«Հայրենիք կորցնել և սեղանով ուրախանալ, ցավոք, մեզ մոտ ստացվում է․ մաղթում եմ, որ սեղանը պակասի, հայրենիքը՝ մեծանա». Շիրակի թեմի առաջնորդ
Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Ամանորը կդիմավորի եկեղեցում։ Ասում է՝ միայն նախորդ տարի եկեղեցի չի գնացել, քանի որ վարակված էր կորոնավիրուսով, իսկ այս տարի, փառք Աստծո՝ առողջ է և կշարունակի լավագույն ավանդույթը։
«Ես հաճախ եմ մտածում, եթե ամփոփելու լինեմ 2021 թվականը, ապա ինչ ձեռքբերումներ կառանձնացնեմ, բայց ձեռքբերումներ չկան, հետևաբար՝ կարո՞ղ եմ ասել՝ լավ տարի էր, իհարկե ոչ։ Ցավալի է, բայց մենք շարունակում ենք խորանալ փոսի մեջ, այլ բան ես չեմ տեսնում ու չգիտեմ էլ՝ ինչ կարող եմ ասել։ Եթե այս տրամաբանությամբ ամեն ինչ շարունակվի, ապա 2022 թվականից որևէ լավ ակնկալիք չունեմ։ Տա Աստված, որ այսպես չշարունակվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդը՝ ամփոփելով 2021 թվականը և անդրադառնալով 2022 թվականից ունեցած ակնկալիքներին։
Շնորհավորելով հայ ժողովրդի, արցախահայության Ամանորը, սրբազանը մաղթեց, որ բոլորը լցվեն իմաստնությամբ և հայրենասիրությամբ։
«Ես բոլորին մաղթում եմ նաև աստվածասիրություն։ Գյումրիում էլ, ինչպես բոլորը, պատրաստվել են Ամանորին։ Դե, ժողովրդի ստվար զանգված դատարկ բաներով ուրախանալ սովոր է․ հայրենիք կորցնել և սեղանով ուրախանալ, ցավոք, մեզ մոտ ստացվում է՝ ի՞նչ անենք։ Մաղթում եմ, որ սեղանը պակասի, հայրենիքը՝ մեծանա։ Առայժմ այսքանը կարող եմ ասել»,- նշեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։