«Պետք է ոտքի կանգնենք, Արցախը բոլորի համար պետք է լինի գերագույն արժեքներից մեկը». Դավիթ Բաբայան

Դեկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությանն է փոխանցվել ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա բնակիչ Սեյրան Սարգսյանի դին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ, այնուհետև սպանել նրան:

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով ադրբեջանական կողմից իրականացվող  ագրեսիային, նշեց՝ փաստորեն սպանություն է տեղի ունեցել ազգային խտրականության, նացիզմի հողի վրա, և սա հայատյացության վառ դրսևորում է։

«Նրանք տեսել են, որ այդ մարդը պարզապես արածեցնում է իր կովերին։ Նա զինվորական չէր, տարիքով մարդ էր, նրանք նացիզմի հողի վրա կատարել են այդ սպանությունը։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք, այս պրովոկացիաները շարունակվելու են, և նրանք այս ձևով փորձում են վհատություն սերմանել արցախցիների մեջ։ Փորձելու են նման ահաբեկչական գործողություններով նախևառաջ խուճապ, վախ տարածել Արցախի բնակչության ներսում, որպեսզի մարդիկ Արցախից դուրս գան, իրենց ապագան չկապեն Արցախի հետ, կամ այն մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Արցախ՝ չգան, ներդրումներին խանգարեն։ Այս ամենից զատ, սա հարված է նաև հայ-ռուսական եղբայրական հարաբերություններին, ռուսական խաղաղապահ առաքելության իրականացմանը։ Այսինքն՝ նման քայլեր իրենցից սպասելի է, այնպես չէ, որ սա անակնկալ է, սա մի գործողություն է, որին նրանք պարբերաբար դիմելու են։ Եվ մենք պետք է աչալուրջ լինենք, հասկանանք, թե ում հետ գործ ունենք»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Այս ամենը գոնե դիվանագիտական հարթության վրա ի՞նչ հետևանքներ պետք է ունենա, Դավիթ Բաբայանն ասաց, որ եղած բոլոր խնդիրները, իհարկե, բարձրաձայնում են, սակայն պետք է միջազգային հարաբերությունների վերաբերյալ ունենալ իրական պատկերացում՝ թշնամիների ու հակառակորդների աշխատանքի վերաբերյալ ևս։

«Պետք է հասկանանք, որ նրանք էլ են քաղաքականություն վարում, կաշառում են տարբեր կառույցների ու քաղաքական շրջանակների, ճիշտը պետք է ասենք, որպեսզի քողարկեն իրենց թշնամանքը, որպեսզի միջազգային տարբեր կառույցներ աչք փակեն տեղի ունեցածի վրա։ Ինչո՞ւ են աչք փակում, որովհետև կա լուրջ արժեհամակարգի ճգնաժամ, աշխարհում ու տարբեր կազմակերպություններում։ Երբ նրանք Սաֆարովին տարան՝ կաշառելով Հունգարիային ու մի շարք ատյանների, որևէ մեկը բան չխոսեց, հակառակը՝ առաջին եվրոպական օլիմպիական խաղերն անցկացվեցին Բաքվում։ Սա է իրավիճակը, որին համարժեք մենք պետք է ճիշտ ու թիրախային աշխատենք, ավելի ուժեղացնենք մեր հարաբերություններն այն երկրների ու կառույցների հետ, որոնց հետ դա հնարավոր է և որոնց հետ ունենք ընդհանուր շահեր ու տեսլական։ Այս ամենը լուրջ աշխատանք է պահանջում, և մենք լրջորեն պետք է վերադասավորենք մեր ուժերը, վերանայենք մեր մոտեցումները որոշ հատվածներում»,- հավելեց Դ. Բաբայանը։

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, Դավիթ Բաբայանը նկատեց՝ գուցե լրատվականների էջերում, ներքաղաքական հարթակներում այդքան էլ Արցախի հարցը չի քննարկվում ցանկալի մակարդակում, բայց Արցախի խնդիրն այնքան կարևոր աշխարհաքաղաքական խնդիր է, որ չի կարող պարզապես դուրս մղվել օրակարգից։

«Արցախի խնդիրը կա և երկար ժամանակ դեռ կմնա՝ որպես աշխարհաքաղաքական առանցքային թեմաներից մեկը, առավել ևս, որ այդ խնդիրը հայոց պետականության հիմնասյուններից մեկն է։ Անկախ նրանից, թե ինչ մակարդակով են քննարկում կամ դիսկուրսի մեջ մտնում, դա չի նշանակում, որ հարցը կարևոր չէ։ Իհարկե, շատ կարևոր է, որ Արցախը լինի՝ որպես սրբություն, եթե սրբություն չլինի, ապա այլ իրավիճակ է ստեղծվելու, այդ պատճառով պետք է ոտքի կանգնենք, և Արցախը բոլորի համար պետք է լինի գերագույն արժեքներից մեկը։ Մեկ է՝ անկախ ամեն ինչից, Արցախն ու արցախցիները կանգնելու են, և մենք մեզ որևէ ձևով Ադրբեջանի կազմում չենք տեսնում, թող սա բոլորի համար պարզ լինի, անկախ ամեն ինչից»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս