«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը գտնում է, որ Երվանդ Սերոբյանը շատ ճիշտ է արել, որ գումարներ է շորթել ՇՊՀ բյուջեից». ՇՊՀ դասախոս

Օրեր առաջ 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս Գագիկ Համբարյանը աղաղակող բացահայտումներ կատարեց ՇՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել էին, այդ թվում, նաև ֆինանսական չարաշահումների:

Ըստ նրա՝ ռեկտորի ժ/պ-ն դասաժամեր է վերցրել, որոնք, սակայն, չի պարապել, լսարան չի մտել, սակայն ընդհանուր առմամբ ՇՊՀ բյուջեից չդասավանդած դասաժամերի համար մեծ գումարներ է ստացել:

«Երվանդ Սերոբյանը վերցրել էր 0.5 դրույք, և հետագայում պարզվեց, որ 2018-2019թթ. ուստարում, ստանալով կես դրույք՝ 383 ժամ, պարոն Սերոբյանը 2-րդ կիսամյակում, որը 66 ժամ է կազմել, բացարձակ լսարան չի մտել ու չի պարապել»,- ասաց ՇՊՀ դասախոսը՝ հավելելով, որ այդ ժամերը նրա փոխարեն պարապել են այլ դասախոսներ:

Դասախոսի խոսքով՝ Երվանդ Սերոբյանը կես դրույքի դիմաց ստացել է 90.000 դրամ, բայց եթե վերջինս իր վրա դրված դասախոսական պարտականությունների որոշ ժամը չի կատարում, ստացվում է, որ նա պարապել է իրականում 0.25 դրույք, և հետևաբար՝ ընդհանուր առմամբ նա ոչ թե պետք է ստանար 1 միլիոն դրամ, այլ դրա ուղիղ կեսը՝ 500.000 դրամ:

Գագիկ Համբարյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, անգամ ֆինանսական մեքենայությունը փաստող ձանագրություն է սկսել շրջանառվել, որը, սակայն, չի կցվել քրեական գործին, ինչը հավաստիացրել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Այսինքն՝ մենք այստեղ տեսնում ենք կեղծ դասաբաշխումներ և դրանց միջոցով փողերի լվացում Շիրակի պետհամալսարանում: Հիմա նույն դատախազությունը մերժում է քրեական գործ հարուցել գումարների վատնման ու պաշտոնեական դիրքի չարաշահման հանցակազմերով, և ընդամենը գործ է հարուցվել մատյանների կեղծման առնչությամբ»,- ասել էր ՇՊՀ դասախոսը՝ նշելով, որ իրենք դատախազության որոշումը բողոքարկել են, հիմա այն Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է, ուր գործով դատախազը չի ներկայանում նիստերին:

Երեկ 168.am-տեղեկացավ, որ վերաքննիչը մերժել է քրեական գործ հարուցելու վերաբերյալ բողոքը:

«Սա ըստ էության նշանակում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, գտնում է, որ Երվանդ Սերոբյանը շատ ճիշտ է արել, որ գումարներ է շորթել ՇՊՀ բյուջեից, որ կեղծել է պրակտիկայի օրագրերը: Գործող իշխանությունները, ամեն կերպ պաշտպանելով Երվանդ Սերոբյանին, փորձում են նրան ռեկտոր կարգել: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ Երվանդ Սերոբյանի հետևում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է կանգնած»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Տեսանյութեր

Լրահոս