրականացնել այդ ռազմական գործողությունները, ինչպես էր ժամանակին Արևմուտքին կոչ անում  գնալ խաղաղ բանակցությունների, և ինչպես Արևմուտքը չհամաձայնեց դրան:

Արմեն Բադալյանի համոզմամբ՝  ՌԴ-ն այլ ելք չուներ,  քան իր անվտանգությունն ապահովելը. «Ուկրաինայի տարածքում ապագայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը և հրթիռային համակարգերը, որոնք այսօր չկան, բայց կարող են լինել, խիստ վտանգավոր են Ռուսաստանի համար. Խարկովից գերձայնային հրթիռը Մոսկվա կարող է հասնել 4-5 րոպեում»:

Նրա գնահատմամբ՝ այս գործողության  նպատակն Արևմուտքի կողմից ձևավորվող հակառուսական նախագիծը չեզոքացնելն էր:

Այս իրողությունների համատեքստում անդրադառնալով ռուս-ադրբեջանական հռչակագրին՝ Արմեն Բադալյանն այն որակեց հակակշիռ ադրբեջանաթուրքական Շուշիի հռչակագրին: Ըստ նրա՝ սա վկայում է Ադրբեջանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին:

«Այսինքն՝ Ռուսաստանն Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավում է՝ կնքելով այդ պայմանագիրը, որը նվազեցնում է Շուշիի հռչակագրի նշանակությունը և ամրապնդում իր դիրքերն Ադրբեջանում, Ուկրաինայի հետ կապված՝ ռազմական ուժով է իրականացնում, Բելառուսի հետ այլ քաղաքականություն է իրականացնում, Վրաստանը վերջին շրջանում, եթե նկատել եք, աշխատում է չանել քայլեր, որով կզայրացնի Ռուսաստանին՝ չնայած այնտեղ նույնպես դեպի ՆԱՏՕ և ԵՄ ուղղվածությունը կա: Սա, բնականաբար, չի կարող չազդել Հայաստանի վրա, որովհետև գիտենք՝ ՌԴ նախագահը ՀՀ ղեկավարին պաշտոնական այցով հրավիրել է ՌԴ»,- ամփոփելով իրավիճակը՝ նշեց քաղտեխնոլոգը, ապա հիշեցրեց Բելառուսի նախագահի հայտարարություններն ու ակնարկները միութենական պետության մասին.

«Երբ տեսնում ենք Ադրբեջանի հետ կնքված համաձայնագիրը, Ուկրաինայում իրականացվող քաղաքականությունը, սկսում ենք արդեն գալ եզրակացության, որ Լուկաշենկոյի ասածը հենց այնպես օդում կրակոց չէր: Դա, ամենայն հավանականությամբ, առաջին քայլն էր՝ ուղղված ՀՀ իշխանություններին՝ առ այն, որ փախչելու տեղ չունեք, ուր էլ գնաք՝ գալու եք միութենական պետություն»:

Բանախոսը, սակայն, շեշտեց, որ միութենական պետությունը չպետք է ընկալել  նախկին ԽՍՀՄ օրինակով, որովհետև  ՌԴ նախագահն իր ելույթում քննադատեց ԽՍՀՄ քաղաքականությունը:

«Միութենական պետությունը ստեղծվելու է և շատ արագ, որի նպատակն է՝ 2024 թվականից հետո փորձել այնպիսի համակարգ ստեղծել ԱՊՀ տարածքում՝ Բելառուսից մինչև Միջին Ասիա, որտեղ Ռուսաստանն այդ տարածքներից վտանգ չպետք է զգա: Տեսնում ենք, որ այդ ամբողջ պրոյեկտը մտնում է  շատ ակտիվ և ավարտական փուլ. Բելառուսի հետ կկնքվի այդ համաձայնագիրը, Ուկրաինան չեզոքացվում է՝ որպես հակառուսական նախագիծ, Ադրբեջանի հետ կնքվեց այդ համաձայնագիրը օրերս, Հայաստանի հետ, ամենայն հավանականությամբ, կկնքվի (ենթադրում եմ՝ այն արդեն պատրաստ է և ուղղակի դնելու են ՀՀ վարչապետի դիմաց, ասեն՝ կարդա, և եթե չհասկանաս, խնդիր չի,  դու ստորագրի, մենք կբացատրենք՝ ինչ է այնտեղ գրված):  Վրաստանը չեզոքություն կդրսևորի, որովհետև ուզի թե չուզի՝ ռուսական շուկան և ռուսական տուրիզմն իր համար էականորեն կարևոր են, իսկ առանց ռուսական շուկայի՝  վատ կլինի. տարբեր զարգացումներ կլինեն միջինասիական հանրապետությունների հետ կապված, չնայած այնտեղ պայքար կա Չինաստանի և այլ երկրների հետ, տեսանք՝ առաջին գործընթացը Ղազախստանում էր, իսկ հետագայում իր դիրքերը կամրապնդի»,- եզրափակեց Արմեն Բադալյանը:

Տեսանյութեր

Լրահոս