«Եռաբլուրը մեր տունն է դարձել, առանց Գևորգ կյանք չկա, կյանքը կանգ է առել մեզ համար․․․»․ զոհված զինծառայողի տատիկ

«Պատերազմն ինձնից խլեց իմ ամենաթանկը, ում հետ կապված էին իմ նպատակներն ու երազանքները»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 168.am-ի հետ զրույցում ասաց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Գևորգ Խաչատրյանի մայրը՝ Լիլիթ Եգլարյանը։

Գևորգը տեսակով կենսախինդ, պայծառ, բարի և ընկերասեր տղա էր։ Ծառայության էր մեկնել 2020 թվականի ամռանը, սկզբում ծառայության էր անցել Մարտունի 2-ում, այնուհետև տեղափոխվել էր Իվանյանի զորամաս։

Նա ընդամենը 2.5 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։

Զոհված զինվորի մայրը պատմեց՝ հետո են իմացել, որ Գևորգը հոկտեմբերի 2-ից առաջնագծում է եղել․

«Եղել է Վարանդայում, Ջրականում, Հադրությում, զոհվել է «Девятый» կիլոմետր կոչվող հատվածում։ Մի քանի օր առաջ ստացանք Գևորգի մարտական ուղին, այնտեղ ամեն ինչ մանրամասն նկարագրված է, իրենց հաշվարկով՝ թշնամու զրահատեխնիկաներ և կենդանի ուժ է վերացվել․․․ Մենք կռվի օրերին չենք իմացել, որ ինքն առաջնագծում է, միշտ ուրախ է եղել, չեմ էլ պատկերացրել, որ իրեն կարող է տանեն առաջնագիծ, որովհետև ասում էին, որ նորակոչիկներին առաջնագիծ չեն տանելու․․․»։

Տիկին Լիլիթն ասաց՝ կռվի ժամանակ ամեն օր կապի մեջ է եղել որդու հետ, ցավով հիշեց, որ Գևորգի հետ վերջին հեռախոսազրույցը եղել է հոկտեմբերի 9-ին․

«Հոկտեմբերի 9-ի գիշերը լույս 10-ի առավոտյան 4։30 զոհվել է․․․ Մենք ճշգրիտ տվյալներ ունենք, որովհետև Գևորգիս կողքին եղել է իր զուգահեռ դասարանի տղաներից մեկը, հենց իրենից էլ ընկերներն իմացել են, որ Գևորգը զոհվել է։ Մենք շատ շուտ ենք գտել Գևորգին․ հոկտեմբերի 14-ին գտել ենք, 16-ին՝ հուղարկավորել․․․

Գևորգը ֆիզիկապես ինձ հետ չէ, բայց ամեն օր ինձ հետ է, իմ սրտում, իմ մտքում, չեմ էլ կարող առանց իրեն պատկերացնել իմ կյանքը, բայց ո՞նց ենք ապրում, մենք չենք էլ հասկանում, սա գոյատևել է, բնազդաբար ապրում ենք․․․ Գևորգի մասին հիշողություններն են ինձ ապրեցնում, հետո Գևորգը փոքր եղբայր ունի, հանուն իրեն պետք է ապրենք և ապրեցնենք Գևորգին, որ մեր բոլոր հերոս տղաներին ճանաչեն, որ իրենց երիտասարդ կյանքը զոհեցին հանուն մեզ՝ կյանքը կյանքի դիմաց․․․»։

Զոհված զինվորի մայրն ասաց, որ Գևորգը շատ նպատակներ ու երազանքներ ուներ, սակայն ոչ բոլորի մասին է ինքն իմացել։

«Ընկերներն ասում են՝ երազում էր աղջիկ ունենար և անվանակոչեր Լիաննա։ Ես այս մասին իր զոհվելուց հետո իմացա ու վիշտս կրկնապատկվեց․․․»։

Գևորգի շիրիմին, բացի ծնողներից, գրեթե ամեն օր այցելում են նաև նրա տատիկն ու պապիկը․

«Չափից դուրս շատ ենք սիրել Գևորգին, ինքը մի ուրիշ երեխա էր․․․ Գնաց բանակ, ու պատերազմն այս արհավիրքը բերեց․․․ Համարյա ամեն օր այստեղ ենք լինում, Եռաբլուրը մեր տունն է դարձել, առանց Գևորգի մենք կյանք չունենք, առանց Գևորգ կյանք չկա, շատ դժվար է, կյանքը կանգ է առել մեզ համար․․․ Ինքը միշտ մեզ հետ է, ես որ քայլում եմ, գիտեմ՝ իմ կողքին է, որ խոսում եմ իր հետ, զգում եմ, որ պատասխանում է, իր ներկայությունը ես զգում եմ․․․»,- մեզ հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի տատիկը՝ Զեփյուռ Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս