Որքանո՞վ բանակը նպաստեց Սերժ Սարգսյանի հեռանալու որոշմանը. մի զրույցի պատմություն
2018-ին իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռանալուն կամ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը վերցնելուն ամենատարբեր բացատրություններն են տրվել, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահի կողմից՝ ՀՀԿ-ականների իշխանության հանդեպ հասարակության մեծամասնության խորը ատելությունից մինչև արտաքին ուժերի միջամտություն, գերտերությունների, դաշնակիցների, ուժային կենտրոնների աջակցություն հեղափոխությանը և չաջակցություն Սերժ Սարգսյանին:
Բայց զինվորական սովորական կենսագրություն ունեցող մարդիկ, որոնք չեն հասցրել գնդապետական և գեներալական ուսադիրների հասնել, պարզապես պատերազմների միջով են անցել, տեղի ունեցածին այլ բացատրություն էլ ունեն, սովորական մարդկային բացատրություն:
Այս մասին այսօր հասկացա ինձ պատահած տաքսու վարորդի հետ զրույցի արդյունքում: Մեկ պատերազմ չէ, որ տեսել էր. առաջինը, երբ դեռ շատ երիտասարդ էր, և երրորդը, երբ արդեն հասուն տղամարդ էր: Տիպիկ զինվորական էր ինձ հանդիպած պահեստազորի սպա-վարորդը, որովհետև խուսափում էր գնահատական տալ պաշտպանության նախարարների աշխատանքին, թեպետ աշխատել էր մի քանիսի հետ՝ պատճառաբանելով, որ «շարքային» զինվորական է եղել: Բայց երկար լռելուց հետո մի բան ասաց. «Գիտե՞ս, երբ Սերժ Սարգսյանը որոշեց հեռանալ, երբ բողոքի ակցիային միացան խաղաղապահ բրիգադի զինծառայողները, այսինքն, երբ բանակը, այսպես ասած, դուրս եկավ մերժելու, եթե համարենք, որ այս մի քանի հոգին բանակն է… Չգիտեմ՝ կարողացա՞ ասելիքս տեղ հասցնել»:
Պատասխանեցի՝ հասկանում եմ, թե ինչ եք ուզում ասել… ուրացում է գուցե, երբ բանակից իր դեմ են դուրս գալիս…:
Լռություն, էլ ոչ մի բառ, որովհետև զրուցակիցս «օպերատիվնիկ» է: Իսկ ես ամբողջ ճանապարհին զրուցակցիս ասածի վրա մտածեցի, թերևս, ճշմարտության հատիկ կա:
Իսկ միգուցե 2018-ին Սերժ Սարգսյանն ավելի խորությամբ հասկացավ, թե զինվորականությանը, բանակը խառնելով ներքաղաքական իրադարձություններին՝ ինչ ծանր հետևանքներ կարող էր ունենալ աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների «հեղափոխական տեխնոլոգների» այդ քայլը բանակի և պետության համար, և որոշեց ինքը հեռանա…
Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով: Շատերի համար հասկանալի էր՝ այդպիսով ինչ տեխնոլոգիա էին կիրառում «հեղափոխություն» կոչվածի բուն կազմակերպիչները:
Հիշեցնենք, ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարը Վաղինակ Սարգսյանն էր:
Այդ օրերին ՀՀ ՊՆ-ն քննադատել էր խաղաղապահ բրիգադի զինծառայողների այդ քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից:
Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ խոսքը թվով 209 զինծառայողների մասին է, և հորդորել էր հաջորդ նախարարին՝ շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո:
«Դա անթույլատրելի է և պետության համար կործանում է նշանակում, և դա է պատճառը, որ ես հորդորում եմ հաջորդ նախարարին անպայման անպատասխան չթողնել և ծառայողական քննությունը հասցնել ավարտին: Պետք է հասկանալ, թե ի՞նչ ուժերի ազդեցության տակ են, ինչպես, և այլն»,- ասել էր նա:
Բայց ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, ավելին, այդ նույն Վաղինակ Սարգսյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար նշանակվեց 2018թ. հունիսի 11-ին, 2020թ. հոկտեմբերի 26-ին ազատվեց պաշտոնից:
Վերադառնալով մեր զրույցի ընթացքում վարորդ-պահեստազորի սպայի արտահայտած մտքին, գուցե Սերժ Սարգսյանի արտահայտած միտքը՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի», վերաբերում էր նաև բանակին: Գուցե:
Ի դեպ, «Արմյնուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, Սերժ Սարգսյանը շրջանցել էր խաղաղապահ բրիգադի զինծառայողների քայլին վերաբերող հարց-ռեպլիկը:
Անցավ ժամանակ, սկսվեց և ավարտվեց վերջին և ամենադաժան պատերազմը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը (ԳՇ)՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, որոշեց պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ում կողքին կանգնել էին հեղափոխության ժամանակ կամ չեզոք մնացել, և Նիկոլ Փաշինյանը սկսեց պատերազմի պարտության ամբողջ մեղքը գցել բանակի վրա, սկսվեց վարկաբեկման արշավ: Ավելին, ընդդիմությունից, որ սկզբում բանակի կողքին էին, երբ տանկեր չհանվեցին, սկսեցին թիրախավորել գեներալիտետին, իսկ Սերժ Սարգսյանը պատասխանեց և՛ ընդդիմության, և՛ իշխանության մեղադրանքներին: Վերջինի մասով, մասնավորապես, մի առիթով նա ասաց՝ «պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին»:
Ի դեպ, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ևս այն դիրքորոշմանն է եղել, որ ժողովուրդը, ինչպես հարկն է, բանակի կողքին չէր և չէր լինի, եթե գնային կտրուկ գործողությունների:
Մեր պատմության մեջ, ըստ էության, տարբեր ժամանակներում բանակը միշտ էլ կանգնել է երկընտրանքի առաջ՝ ում կողքին կանգնել:
Սրա պատասխանը, թերևս, մի առիթով տվել է Վազգեն Սարգսյանը, երբ անդրադարձել էր 1998-ի փետրվարի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին և դրա պատճառներին:
«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ հեռացներ՝ որպես Պաշտպանության նախարար, ես հեռանալու էի, բայց այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կմնար: Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա: Այստեղ պատասխանատվության խնդիր կա, ոչ թե մեկը մյուսին հեռացնելու: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել: Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ, և Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը եղած մի շարք մարդկանց շուրջ: Ես համարում եմ, որ բանակը ՀՀ կայունության և պաշտպանության հիմքն է: Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն: Առանց բանակի չի կարող զարգանալ տնտեսությունը և հակառակը»:
Այսինքն, բանակը պետք է ընտրի կայունությունը՝ որ դեպքում՝ ներքին, որ դեպքում՝ արտաքին, եթե 2018-ին գործել էին ներքին կայունության պահպանման տրամաբանությունից, պատերազմից հետո պիտի մտածեին նաև արտաքին կայունության մասին, կամ գոնե՝ արտահերթ ընտրությունների ժամանակ: Այլապես ներքին քաղաքական կայունության գերակա ճանաչումը խաթարում է արտաքին և ներքին անվտանգային կայունությունը:
Բայց սա բոլորովին այլ թեմա է: Իսկ իմ զինվորական զրուցակիցը չցանկացավ անդրադառնալ վերջին պատերազմին՝ սահմանափակվելով՝ «շատ դաժան էր»: Չցանկացավ խոսել նաև անկազմակերպ, քաոսային վիճակից, մեղմ ասած, թեպետ մի պահ նեղված բերանից թռցրեց, որ իրեն՝ պահեստազորի կապիտանին, կրտսեր սերժանտի կարգավիճակով են «հրավիրել» պատերազմին մասնակցելու: Իսկ հիմա պատրաստվում է որդուն ուղարկել բանակ…