Հայկական կողմը զառանցում է առանց նախապայմանների խաղաղ պայմանագրի ստորագրման մասին, իսկ Ալիևն իր նախապայմաններն է դրել. ադրբեջանագետ

Ադրբեջանի նախագահն Աղդամ կատարած այցի ընթացքում կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին, հստակեցրել գլխավոր նախապայմանը՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունումը:

Բաքվի բռնապետը վստահություն է հայտնել, որ աշխատանքը, որն այժմ կատարում է Ադրբեջանը, «այդ թվում և՝ ռազմաշինության ոլորտում, էլ ավելի կուժեղացնի երկիրը և կդառնա Հայաստանում բարձրացած ռևանշիստական ուժերի պատասխանը»։

«Մենք մեր հողում ենք։ Մենք վերադարձել ենք այդ հող՝ արյուն թափելով, շեհիդների կյանքի գնով։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա և ապրելու ենք այստեղ։ Ղարաբաղն Ադրբեջան է»,- նշել է Իլհամ Ալիևը:

Որքանո՞վ է իրատեսական այս նախապայմաններով համաձայնագրի ստորագրումը՝ 168.am-ը հետաքրքրվեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից: Ի պատասխան՝ ադրբեջանագետը համոզում հայտնեց, որ այս իշխանությունների պարագայում այդ սցենարը լիովին իրատեսական է:

«Նրանք այնքան են տարված պոտենցիալ եկամուտներով և սեփական գրպանները լցնելով, որ կստորագրեն ցանկացած փաստաթուղթ»,- ասաց նա:

Ադրբեջանագետի գնահատմամբ՝ վերջին մի քանի տարում Ալիևի սաստկացող հռետորաբանությունը հայկական կողմի լռության պատճառով է, որովհետև «սրանք ամեն ինչ կուլ են տալիս և ձայն չեն հանում»:

Հենց այս համատեքստում նա ուշադրություն հրավիրեց նաև երկու կողմերից հնչող հայտարարությունների վրա՝ արձանագրելով. «Հայկական կողմը շարունակում է զառանցել առանց նախապայմանների խաղաղ պայմանագրի ստորագրման մասին, իսկ Ալիևը հստակ իր նախապայմաններն է դրել: Այսինքն՝ այդ խաղաղ պայմանագրի մի կողմը մի բան է ասում, երկրորդ կողմը՝ հայկական կողմը, ստում է հանրությանը, փորձում քնեցնել մեր զգոնությունը և ուշադրությունը՝ անընդհատ երգելով այդ «առանց նախապայմանների երգը»»:

Լեռնային Ղարաբաղի ճակատագրի, կարգավիճակի վերաբերյալ մեր հարցերին ի պատասխան էլ՝ Արմինե Ադիբեկյանն արձանագրեց՝ այս իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի այդ հարցն իրենց ուսերից գցեն:

«Դուք նկատե՞լ եք, որ ՀՀ իշխանություններն այդ թեման երբեք չեն բերում ներքին օրակարգ: Դա չկա: Կան ճանապարհներ, կա միջանցք, խաղաղ պայմանագիր, բարեկամություն, ադրբեջանցիների և թուրքերի հետ «լպստվելու» թեմա, բայց Արցախի կարգավիճակ, Արցախի ապագա, Արցախի ժողովրդի ճակատագիր՝ այդ հարցերը ՀՀ իշխանություններին բացարձակապես չեն հետաքրքրում. դրանք այդ բեռն իրենց ուսերից շպրտել են. ով ուզում է՝ թող զբաղվի այդ հարցով, դա այլևս մեր խնդիրը չէ,- շեշտեց ադրբեջանագետը, ապա անդրադառնալով Ալիևի կողմից ռևանշիստական որակվող ազգային ուժերին լռեցնելու մասին հայտարարությանը՝ վստահեցրեց, որ դա իրականացվելու է հենց Փաշինյանի թույլտվությամբ,- Այստեղ Ալիևն ու Փաշինյանը միաձայն են, միասին են այդ գիծը տանում:

Ալիևը շատ ողջամտորեն վախենում է, որ նման բան կարող է տեղի ունենալ, ու իր հաղթանակը, իսկ իրականում՝ թուրք եղբայրների նվերը, հնարավոր է՝ ձեռքից տանեն, ու նա իր կյանքի, կարիերայի ավարտին  կանգնի այն կոտրված տաշտի առջև, որից նա սկսել է, որից սկսել է նրա հայրը: Նա, իհարկե, վախենում է և, իհարկե, անելու է ամեն բան, որ նման սցենար կյանքի չկոչվի, և Փաշինյանն այդ ուղղությամբ ինքնամոռաց աջակցում է իր թուրք մեծ եղբորը»:

Արմինե Ադիբեկյանը, այդուհանդերձ, դեռևս հավանական չի համարում ազգային ուժերի կողմից որևէ քայլի ձեռնարկում՝պարզաբանելով. «Ուժերը դեռ թող իրենց ռեսուրսները կուտակեն, հասկանան՝ ինչ ունեն ու ուր են ուզում գնալ, հետո կխոսենք մնացածի մասին. դա էլ ողբերգության հակառակ կողմն է»:

Տեսանյութեր

Լրահոս