Թուրքիային և Ադրբեջանին հաջողվել է փակել Իրանի «բերանը». «միջանցքի» բացման հարցում ուժի կիրառումը չի բացառվում. Արմեն Պետրոսյան

Նոյեմբերի 28-ին Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի ընթացքում Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը՝ Կասպից ծովի երեք երկրները, կնքեցին գազի տարանցման եռակողմ խոշոր համաձայնագիր։ Աշխաբադում ստորագրված համաձայնագրի համաձայն՝ ամեն տարի Թուրքմենստանից Ադրբեջան Իրանի տարածքով 1,5-2 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվելու։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում արևելագետ Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով այս համաձայնագրին, նշեց՝ այն բխում է թուրքական օրակարգից, որի հեռահար նպատակն է Եվրոպայի աջակցությամբ Հարավային Կովկասից դուրս մղել Ռուսաստանը։

«Սա միանշանակ ուղղված է Ռուսաստանի դեմ։ Մեր տարածաշրջանում երեք առանցքային դերակատարներ անընդհատ մրցակցության մեջ են, և սա հենց այդ տրամաբանության մեջ է, և այս քայլով փորձ է արվում նաև Իրանի հնարավորությունները օգտագործելով՝ թուլացնել Ռուսաստանին։ Սա շատ գրագետ գծված պրոյեկտ է։ Թուրքմենստանից Ադրբեջան Իրանի տարածքով գազի մատակարարման առաջարկը եղել է թուրքական կողմից։ Մի կողմ թողնելով այս ծրագրի տնտեսական բաղադրիչը՝ ես շեշտը կդնեի քաղաքականի վրա։

Ստացվում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձ են անում տարբեր տնտեսական ծրագրերով փակել Իրանի բերանը, ուստի մենք երբեք չպետք է հույսներս դնենք կամ մեր քաղաքականութունը պլանավորենք, որ որևէ պահի Իրանը մեզ համար ինչ-որ բան կանի, որովհետև այդ երկրի գործողությունները բխելու են իր սեփական շահից։ Եթե Իրանը ՀՀ տարածքի վերաբերյալ կարծիք է արտահայտում, նշանակում է՝ դա բխում է հենց Իրանի շահից։

Իրանը կրոնապետություն է, և, չեմ պատկերացնում, որ Իրանում շիական զինված ուժերի ներկայացուցիչը կարող է կանգնել ու մարտնչել շիական ադրբեջանցու դեմ՝ հանուն քրիստոնյայի։ Դա իրանական գաղափարախոսության դեմ լուրջ քայլ է, ուստի մեր ամբողջ խնդիրը պետք է լինի Իրանի հետ շահերի համադրումը, և հենց այս հարցում մեզ մոտ չպետք է հուսախաբություն առաջացնի Իրանի վարած քաղաքականությունը, մասնավորապես, Աշխաբադում ստորագրված համաձայնագրի համատեքստում»,- ասաց Արմեն Պետրոսյանը՝ շեշտելով՝ որքան էլ Իրանն ու Ադրբեջանը գնան տնտեսական համագործակցության՝ միևնույն է՝ Իրանի և Ադրբեջանի միջև առկա են պատմականորեն ձևավորված խորքային խնդիրներ, որոնք նման տնտեսական համագործակցություններով չեն լուծվում և ցանկացած պահի կարող են գլուխ բարձրացնել։

«Ադրբեջանական կողմից շատ քաջ գիտակցում են՝ Իրանն ունի տնտեսական խնդիրներ, դրա համար Ադրբեջանի փոխվարչապետն օրերս Իրանում էր՝ հստակ տնտեսական ծրագրերով, որոնք առնչվում են էներգակիրներին ու քարոզչական դաշտին։ Դրանից առաջ էլ Չավուշօղլուն էր այցելել Թեհրան, իսկ այժմ սպասվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Իրան. Այսինքն՝ արդեն իսկ տեսանելի է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հստակ տնտեսական ծրագրերով այս վճռական պահին զսպում են Իրանի քաղաքական ակտիվությունը, որն այս պահին շատ կարևոր է, որովհետև Իրանն ուղիղ գծով Ադրբեջանի հայտարարած «Զանգեզուրի միջանցքը» համարել է իր համար կարմիր գիծ ու պաշտպանել է այս դեպքում հայկական շահը՝ պաշտպանելով նաև իրենը, սակայն, հաշվի առնելով Աշխաբադում տնտեսական համագործակցության վերաբերյալ ստորագրված համաձայնագրերից մեկը, որով կողմերը նշել են «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը նաև Իրանի համար, պետք է շեշտել, որ սա նշանակում է, որ Իրանը՝ նախագահի կամ փոխնախագահի մակարդակով, համաձայնություն է տվել այդ ծրագրին։ Եթե հարցին պատասխանենք ուղիղ, ապա պետք է արձանագրենք՝ Ադրբեջանին ու Թուրքիային հաջողվել է փակել Իրանի «բերանը»»,- ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով Սյունիքի շուրջ զարգացումներին՝ արևելագետն ուշադրություն հրավիրեց օրերս Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ստորագրված մեկ այլ համաձայնագրի, որով կողմերը ստորագրել են 10 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթ՝ նաև ռազմարդյունաբերության ոլորտում։

«Արաբական պետությունները մինչև հիմա կազմել են հակաթուրքական առանցք՝ համագործակցել են Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի հետ, հիմա տեսնում ենք արաբական պետությունների և Թուրքիայի միջև հարաբերությունների ջերմացում, իսկ սա նշանակում է, որ Արցախի պատերազմի ավարտից հետո Թուրքիան հարաբերությունների մեղմացման է գնում այն երկրների հետ, որոնց հետ ունի խնդիրներ, իսկ սա նշանակում է, որ այս լարվածության թուլացումը բերելու է լուրջ համագործակցության, իսկ եթե հաշվի ենք առնում, որ Թուրքիան ունի իր ներսում տնտեսական խնդիրներ, այդ դեպքում էլ տեսնում ենք, որ իր տարածաշրջանային հակառակորդի կողմից օգնության ձեռք են մեկնում և աջակցություն առաջարկում Թուրքիային. փոխանակ արաբական երկրները մեծացնեն ճնշումը և դրանով կարողանան Թուրքիայում հասնել քաղաքական փոփոխությունների, գնում են համագործակցության։ Մեզ համար մի բան է խնդիրներ ունեցող Թուրքիան, մեկ այլ բան՝ հակառակորդների հետ հարցերը կարգավորած Թուրքիան։ Մյուս կողմից պետք է ասել, որ ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիան կարող է ռազմական գործողությունների գնալ Սիրիայում, Հարավային Կովկասում՝ Էրդողանի վարչակարգը պահպանելու համար, ուստի չի բացառվում, որ Թուրքիան դրդի Ադրբեջանին ուժով «միջանցքը» վերցնելու՝ էրդողանի իշխանությունը պահպանելու համար»,- խոսքը եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս