Բաժիններ՝

Հայտնի թավջութակահար Դանիել Մյուլլեր-Շոթը առաջին անգամ հանդես կգա հայկական բեմում

Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհում ամենապահանջված թավջութակահարներից Դանիել Մյուլլեր-Շոթը, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայացնի թավջութակի երկացանկի ամենասիրված ու գեղեցիկ գործերից՝ Դվորժակի Թավջութակի կոնցերտը, թիվ 8 Սիմֆոնիան: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Համերգը տեղի կունենա հունվարի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Գերմանացի թավջութակահարը ծնվել է Մյունխենում, կրթություն ստացել Վալտեր Նոթասի, ավստրիացի թավջութակահար Հենրիխ Շիֆի և բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի մոտ: Տասնհինգ տարեկանում Չայկովսկու անվան երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը (1992 թ.): Շոթն աշխատել է այնպիսի աշխարհահռչակ դիրիժորների հետ, ինչպիսիք են Վլադիմիր Աշկենազին, Շառլ Դյութուան, Քրիստոֆ Էշենբախը, Կուրտ Մազուրը, Սակարի Օրամոն և Անդրե Պրևինը: Նա Աննե-Սոֆի Մուտտերի և Անդրե Պրևինի հետ ձայնագրել ու թողարկել է Մոցարտի Դաշնամուրային տրիոները (1992 թ.):

Անժելա Հյուիթիի հետ ձայնագրել է Բեթհովենի ամբողջական ստեղծագործությունները` թավջութակի և դաշնամուրի համար։

Հեղինակավոր The New York Times-ը Մյուլլեր Շոթին որակել է որպես անվախ թավջութակահար՝ փայլուն տեխնիկայով, իսկ համերգներից մեկը նկարագրել է՝ գրելով, որ մագնիսական ձգողականությամբ գերմանացի թավջութակահարը ադրենալինի մեծ չափաբաժին է ներարկել:

Հունվարի 22-ից ուժի մեջ է մտնում ՀՀ առողջապահության նախարարի՝ հանրային վայրեր այցելության սահմանափակումների վերաբերյալ որոշումը: Համերգին կարելի է ներկա լինել միայն պատվաստման սերտիֆիկատի (QR կոդ) կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թեսթի առկայության դեպքում: Այս պահանջները չեն վերաբերում միայն մինչև 18 տարեկան անձանց, հղիներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին (պետք է ներկայացնել համապատասխան հաստատող փաստաթղթերը):

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրային կապերի գլխավոր մասնագետ Աստղիկ Դալլաքյանը նշում է. «Ցավում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարության COVID-19-ի կանխարգելիչ սահմանափակումները ուժի մեջ մտան հենց հունվարի 22-ին։ Նախօրոք ծրագրած Ֆիլհարմոնիկի այդ օրվա համերգի տոմսերի վաճառքի վրա արդեն բացասական ազդեցությունը զգում ենք։ Որոշ անհատներ վերադարձնում են գնված տոմսերը, համերգին ներկա գտնվել ցանկացողները, իմանալով սահմանափակումների մասին, մտափոխվում են։ Մարդիկ դեռևս չեն հասցրել հարմարվել համերգասրահ այցելելու նոր պայմաններին։ Ինչ խոսք, համավարակը բավականին մեծ խոչընդոտներ՝ է առաջացրել նվագախմբի հյուրախաղային գործունեությանը, և այդ գործընթացը դեռ շարունակվում է։ Հուսով ենք՝ առաջիկայում ամեն բան կկարգավորվի, և կկարողանանք դիմագրավել մեր ժամանակների անսովոր ու դժվար մարտահրավերները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս