«Կեղծ դասաբաշխումներ և դրանց միջոցով փողերի լվացում Շիրակի պետական համալսարանում». Գագիկ Համբարյան
«Իհարկե, ռեկտորի ժ/պ-ն՝ որպես դասախոս, իրավունք ուներ ունենալ դասաժամեր, և ինչպես բոլոր ռեկտորները, ինքն էլ դասաժամեր է վերցրել, բայց ի տարբերություն մյուս ռեկտորների, որոնք հիմնականում բավարարվում էին 0.25 դրույքով, Երվանդ Սերոբյանը վերցրել էր 0.5 դրույք, և հետագայում պարզվեց, որ 2018-2019թթ. ուստարում, ստանալով կես դրույք՝ 383 ժամ, պարոն Սերոբյանը 2-րդ կիսամյակում, որը 66 ժամ է կազմել, բացարձակ լսարան չի մտել ու չի պարապել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՇՊՀ-ում տեղի ունեցող հակաիրավական գործընթացներին ու դրանց իրավական արձագանքներին:
Ըստ դասախոսի՝ ինքն այդ ժամերը խնդրել է պարապել Վարդան Մանուկյանին, ով ասել է, որ պարապել է այդ դասաժամերի ընդամենը 20 տոկոսը:
«Ես նաև խոսել եմ ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Բագրատ Պողոսյանի հետ, և ինքն էլ է փաստել, որ Երվանդ Սերոբյանն առհասարակ լսարան չի մտել, ու նրան փոխարինել է Վարդան Մանուկյանը, սակայն առանց գրավոր հիմքերի ու որևէ փաստաթղթի: Եվ խայտառակությունն այն է, որ նշված երեք անձանց փաստաբանը դատարանում պատճառաբանել է, թե Երվանդ Սերոբյանը զբաղված է եղել ու դրա համար չի պարապել»,- ասաց Գագիկ Համբարյանը՝ տարակուսելով՝ ի՞նչ է, Երվանդ Սերոբյանը նո՞ր իմացավ, որ ռեկտորը ծանրաբեռնված է, ուրեմն ինչո՞ւ ժամանակին չի հրաժարվել իր դասաժամերից ու բաշխել դրանք:
Դասախոսի խոսքով՝ Երվանդ Սերոբյանը կես դրույքի դիմաց ստացել է 90.000 դրամ, բայց եթե վերջինս իր վրա դրված դասախոսական պարտականությունների որոշ ժամը չի կատարում, ստացվում է, որ նա պարապել է իրականում 0.25 դրույք, և հետևաբար՝ ընդհանուր առմամբ նա ոչ թե պետք է ստանար 1 միլիոն դրամ, այլ դրա ուղիղ կեսը՝ 500.000 դրամ:
«Ռեկտորի ժ/պ-ն ասում է, որ Վարդան Մանուկյանին վարձատրել է 131.000 դրամ, ու հիմա հարց է առաջանում՝ բա մնացած 369.000-ն ո՞ւմ գրպանն է գնացել»,- ասաց դասախոսը:
Ըստ նրա՝ իրավապահներին այս ֆինանսական մեքենայությունների հիմքով հաղորդում հանցագործության մասին տրվել է 2019թ., բայց մինչ այսօր գործը դոփում է տեղում. Ռեկտորի ժ/պ-ին ամեն կերպ ցանկանում են մաքրել:
Անդրադառնալով մամուլում տեղ գտած ձայնագրությանը, որտեղ ֆակուլտետի դեկանն ըստ էության ընդունում է, որ ռեկտորի ժ/պ-ն լսարան չի մտել, ու Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի պնդմանը, թե նշված ձայնագրությունը կցվել է գործին, ու դրա առնչությամբ կատարվում են ուսումնասիրություններ, Գագիկ Համբարյանն ասաց՝ նախկին դատախազը ստում է. ձայնագրությունները գործում չկան:
«Պարզվեց՝ ոչ Շիրակի մարզային քննչական կոմիտեի, ոչ մարզային դատախազության գրություններում, որոնցով մերժվել էր մեր բողոքը, որևէ կետ չկա նշված ձայնագրությունների մասին»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Վերջինս նաև հավելեց, որ նույն դատախազության աշխատակից Արտյոմ Օվսյանը, ով զբաղեցնում էր Շիրակի մարզի դատախազի պաշտոնը, գրել է, որ հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով չեն կարողացել պարզել, որ Երվանդ Սերոբյանը բյուջեից գումարներ է գրպանել, մինչդեռ ինքը պարզ մաթեմատիկական հաշվարկով մի քանի րոպեում դա արել է:
«Այսինքն՝ մենք այստեղ տեսնում ենք կեղծ դասաբաշխումներ և դրանց միջոցով փողերի լվացում Շիրակի պետհամալսարանում: Հիմա նույն դատախազությունը մերժում է քրեական գործ հարուցել գումարների վատնման ու պաշտոնեական դիրքի չարաշահման հանցակազմերով, և ընդամենը գործ է հարուցվել մատյանների կեղծման առնչությամբ»,- ասաց ՇՊՀ դասախոսը՝ նշելով, որ իրենք դատախազության որոշումը բողոքարկել են, հիմա այն Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է, ուր գործով դատախազը չի ներկայանում նիստերին:
Ըստ Գագիկ Համբարյանի՝ մասնավորապես դատական նիստից առաջ դատախազ Դավիթ Մարտիրոսյանն ընկերների հետ շրջում է, սակայն նիստի ընթացքում դատավորը հայտարարում է, որ դատախազը գրություն է ուղարկել, որ զբաղված է, հետևաբար՝ չի կարող ներկայանալ դատական նիստին:
«Որևէ անգամ դատախազը նիստի չի ներկայացել, մինչդեռ մենք նրան բազմաթիվ հարցեր ունենք տալու»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված իրավապահ մարմինների՝ Երվանդ Սերոբյանի նկատմամբ այս լոյալ վերաբերմունքը, Գագիկ Համբարյանը պատասխանեց՝ կարծում է՝ դա պայմանավորված է Երվանդ Սերոբյանի ու նրա շրջապատի, բարեկամների կապով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Մեկ Հայաստան, մեկ հայրապետ» հակաեկեղեցական շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանին, ով Երվանդ Սերոբյանի քրոջ որդին է:
«Այն, որ Երվանդ Սերոբյանը դպրոցի ուսուցիչ լինելով, 5 տարվա ստաժ չունենալով, ՇՊՀ-ում 2018թ. մայիսին նույն նախկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից նշանակվեց ռեկտորի ժ/պ, ամբողջ Գյումրին պայմանավորում էր նրա քրոջ որդու սերտ կապերով այդ անձի հետ»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Դասախոոսը նկատեց՝ իրենց նպատակն ապօրինություններին ու հովանավորչությանը վերջ տալն է, ու իրենք հետևողական են լինելու այս գործը բացահայտելու և մեղավորներին պատժելու հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում