Փաշինյանի նախընտրական խոստումները և տաքսի վարող սպաները

«Տաքսի» ծառայություններից, տաքսիներից ամեն օր չէ, որ օգտվում եմ, բայց երբ պատվիրում եմ, հիմնականում վարորդը զինվորական է լինում, պահեստազորի սպա: Մեկ-մեկ ամաչում եմ ասել, գուցե չհավատան, բայց այդպես է: Ընկերներիցս նույնիսկ կատակում են՝ «արյունները քաշում է»:

Զրուցում ենք:

Մեկը պատմում է, թե ինչպես վերջապես սկսեցին նոր համազգեստ և իսկական զինվորական «բատինկա» հագնել, երբ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր, հետո շարունակում, որ իր համար ընդունելի էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Հանուն արդարության և առանց որևէ կողմնապահության պետք է ասել, որ ինձ պատահած առաջին զինվորական վարորդը չէր, որ ընդունում էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, և ոչ թե…

Մի առիթով գրել եմ, թե ինչպես երեք պատերազմ տեսած զինվորականը, որ զորացրվելուց հետո իր օրվա հացը վաստակում էր տաքսի վարելով, չցանկանալով գնահատական տալ պաշտպանության նախարարներին, շրջվեց դեպի ինձ և ասաց.

«Գիտե՞ս, երբ Սերժ Սարգսյանը որոշեց հեռանալ, երբ բողոքի ակցիային միացան խաղաղապահ բրիգադի զինծառայողները, այսինքն՝ երբ բանակը, այսպես ասած, դուրս եկավ մերժելու, եթե համարենք, որ այս մի քանի հոգին բանակն է… Չգիտեմ՝ կարողացա՞ ասելիքս տեղ հասցնել»:

Պատասխանեցի՝ հասկանում եմ, թե ինչ եք ուզում ասել… ուրացում է գուցե, երբ բանակից իր դեմ են դուրս գալիս…:

Լռություն, էլ ոչ մի բառ, որովհետև զրուցակիցս «օպերատիվնիկ» էր: Իսկ ես ամբողջ ճանապարհին զրուցակցիս ասածի վրա մտածեցի, թերևս, ճշմարտության հատիկ կա:

Իսկ միգուցե 2018-ին Սերժ Սարգսյանն ավելի խորությամբ հասկացավ, թե զինվորականությանը, բանակը խառնելով ներքաղաքական իրադարձություններին՝ ինչ ծանր հետևանքներ կարող էր ունենալ աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների «հեղափոխական տեխնոլոգների» այդ քայլը բանակի և պետության համար, և որոշեց ինքը հեռանա… Գուցե:

Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով:

Շատերի համար հասկանալի էր՝ այդպիսով ինչ տեխնոլոգիա էին կիրառում «հեղափոխություն» կոչվածի բուն կազմակերպիչները:

Օրերս էլ ինձ պատահած զինվորական վարորդը, որը պատերազմի ժամանակ գործող սպա էր և Քարվաճառում էր եղել, իսկ հիմա՝ պահեստազորում, կիսաջղային, կիսահուզված պատմում էր, թե ինչ ուժեղ տղերք ունենք, թե ոնց են հազարից ավելի թուրքի սատկացրել, մինչդեռ պատերազմից հետո անընդհատ տեսանյութեր էին պտտվում, թե հայ զինվորը խեղճ է, թուրքի զինվորը գոռում է հայ զինվորի, սպայի վրա, հայ զինվորը փախնող է…

«Գիտե՞ք՝ ինչ տղերք ենք ունեցել կռվի ժամանակ, ինչ տղերք ունենք հիմա բարդ տեղերում կանգնած, ո՞նց կարելի է բանակը վարկաբեկել,- շարունակեց խոսքը՝ ջղային, նեղված, հպարտ, հետո հավելեց,- Եթե պատերազմի սկզբից Միքայել Արզումանյանը լիներ ՊԲ հրամանատար, կարծում եմ, որ իրավիճակը մի քիչ ուրիշ կլիներ, Միշկան միացավ, երբ արդեն իրավիճակ էր փոխվել:

Մենք կփրկվեինք, եթե բանակի ղեկավարը Խաչատուրովի տղան լիներ՝ Գրիգորի Խաչատուրովը՝ իր թիմով»:

Կարճ անդրադարձավ նաև Օնիկ Գասպարյանին՝ ասելով, որ լավ զինվորական է, բայց հետո էլ ոչինչ չշարունակեց… լռեց… Քիչ հետո տեղ հասա, զինվորական վարորդը հրաժեշտ տվեց․ ափսոս, զրույցը կարճ տևեց:

Նշենք, որ Միքայել Արզումանյանը ՊԲ հրամանատար է նշանակվել 2020-ի հոկտեմբերի 27-ին, երբ արդեն շատ տարածքներ էինք կորցրել:

ՊԲ հրամանատարի փոփոխությունը կապված է Ջալալ Հարությունյանի ստացած վիրավորմանը։

Ի դեպ, պարզվում է՝ զինվորական վարորդներ միայն ինձ չէ, որ պատահում են: Ասում են՝ գործող սպաների մոտ 30 տոկոսը՝ մայոր, փոխգնդապետ, աշխատանքից հետո տաքսի է վարում, ոմանք նաև «ախրաննիկ» են աշխատում: Ապրել է պետք: Եվ այստեղ հիշում ես Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումը և բարձրագոչ ելույթները:

«Այսօր մեր բանակում կան ազնվագույն գեներալներ, գնդապետներ, որոնք տուն չունեն: Էս ուրիշ գեներալների մասին է: Ցավոք սրտի, մենք անընդհատ խոսում ենք տարբեր պիտակավորումներով գեներալների մասին, բայց մոռանում ենք մեր ազնվագույն բազմաթիվ գեներալների, գնդապետների, սպաների մասին: Էսօր գիտե՞ք, որ մեր երկրում կան գեներալներ, որ 20 տարուց ավելի ծառայում են և բնակարան չունեն, վարձով են ապրում: Մեր բանակում էդպիսի գեներալներ կան: Մենք անընդհատ ասում ենք՝ վայ, էն մեկի դղյակը, էն մեկինը… Ես երբ որ մարդկանց նշանակում եմ, հանդիպում եմ և ապշած եմ, որ մեր բանակում էսօր կան գեներալներ, որոնք չունեն բնակարան, վարձով են ապրում: Իր բնակարանի խնդիրը մեր խնդիրն է: Եվ մենք պիտի ապահովենք, որ ինքը չմտածի՝ վայ, էրեխուս ուսման վարձն ինչ եղավ, բա էս տանտերը գինը բարձրացնում է, տնից հանում է և այլն»,- Աբովյան քաղաքում հայտարարել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը գիտի՞, որ իր սպան աշխատանքային ժամերից հետո ստիպված է լինում տաքսի վարել, գիտի՞, թե բանակի բեռի թեթևացումը, կրճատումները զինվորականության շրջանում գործազրկության ի՞նչ աճի է հանգեցնելու: Գուցե Փաշինյանը կամ նրա շրջապատի հանրային դեմք չհանդիսացող մարդկանցից մեկը փորձի մի անգամ տաքսի պատվիրել, մեկ էլ տեսար՝ զինվորական վարորդ հանդիպի, որի հավատամքը միայն բանակն է, որը չի ունենա քաղաքական կուռքեր: Գուցե արժի՞: Այնպես չի, որ նախկինում զինծառայողը և սպան չուներ սոցիալական, տնտեսական խնդիրներ: Ուներ, բայց չէ՞ որ թավշյա հեղափոխությունը կոչված էր վերացնել նախկինների անարդարությունները, բայց ստացվում է՝ սկսել են համատարած տաքսի վարել նաև ոչ պահեստազորի սպաները, որոնցից նաև հպարտություն են գողացել ու բանակի տոնը, որը գուցե սոխ ու հացով էր նշում…

Տեսանյութեր

Լրահոս