Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագրին
Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները փետրվարի 17-ին կայացած լիագումար նիստում հավանություն են տվել հանրապետության եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագրի վավերացման մասին օրինագծին: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագիրն ստորագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Նուր Սուլթանում՝ 1994 թվականի մարտի 28-ի համանման պայմանագրի փոխարեն:
Ավելի վաղ Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Դարին Տույակովը խորհրդարանականներին հայտնել էր, որ պայմանագիրն ստորագրվել է րկու պետությունների միջեւ ռազմական համագործակցության հետագա զարգացման եւ արդիականացման նպատակով, քանի որ 1994 թվականի պայմանագրի դրույթները «հնացել են՝ հաշվի առնելով արդիականության իրողությունները»:
Պայմանագրի նորմերն ուղղված են ռազմական համագործակցության իրագործմանը զորքերի կիրառման համատեղ պլանավորման գործում՝ ի շահ պետությունների անվտանգության ապահովման եւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության այլ ուղղությունների շուրջ փոխգործակցության:
Պայմանագիրը հնարավորություն է տալիս ռազմական համագործակցություն իրականացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օպերատիվ եւ մարտական պատրաստությունը, խաղաղապահ գործունեությունը, ռազմական կրթությունն ու գիտությունը, զորքերի գործունեությունը եւ դրանց համակողմանի ապահովումը, երկկողմ նորմատիվա-իրավական բազայի կատարելագործումը, մշակույթը, սպորտը եւ ռազմական համագործակցության մյուս ուղղությունները: Խորհրդարանի կողմից ընդունված օրենքը ներկայացվել է պետության ղեկավարի ստորագրմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: